
Բաքուն մերժում է խաղաղության պայմանագրի համար երաշխավորներ ամրագրելու պահանջը, զորքերի հայելային հետքաշման՝ Երևանի առաջարկը, պնդում, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» բացումը, ավելին՝ դրա համար իր պայմաններն առաջ քաշում։ Այս թեմաների մասին Ալիևը խոսել է ադրբեջանական հեռուստաընկերություններին տված հարցազրույցում և դարձյալ սպառնալից հայտարարություններ հնչեցրել։ Ադրբեջանի նախագահին ոչ թե փաստաթուղթ, այլ գործընթաց է պետք՝ նշում են հայ փորձագետները ու արձանագրում՝ գործընթացի նկատմամբ Երևանի ու Բաքվի մոտեցումները խիստ իրարամերժ են։
Պետք է պատրաստվենք «Դուբլ 3»–ին՝ անդրադառնալով Ալիևի վերջին հայտարարություններին՝ «Ռադիոլուրի» հետ զրույցում ասում է քաղաքագետ Գուրգեն Սիմոնյանը։
«Բոլոր դաշտերում հարձակում է սկսել, այն հատվածները, որ կկարողանա առանց կրակոցի վերցնել՝ կվերցնի, այն հատվածները, որ չի կարողանա՝ կկրակի։ Մենք առնվազն հիմար պետք է լինենք, որ նրանց ախորժակը բավարարող քաղաքականություն վարենք։ Ոչ մի անկլավների հարց պետք չէ բարձրացնել, նախ թող չքվեն մեր տարածքներից՝ Ջերմուկի մատույցներից, Սև լճերի հատվածներից, Սոթքի հատվածներից, հետո կխոսենք դելիմիտացիայի ու դեմարկացիայի մասին։ Բայց ես կարծում եմ «դուբլ 3»–ին պետք է պատրաստվենք, եթե չպատրաստվենք մեր վայը եկել է։ Այլ տարբերակ չկա․ եթե մենք պատրանքային խաղաղության օրակարգով ապրեցինք տանուլ կտանք գոյութենական պատերազմում։ «Դուբլ 3»–ը երրորդ հարվածն է, որն արդեն բուն Հայաստանի Հանրապետության ֆիզիկա-աշխարհագրական տարածքների վրա կծավալվի»։
Ադրբեջանի ղեկավարը տեղի ԶԼՄ-ներին նախ հայտնել է, որ երկու երկրների սահմանազատման հանձնաժողովների հաջորդ հանդիպումը նախատեսված է այս ամսին և օրակարգում մեկ հարց է՝ Ղազախ-Թովուզ հատվածի սահմանազատումը։ Շեշտել է, թե իր ձևակերպմամբ «օկուպացված» 8 գյուղերի հարցը Հայաստանի հետ բանակցությունների ամենօրյա օրակարգում է։
Ադրբեջանի նախագահը հրապարակայնորեն պնդել է՝ «իրենց զբաղեցրած դիրքերից ոչ մի քայլ հետ չեն գնա»։ Նշել է, որ Բաքուն խաղաղության պայմանագրի համար երաշխավորներ ամրագրելու անհրաժեշտություն չի տեսնում։ Չի մոռացել քննադատել Ֆրանսիային՝ Կովկասում լարվածություն հրահրելու, Հայաստանին զինելու և հերթական պատերազմի պատրաստելու համար։
Ադրբեջանագետ Տաթև Հայրապետյանի կարծիքով՝ Ալիևին ոչ թե թուղթ, այլ գործընթաց է պետք․ «Ակնհայտ է, որ Արևմուտքին Ադրբեջանը դուրս է մղում գործընթացից Արցախում էթնիկ զտում իրականացնելուց հետո, իսկ հայկական կողմը երկկողմ ձևաչափի գնալով փաստացի օգնում է Ադրբեջանին այս գործընթացում։ Ակնհայտ է, որ ադրբեջանական հանրությունը երբեք չի պատրաստվել ու չի պատրաստվելու խաղաղության հայ ժողովրդի հետ, ամբողջ ելույթում թշնամանք ու ատելություն էր քարոզվում»։
Քաղաքագետ Գուրգեն Սիմոնյանը նման պայմաններում հրատապ է համարում դաշինքներ ստեղծելու հարցը։ Մերկապարանոց է խոսել ինքնուրույն պաշտպանության մասին, արագ դաշինքներ պետք է ձևավորվեն՝ հուշում է փորձագետը, նկատելով՝ հապաղելը կորստաբեր կարող է լինել։
«Դաշինքներ պետք է ձևավորվեն։ Կարծում եմ, որ մի քանի աստիճանակարգի դաշինքների մեջ պետք է մտնենք, որոնք ընդհանուր ռազմավարական առումով նույն տրամաբանության մեջ են աշխատում։ Իբրև Մերձավորարևելյան տիրույթի նոր անվտանգային ճարտարապետության մաս ՀՀ կարծում եմ, որ պետք է աշխատի Հայաստան-Վրաստան-Հունաստան նոր ռազմավարական դաշինք ձևավորելու շուրջ։ Իբրև մայրցամաքային հավասարակշռիչ ՀՀ–ի լրումն դրան և զուգահեռ պետք է զարգացնի՝ Ֆինլանդիա-Մերձբալթյան երկրներ, Ուկրաինա-Վրաստան և Հայաստան ռազմաքաղաքական դաշինք, և գլոբալ իրողությունների համատեքստում կարծում եմ, որ ՀՀ–ն պետք է ինտեգրացիոն գործընթաց մեկնարկի Հյուսիսատլանտյան համակարգի մասը դառնալու, այլ տարբերակ՝ չկա»։
Փորձագետները չեն անտեսում նաև Ադրբեջանում սպասվող արտահերթ նախագահական ընտրությունների հանգամանքը։ Այս համատեքստում Ալիևի հայտարարությունները կարող են նախընտրական որակվել, սակայն ակնհայտ է, որ ամեն հաջորդ փորձով Բաքուն ավելի հանդուգն ու սպառնալից է դառնում։




