ԿարևորՌեպորտաժներՔաղաքական

Բանակի բարքերն ու պատերազմի սպառնալիքը․ ՀՀ Զինված ուժերում մահերի համար քաղաքական պատասխանատուն գտնված չէ

Բանակում մեկ օրում մահվան երկու դեպք է գրանցվել։ Դեպքերը տեղի են ունեցել նույն զորամիավորման տարբեր զորամասերում․ մեկը՝ Սոթքի, մյուսը՝ Ախպրաձորի։ Վարկածները տարբեր են, բայց պաշտոնյաները արդեն բարձրաձայնում են այն մտահոգիչ բարքերի մասին, որոնք առկա են բանակում։ Այս պահին իրավիճակի համար քաղաքական պատասխանատու գտնված չէ, խնդիրը հասցեագրում են բացառապես իրավական հարթություն։

Զինված ուժերում մեկ օրում երկու սպայի մահվան ելքով դեպքերի համար քաղաքական պատասխանատուներ և ըստ այդմ՝ հրաժարական տվողներ չկան։ Իշխանության ներկայացուցիչները չեն ցանկանում խոսել պաշտոնանկությունների մասին, փոխարենը՝ պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանը հարցը հասցեագրում է նախաքննական մարմիններին։

 «Պետք է տեղի ունենա  քննություն և քննության արդյունքներով մեղավորները պատժվեն»։ 

Պաշտոնյաները փորձում են խուսափել վարկածներ հրապարակելուց, օգտագործում են ընդհանուր՝ «ոչ կանոնադրային հարաբերություններ» կամ «միջանձնային խնդիրներ» ձևակերպումները։ Սակայն, կառավարության նիստից հետո, որտեղ վարչապետը խոսել է բանակում խաղամոլության դեպքերի մասին, արդեն հաստատում են նաև այդ մտահոգիչ փաստը։ Իրադարձությունները իրար չկապելով՝ նախաքննությունը չուղղոդրելու համար, ԱԺ Պաշտպանության և անվտանգային հարցերի մշտական հանձնաժողովի ղեկավար Անդրանիկ Քոչարյանն ու պաշտպանության փոխնախարարը ամեն դեպքում խոսում են բանակում առկա խնդիրների մասին․

 Անդրանիկ Քոչարյան ․ «Հիմա ես չեմ ուզում նախաքննական հարցերի մեջ մտնեմ, բայց ցավալի է, որ զինվորը սպանել է սպային։ Բանակի կարևոր սկզբունք է խախտվել՝ եղբայրության և հրամանատարության։ Այն բարքերը, որը մեզ թվում էր, թե հաղթահարել ենք, այսինքն՝ այդ քնելու–չքնելու խնդիրը, այդ երևույթները մտել են այստեղ։ Նաև, երբ ասում էինք, որ բանակից հեռու պետք է մնան այդ ինտերնետ, հեռախոսային–խաղային բաները։ Խաղադրույքներ իրականացնող մեր բուքմեյքերական ընկերություններին ուղղակի խնդրում եմ դադարեցրեք ձեր գործունեությունը, որովհետև այդ շահույթը արժենում է մարդկային կյանքեր, ընտանիքների կորուստներ, սպայակազմի կորուստ»։

Արման Սարգսյան․ «Ես չէի ասի՝ իրավիճակը մտահոգիչ է, բայց առհասարակ այդ խաղադրույքների, խաղամոլությունը ընդհանրապես մտահոգիչ է բոլոր հարթություններում, բոլոր հարաբերություններում, այդ թվում՝ բանակում։ Բանակը հասարակության մի մասն է»։

Փոխնախարարի կարծիքը այս առումով չի կիսում Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը․ «Ես այս խնդիրը դիտարկում եմ ոչ միայն այս երկու դեպքերի, այլ ընդհանրապես բոլոր հնարավոր դեպքերի համատեքստում, որովհետև որպես Մարդու իրավունքների պաշտպան, ես չափազանց մտահոգիչ և դատապարտելի եմ գնահատում նշված իրավիճակը։ Սովորաբար զորամասերում շատ խնդիրների վերաբերյալ մեզ չեն տեղեկացրել, ես ինքս եմ հասկացել տարբեր հարցերի միջոցով»։

