ԿարևորՀասարակությունՌեպորտաժներ

Աշխատանքի ու վճարովի պրակտիկայի հնարավորություն՝ արցախցիների համար․ կառավարությունը հաստատել է ծրագիրը

Կառավարությունը սկսում է Արցախից բռնի տեղահանված քաղաքացիների սոցիալական աջակցության միջնաժամկետ ու երկարաժամկետ ծրագրերի իրականացումը։ Այսօր գործադիրը հաստատել է 2023թ․ ԼՂ–ից տեղահանված անձանց մասնագիտական ուսուցման կազմակերպման և աշխատանքային փորձ ձեռք բերելու աջակցության ծրագիրը։ Այն արցախցիներին հնարավորություն կտա զարգացնել մասնագիտական հմտությունները, վճարովի պրակտիկա անցնել ու աշխատանք գտնել։ Ծրագրին մասնակցող գործատուները ևս կառավարության կողմից խրախուսում կստանան։ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը հիշեցրել է՝ նմանատիպ ծրագիր գործադիրն իրականացրել է նաև 2016-2020թթ․ ռազմական գործողությունների մասնակից զինծառայողների համար։ Նախարարությունում ծրագրի արդյունքներից գոհ են։

Արցախից բռնի տեղահանված քաղաքացիները մասնագիտական հմտությունները զարգացնելու ու աշխատանք գտնելու համար աջակցություն կստանան։ Կառավարությունն այսօր հաստատեց 2023-ի սեպտեմբերին Արցախից բռնի տեղահանված հայրենակիցների համար հերթական աջակցության ծրագիրը։ Այս ծրագրով գործադիրը սկսում է միջնաժամկետ միջոցառումների փուլը՝ շեշտում է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը։ Եթե առաջին ամիսներին Կառավարությունն արցախցիների առաջնային կարիքները բավարարելու համար էր մեխանիզմներ մշակում, ապա այս ծրագիրը մարդկային կապիտալի զարգացման, ինչպես նաև զբաղվածության ապահովման բաղադրիչ ունի՝ նշում է նախարարը։

«Ծրագիրն ունի 3 բաղադրիչ։ Առաջին բաղադրիչը մասնագիտական ուսուցումն է՝ հետո առնվազն 3 ամիս պարտադիր աշխատանքի պայմանով։ Երկրորդը՝ վճարովի պրակտիկա, որից հետո պարտադիր աշխատանքի տեղավորում առնվազն 3 ամսով, իսկ երրորդի դեպքում՝ բոլորը միասին մասնագիտական ուսուցում, վճարովի պրակտիկա և աշխատանք»։

Ծրագրի առաջին բաղադրիչով բռնի տեղահանված արցախցիներին Կառավարությունն առաջարկում է պոտենցիալ գործատուի հետ պայմանավորվածությամբ 5 ամիս մասնագիտական ուսուցում անցնել և այդ ընթացքում ստանալ 50 հազար դրամ կրթաթոշակ և 50 հազար դրամ՝ ուսման վարձը վճարելու համար։ Ուսումնական պրոցեսը հաջողությամբ ավարտելուց հետո տեղահանված արցախցին ու գործատուն պետք է առնվազն 3 ամիս ժամկետով աշխատանքային պայմանագիր կնքեն, իսկ Կառավարությունը գործատուին խրախուսելու համար ամսական  50 հազար դրամ  փոխհատուցում կտրամադրի՝ հարկերը վճարելու համար։

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հետաքրքրվում է՝ կա՞ն սահմանափակումներ, թե որ ուսումնական հաստատությունները կարող են ծրագրի մաս դառնալ, և արդյո՞ք պարտադիր է դրա համար լիցենզիա ունենալ։ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը վստահեցնում է՝ կհամագործակցեն սոցապ նախարարության հետ գործընթացն ավելի դյուրին դարձնելու համար։

«Ունենք կարճաժամկետ կրթական ծրագրեր մինչև 6 ամսի տևողությամբ, որոնք պահանջում են ոչ թե լիցենզիա, այլ երաշխավորում։ Այսինքն՝ բոլոր կարճաժամկետ ծրագրերը, որոնք տվյալ ծրագրի շրջանակում պետք է անցնեն, պետք է գրանցված լինեն երաշխավորված ծրագրերի ռեգիստրում, որը նախարարությունը վարում է։ Պետք է ասեմ, որ մեր բոլոր քոլեջներն ու ուսումնական հաստատությունները նմանատիպ կարճաժամկետ բազմաթիվ ծրագրեր են իրականացնում»,– պարզաբանում է ԿԳՄՍ նախարարը։

Կառավարության ղեկավարը նկատում է՝ երաշխավորում ստանում են մինչև 6 ամիս տևողությամբ կրթական ծրագրերը, իսկ քննարկվող ծրագիրը առաջարկում է առավելագույնը 5 ամիս ժամկետով դասընթացներ։ Երկար քննարկումից հետո վարչապետն առաջարկեց նույնարկել ու ծրագիրն ընդունել խմբագրմամբ՝ սահմանել առավելագույնը 6 ամսի տևողությամբ։ Ծրագիր ունի նաև վճարովի պրակտիկայի բաղադրիչ՝ մանրամասնում է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը։

«Երկրորդ բաղադրիչի դեպքում գործատուի և ԼՂ–ից բռնի տեղահանված մեր հայրենակցի միջև կնքվում է 6 ամիս տևողությամբ պայմանագիր, որից 3 ամիսը դիտարկվում է որպես պարտադիր վճարովի պրակտիկա, այսինքն՝ գործատուին ամսական մենք տրամադրելու ենք 165 հազար դրամ՝ շահառուի աշխատավարձը և համապատասխան հարկերը վճարելու համար։ Պրակտիկայի ավարտից հետո գործատուն պարտավորվում է ևս 3 ամիս շահառուին աշխատանքով ապահովել, որի դիմաց նրան 3 ամիս շարունակ վճարվում է ամսական առավելագույնը 50 հազար դրամ պարտադիր հարկերը վճարելու համար»։

Ծրագրի երրորդ բաղադրիչը  մասնագիտական ուսուցումն է՝ դրանից հետո վճարովի պրակտիկայի և աշխատանքի տեղավորման պարտադիր պայմանով։

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը շեշտում է՝ այս ծրագիրը փորձարկվել ու կիրառվել է նաև 2016-2020թ ռազմական գործողությունների մասնակցած զինվորների համար։ Ուսումնասիրությունը ցույց է տվել, որ շահառուների 70 տոկոսից ավելին շարունակում է մնալ աշխատաշուկայում։

Կարդացեք նաև

Back to top button