
ԱՄՆ Կովկասյան բանակցությունների հարցերով ավագ խորհրդական, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Լուիս Բոնոն Երևան այցելելուց և պաշտոնյաների, այդ թվում՝ Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի, Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի և խորհրդարանի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանի հետ հանդիպումներից հետո, Ադրբեջան չի մեկնել։ Բաքուն հրաժարվել է ընդունել Բոնոյին, որը մտադիր էր հանդիպել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ: Iսկ այցի հիմնական նպատակը Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև հանդիպում կազմակերպելն էր։
Հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հարցով ԱՄՆ պետքարտուղարի հատուկ խորհրդական Լուիս Բոնոյի այցը Հայաստան նախօրեին էր ավարտվել: Հաշվի առնելով, որ այս այցի նպատակն էր հերթական փորձ ձեռնարկել վաշինգտոնյան հարթակում բանակցություններ վերսկսելու համար, փորձագետները նկատում են, որ տրամաբանական կլիներ, եթե Երևանից նա Բաքու մեկներ: Հատկանշական է , սակայն, որ այս անգամ ևս Բոնոն պարզապես վերադարձավ Վաշինգտոն:
Ի՞նչն էր պատճառը, որ Բոնոն Բաքու չմեկնեց: Ադրբեջանական լրատվամիջոցները, հղում անելով իրենց դիվանագիտական աղբյուրներին, հաղորդում են, որ Բաքվում իբրև «հրաժարվել են» ընդունել Լուիս Բոնոյին՝ տարածաշրջանում ԱՄՆ-ի վարած՝ իրենց մեկնաբանությամբ՝ «անհասկանալի», «միակողմանի քաղաքականության» պատճառով։ Նշվում է նաև, որ «Ադրբեջանը չի տեսնում ԱՄՆ-ին որպես միջնորդ»։
Հայ փորձագետների դիտարկմամբ՝ այսպիսով, տվյալ փաստը թույլ է տալիս ենթադրել, որ Վաշինգտոնի և Բաքվի միջև լարվածությունը, որը սկսվել էր դեռևս աշնանը, շարունակվում է։ Բաքվի ու Վաշինգտոնի միջև լարվածությունը սկսվեց այն բանից հետո, երբ անցած սեպտեմբերին Արցախի դեմ ագրեսայից և Արցախը հայաթափելուց հետո, ԱՄՆ-ն, ըստ էության, պատժամիջոցներ սկսեց կիրառել՝ 907 բանաձևը վերականգնելով, որով դադարեցվում է Ադրբեջանին օգնություն տրամադրելը։ Պետդեպարտամենտն էլ նվազեցրեց Ադրբեջանի հետ շփումների մակարդակը՝ չեղարկելով որոշ պետական պաշտոնյաների այցեր։ Այս քայլերը Բաքվին զայրացրել էին։ Երբ մեկ ամիս առաջ ԱՄՆ պետքարտուղարի օգնական Ջեյմս Օ՛Բրայանն այցելեց Բաքու, հանդիպեց Ալիևի հետ, ըստ որոշ փորձագետների, լարվածությունը մի փոքր մեղմվեց, բայց հիմա երևում է, որ դա այնքան էլ այդպես չէ։
Բաքուն նոր պատրվակ է գտել իր նեղացածությունը դրսևորելու համար։ Վերջերս Պետդեպի հրապարակած «Աշխարհի տարբեր երկրներում կրոնի ազատության մասին» զեկույցում Ադրբեջանը դասվել էր այն երկրների շարքում, որտեղ սահմանափակված է կրոնի ազատությունը և Պետդեպը կոչ էր արել ուշադիր հետևել նման երկրներում իրադարձությունների զարգացմանը։ Հենց սա են այս անգամ Ադրբեջանում պատրվակ դարձրել՝ ԱՄՆ-ի հետ լարվածությունը պահելու համար։ Զեկույցի հրապարակումից հետո Ադրբեջանի արտգործնախարարությունը հայտարարեց, թե այդ քայլը վկայում է այն մասին, որ Վաշինգտոնն անկողմնակալ չէ և անկեղծ չէ Հարավային Կովկասում խաղաղության հաստատման վերաբերյալ իր հայտարարություններում։ Ադրբեջանական մամուլն էլ շարունակում է կասկածի տակ դնել ամերիկյան հարթակում հանդիպում անցկացնելու իմաստը։
Քաղաքագետ Արտաշես Խալաթյանը նկաում է, որ Ադրբեջանի մաքսիմալիստական և միջազգային իրավունքին հակասող մոտեցումների պատճառով բանակցությունները փակուղի են մտնում.
