
Ռուսաստանն ու Իրանը վերահաստատել են միջազգային ահաբեկչության դեմ պայքարում ջանքերը համատեղելու փոխադարձ պարտավորությունը։ IRNA գործակալության փոխանցմամբ՝ դա տեղի է ունեցել Իրանի և Ռուսաստանի արտգործնախարարների հեռախոսազրույցի ժամանակ։ Լավրովը ցավակցություն է հայտնել «այն մարդկանց ողբերգական մահվան կապակցությամբ, որոնք հավաքված են եղել Իրանի Քերման քաղաքում՝ ոգեկոչելու գեներալ Ղասեմ Սոլեյմանիի նահատակության տարելիցը և սպանվել ահաբեկիչների կողմից»։
Որոշ փորձագետներ կասկածում են՝ արդյո՞ք Իրանին կհաջողվի այս բարդ փուլում հակահարված հասցնել հակառակորդներին և պահպանել դիրքերը տարածաշրջանում։ Այն, որ տարածաշրջանում Իրանի դիրքերի թուլացումը չի բխում Հայաստանի շահերից, փորձագետների գնահատմամբ, միանշանակ է։
Իրանի ահաբեկչությունները մեծ հարված էին Իրանի հեղինակությանը, այդ թվում՝ անվտանգության առումով։ Դրնաց պատասխանատվությունն իր վրա է վերցրել «Իսլամական պետություն» կազմակերպությունը։ Իրանագետ Էմմա Բեգիջանյանը «Ռադիոլուրի» հետ զրույցում նկատում է՝ այս զարգացումների համատեքստում տարածաշրջանում իրավիճակն առավել բարդանում է։
«Իրանը ընդունում է դա, բայց, այդուհանդերձ համարում է, որ դա տեղի է ունեցել նաև Իսրայելի հետ «Իսլամական պետության» համագործակցությամբ»։
Սիրիայում «Իսլամական պետության» պարտության գործում Իրանը մեծ դեր է ունեցել, և այդ կազմակերպությունը թշնամաբար է տրամադրված Իրանի դեմ։ Այս գործոնը շարունակելու են խաղարկել հակաիրանական ուժերը՝ գործելով Իրանի դեմ։ Այն հանգամանքը, որ Ռուսաստանն ու Իրանը վերահաստատում են միջազգային ահաբեկչության դեմ պայքարի ջանքերի հետագա համակարգման փոխադարձ պարտավորությունները, ըստ իրանագետ Էմմա Բեգիջանյանի, գործնականում առանձնապես որևէ նշանակություն չունի։ Բոլորն են հայտարարում, որ պայքարում են միջազգային ահաբեկչության դեմ՝ հիշեցնում է փորձագետը։
Հոսեյն Ամիր Աբդոլահյանն ու Սերգեյ Լավրովը ահաբեկչության դեմ պայքարի հարցերից զատ քննարկել են նաև Մերձավոր Արևելքի և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող միջազգային խնդիրները, այդ թվում՝ Գազայի հատվածում և դրա շուրջ, ինչպես նաև Կարմիր ծովում տիրող իրավիճակը։ Նրանք շեշտել են նաև քաղաքական երկխոսության և գործնական համագործակցության ակտիվացման կարևորությունը։
Իրանի և Ռուսաստանի արտգործնախարարների հեռախոսազրույցը, իրանագետ Էմմա Բեգիջանյանի գնահատմամբ, զուտ դիվանագիտական, քաղաքական փոխհարաբերություն է՝ առանց գործնական արդյունքների։ Փորձագետը նաև հիշեցնում է.
«Երկու անգամ արդեն Ռուսաստանը հանուն Իսրայելի (բնական է՝ յուրաքանչյուր երկիր պետք է իր շահերից ելնելով ամեն ինչի գնա) Իրանի շահերը ոտնահարել է. Իրանի տարածքային ամբողջականությունը հարցականի տակ է դրել, որը Իրանում բավականին լուրջ արձագանք ունեցավ։ Նույնիսկ հենց վերջին օրերին Իրանի խորհրդարանի անվտանգության հարցերի հանձնաժողովի փոխնախագահներից մեկն ասաց՝ մենք թույլ չենք տա, որ Իրանը դառնա Ռուսաստանի համար խաղաքարտ»։

Արևելագետների դիտարկմամբ՝ այս փուլում Իրանը բավականաչափ բարդ խնդիր ունի լուծելու տարածաշրջանում իր դիրքերը չթուլացնելու հարցը։ Այդ խնդրի լուծման տեսանկյունից ներկայում Իրանի մարտավարությունը սադրանքներին տուրք չտալն ու ավելի լայն ռազմական դիմակայության մեջ չներքաշվելն է, ինչին ձգտում է հասնել Իսրայելը։
«Հիմնականում Իսրայելը ջանքեր է գործադրում, որպեսզի Իրանին ներքաշի այս պատերազմում։ Դա Ռուսաստանի, Իսրայելի և Ադրբեջանի շահերից է բխում։ Իրանը դա շատ լավ գիտակցում է և ամեն ինչ անում է, որ դա տեղի չունենա»։
Փորձագետները նկատում են, որ հակաիրանական գործողություններին Իրանը ձգտում է շատ արագ չպատասխանել և ուղիղ չթիրախավորել ավելի ազդեցիկ դերակատարների, այլ պատասխան գործողություններն իրականացնել պրոքսի խմբավորումների միջոցով։ Խոսքն այս դեպքում Իսրայելի և Միացյալ Նահանգների մասին է։ Այդ մարտավարությունն Իրանում հաճախ կոչում են «ռազմավարական համբերություն»։ Իրանագետ Էմմա Բեգիջանյանը, սակայն, չի բացառում, որ նման «ռազմավարական համբերությունը» կարող է մի օր արդյունք չտալ, այսինքն՝ անսպասելի ինչ-որ բան տեղի ունենա, որը կհանգեցնի անկանխատեսելի զարգացումների, ինչի պայմաններում Իրանն այլևս այլ ելք չի ունենա։
«Իհարկե, եթե այդպես լինի, դա կնշանակի, որ տարածաշրջանը երկար ժամանակ կլինի բախումների թատերաբեմ»։
Իրանագետը, սակայն, համոզված է, որ նման զարգացման հավանականությունը մեծ չէ, քանի որ ԱՄՆ-ն դրան դեմ է և չի ցանկանում նման զարգացումներ տեսնել տարածաշրջանում։




