ԿարևորՀասարակությունՌեպորտաժներ

Զեղչվող տուգանքներ․ կառավարությունը օրենսդրական փոփոխությունների է գնում ի շահ վարորդների

Կառավարությունը հավանություն է տվել «Վարչական իրավախախտումների մասին» օրենսգրքում փոփոխությունների և հարակից օրենքների նախագծերի փաթեթին՝ այն համարելով անհետաձգելի: Ըստ այդմ՝ ճանապարհային երթևեկության խախտման համար սահմանված տուգանքը 15 օրում վճարելու դեպքում գումարի մի մասը կներվի։ Առավելություն կունենան նաև տուգանքի ծանուցումները էլեկտրոնային տարբերակով ստանալու համար գրանցվելու դեպքում։ Բացի այդ, նոր կարգավորումները շահավետ են նաև ժամկետանց տուգանք ունեցողների համար, եթե նրանք այն վճարեն 3 ամսում։ Հին տուգանքը զրոյացնելու համար քաղաքացին կվճարի տուգանքի կեսը և կատարողական ծախսը։

Եթե քաղաքացին 15 օրվա ընթացքում վճարի ճանապարհային երթևեկության խախտման համար սահմանված տուգանքի առնվազն 70 տոկոսը, մնացած մասը կհամարվի վճարված։ Կառավարության որոշմամբ՝ քաղաքացիները կկարողանան օգտվել նաև թվայնացման առավելություններից։ Մասնավորապես, տուգանքի ծանուցումները էլեկտրոնային տարբերակով ստանալու համար գրանցվելու դեպքում քաղաքացու տուգանքը սահմանված գումարի չափից 20%–ով պակաս կլինի։ Նախագիծը կառավարությանը ներկայացրեց  ՀՀ ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանը։

«Անցումային դրույթներով նախատեսված է, որ այս պահին արդեն իսկ առկա խախտումներով կայացված, դեռևս չկատարված, ինչպես նա հարկադիր կատարման փուլում գտնվող վարչական ակտերի պարագայում 50 տոկոսը վճարելու կամ արդեն իսկ նույն չափով վճարված լինելու պայմաններում պարտավորությունները համարվում է կատարված, ընդ որում՝ այս դեպքում կա ժամկետային կանոն, այն է՝ օրենքն ուժի մեջ մտնելուց եռամսյա ժամկետը»։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ևս մեկ անգամ ճշտեց՝ եթե քաղաքացին roadpolice.am կայքում է գրանցվում ու նշում է, որ իր տուգանքներն ուղարկեն էլեկտրոնային հասցեով, տուգանքից  20% զեղչ կստանա բոլո՞ր դեպքերում:  

«Ենթադրենք տուգանվել է 10 հազար դրամ, 20 տոկոս պակասը կազմում է 8 հազար դրամ: Հետո այդ 8 հազար դրամի 30 տոկոսը ևս չի վճարում»։

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը պարզաբանեց, որ քաղաքացին վճարում է տուգանքի մոտավորապես 57 տոկոսը:

Երթևեկության փորձագետ Արտակ Խաչատրյանը կառավարության այս որոշումը վերջին 10 տարիների միակ դրական փոփոխությունն է համարում ի շահ վարորդների։

«Կրկնակի դրական փոփոխություն է, որովհետև դա տեղի է ունենում առանց տուգանքները թանկացնելու։ Եվ 20 տոկոս կզեղչվի, եթե էլեկտրոնային գրանցվեն։ Դա էլ ավելի ողջունելի է, քանի որ հաճախ բնակչությունը ոստիկանությանն է մեղադրում, բայց տուգանքը փոստի պատճառով է հիմնականում ուշանում, ապա գնում ԴԱՀԿ։ Այս կերպ նաև քաղաքացիները պատշաճ կծանուցվեն տուգանքի մասին»։

Կառավարության այս որոշումից կշահեն նաև ժամկետանց տուգանք ունեցողները։  ԴԱՀԿ-ում գտնվող գործերով տուգանքի 50%–ը վճարելու դեպքում պարտքը կզրոյացվի։ Ավելին՝  եթե գործող կարգավորմամբ հարկադիր կատարման փուլում գտնվող գործերին  նաև կատարողական ծախսն է ավելանում, ապա նոր կարգավորմամբ նվազելու է նաև կատարողական ծախսը։ Այն ավելանալու է արդեն զեղչված տուգանքի վրա։ Վարչապետը նորից ճշտող հարց ուղղեց։

«Այսինքն՝ 500 հազար դրամ տուգանքը զրոյացնելու համար քաղաքացին պետք է վճարի 250 հազար դրամ ու 6000 դրամ ՝ կատարողական ծախս»։

Ի դեպ՝ ԴԱՀԿ-ում նման մոտ 2 միլիոն կատարողական վարույթ կա՝ շուրջ 8 միլիարդ դրամի չափով. օրենքը ընդունելուց հետո, ըստ նոր կարգավորման, պետք է երեք ամսվա ընթացքում կատարել վճարումները։

Կարդացեք նաև

Back to top button