«Ադրբեջանը գիտի, որ Արևմտյան, մասնավորապես՝ ԱՄՆ-ի դիրքորոշումը սկզբունքային մակարդակում համահունչ է Հայաստանի իշխանությունների դիրքորոշմանը և, արդեն քանի ամիս է՝ պարզ է, որ որևէ Արևմտյան հարթակ Աբրեջանի նախագահի համար, իր մաքսիմալիստական պահանջները սպասարկելու խոչընդոտ է»։
Որոշ փորձագետների գնահատմամբ՝ չընդունելով Բոնոյին, Ադրբեջանը ձգտում է պահել լարվածությունը ԱՄՆ-ի հետ հարաբերություններում, նպատակ ունենալով տապալել Վաշինգտոնում Հայաստանի հետ բանակցությունները, որը ձգտում է կազմակերպել ԱՄՆ-ն։ Նույն նպատակն են հետապնդում նաև Փարիզի դեմ ուղղված գործողությունները՝ հաշվի առնելով, որ Փարիզը մեծ դեր ունի ԵՄ-ում։ Այսինքն՝ նպատակ կա նաև Բրյուսելյան հարթակը տապալելու։
«Հետևաբար՝ Ադրբեջանի նախագահը այսուհետ չի տեսնում որևէ Արևմտյան հարթակում Հայաստանի իշխանությունների հետ հանդիպելու անհրաժեշտություն»։
Փորձագետները նկատում են, որ Բաքվում հասկանում են նաև, որ Մոսկովյան հարթակն էլ ինչ-ինչ պատճառներով անընդունելի է Երևանի համար և փորձում են պայմաններ ստեղծել՝ առանց միջնորդների երկկողմ ուղիղ բանակցությունների համար։ Քաղաքագետ Արտաշես Խալաթյանի գնահատմամբ՝ դա շահեկան է միայն Ադրբեջանի համար։
«Այդ տխրահռչակ երկկողմ բանակցությունը, որը փորձում է Ադրբեջանը առաջ տանել, փաստացի նշանակում է թուրք-ադրբեջանական տանդեմի կողմից Հայաստանին ուղղված միակողմանի պարտադրանքի ընդունում՝ առանց որևէ միջնորդ պետության, որը կարող է հավասարակշռել այս պրոցեսը»։
Հենց այս համատեքստում էլ պետք է դիտարկել Բաքվի կողմից ԱՄՆ պետքարտուղարի հատուկ խորհրդական Լուիս Բոնոյի հանդիպման մերժումը։ Խալաթյանը կարծում է, որ առնվազն առաջիկա ամիսների ընթացքում Բաքու-Վաշինգտոն հարաբերություններում լարվածությունը կպահպանվի։
«Ակնհայտ է, որ Ադրբեջանի նման վարքագիծը պետք է սանձվի և դա, ըստ էության, միջազգային նոր իրավակարգում ԱՄՆ-ի առաջատար դիրքերը պահպանելու կարևոր դրսևորումներից և ապացույցներից մեկը պետք է լինի։ Այսինքն, ԱՄՆ-ն հաստատապես իրավիճակը ձեռքից բաց չի թողնելու»։
Քաղաքագետի համոզմամբ, ԱՄՆ-ն նախ՝ դիվանագիտական, քաղաքական լծակներով կփորձի Ադրբեջանին բերել կառուցողական դաշտ, բայց, այդ առումով, Խալաթյանի կարծիքով, պետք չէ ունենալ չափազանցված ակնկալիքներ, հաշվի առնելով աշխարհաքաղաքական ներկա զարգացումները աշխարհի տարբեր կետերում։