Մի կողմից այս պատկերը ունենալով, մյուս կողմից խոսելով բանակում իրականացրած բարեփոխումների մասին, իշխանության ներկայացուցիչները համոզված են՝ Հայաստանի Զինված ուժերը ի վիճակի են զսպելու Ադրբեջանի առավելապաշտական ծրագրերը, որոնք Ալիևի մոտ սրվել են նախընտրական շրջանում և որոնք նա այլևս չի թաքցնում։ Վերջին ասուլիսում Ալիևի օգտագործած կոշտ հռետորաբանությանը պատասխանելով ԱԺ Պաշտպանության և անվտանգային հարցերի հանձնաժողովի նախագահը նախ համոզմունք է հայտնել, որ մոտ ապագայում ադրբեջանական ուժերը դուրս կգան Հայաստանի օկուպացված տարածքներից։ Հայաստանը դրան փորձելու է հասնել խաղաղ ճանապարհով, բայց դիտարկում է նաև այլ լուծումներ։

«Ադրբեջանը կարող է շատ ցանկություններ ունենա, ուրիշ բան՝ մենք այդ ցանկությունները կանխելու համար այսօր հնարավորություններ ստեղծե՞լ ենք, թե՞ ոչ։ Մեզ ի՞նչ է մնում, պետք է պաշտպանվե՞նք, թե՞ չէ։ Բա այն, որ բյուջե էինք քննարկում դուք ուշադիր չէիք հատևո՞ւմ այդ թվերի մեջ ինչ կա դրված։ Ամեն ինչ պետք է միտված լինի վաղվան։ Վաղը պետք է որոշվի՝ Ալիևի ասածը ինչքանով հիմնավոր կլինի։ Բոլոր մակարդակներով պատասխանները կտրվեն, ընդ որում՝ իրավական հարթության մեջ, միջազգային իրավունքի տեսանկյունից։ Բայց ինձ համար, որպես այս հանձնաժողովի նախագահ և որպես մեր երկրի՝ ապագայում մեր անվտանգային համակարգը ոտքի կանգնեցնելու հեռանկար տեսնող, մեր նոր սերունդը պետք է այդ խնդիրները լուծի։ Դրանով կկանխվեն բոլոր տեսակետները»։

Ապագայի համար, սակայն, մշակված նախագծերից մեկը խորհրդարանում մեծ աղմուկի և անհամաձայնության պատճառ է դարձել։ Ընդ որում անհամաձայնությունը ինչպես կառավարության, այնպես էլ հենց թիմի՝ խմբակցության ներսում է։

Խոսքը «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Հայկ Սարգսյանի հեղինակած աղմկահարույց նախագծի մասին է, որով 2.5 միլիոն դրամ վճարի դիմաց առաջարկվում է ժամկետային զինծառայության պարտավորությունից ազատել 27 տարեկանից սկսած ՀՀ չծառայած քաղաքացիներին։ Նախագիծը անգամ վիճարկում են թիմակիցները՝ արդարության և անարդարության տարբեր հիմքերով։ Հովիկ Աղազարյանը հստակ դեմ է նախագծին ավելի գլոբալ տեսանկյունից․

«Բերվում է այն հանգամանքը, որ ոչինչ, թող գա 2.5 միլիոնը տա, կգրանցվի պահեստազոր, վաղը չէ մյուս օրը պատերազմ լինի, կմասնակցի պատերազմին։ ՀՀ–ն այլևս որևէ ժամանակահատվածում պատերազմի մեջ չի լինելու մի քանի պատճառներով։ Ամենակարևոր պատճառը մեր պաշտպանության բանակն է, մեր պաշտպանության նախարարությունն է իր կողմից իրացվող քաղաքականությամբ, մեր ուժեղանալով, նաև աշխարհաքաղաքական լիքը հարցերով։ Այնպես որ այդ բաները վերջ տվեք»։

Սա հայտարարվում է այն պահին, երբ Ադրբեջանի նախագահը հստակ ագրեսիվ հռետորաբությամբ է սկսել խոսել Հայաստանի և հայկական տարածքների մասին։

Կարդացեք նաև

Back to top button