ԿարևորՀասարակությունՌեպորտաժներ

Շինարարը տուգանք է վճարում ժամկետը խախտելու համար. Էջմիածնում մանկապարտեզի հիմնանորոգումը ձգձգվում է

Ավելի քան մեկ տարի է, ինչ հիմնանորոգվում է Էջմիածնի թիվ 14 մանկապարտեզը: Շենքը կառուցվել է 1970-ականներին, հիմքերը խարխլվել էին ու շինությունը դարձել էր վտանգավոր: Հիմնանորոգումն ավարտվելու էր 2023թ սեպտեմբերին, բայց առայժմ շինությունը պատրաստ չէ շահագործման: Պայմանագրային ժամկետը խախտելու համար շինարարական կազմակերպութունը տույժի է ենթարկվել:

Էջմիածնի թիվ 14 մանկապարտեզի հիմնանորոգումը սկսվել էր  2022թ դեկտեմբերին: 1970-ականների այդ կառույցի հիմքերը խարխլվել էին, դարձել սեյսմավտանգ: Դրանք ակնառու են դարձել, երբ սկսել են ամրացնել հիմքերը՝ ասում է շինարարական ընկերության աշխղեկ Արկադի Մարդոյանը.

«Ամբողջ հատակը քանդել ենք, հասել պանելներին ու սկսել ամրացման աշխատանքները. լրիվ պանելները ծակել ենք, բետոնով նախաշերտ արել, որ ամուր լինի: Հետո ցանց ենք փռել և նորից 8 սմ հաստությամբ բետոնապատել: Առաջ սրա վրա կանգնել չէր լինում, ճոճվում էր: Դրանից հետո հիմքերի հեծանների ամրացում ենք արել։ Հիմքերը փորել ենք 80 սմ խորությամբ ու լրիվ բետոնալցում արել»:

Արկադի Մարդոյանն ասում է, որ շինարարության ընթացքում աշխատանքների ծավալն ավելանում է, քանի որ նախատեսվածից ավելի գործ է առաջանում:

«Եթե նորը կառուցեինք, հիմա վաղուց ավարտել էինք: Մենք նաև խնդիր ունենք երեսպատման հետ: Այստեղ երեսպատում տրված է, բայց ոչ ոք չի պատկերացնում, թե ոնց է արվելու. քարերին կպնում ենք, փլվում, թափվում է: Սա 1974 թ սալիկ է, սրա միջի նյութերը լրիվ ոչնչացված են»:

Էջմիածնի թիվ 14 մանկապարտեզը հիմնանորոգվում է 2022 թ սուբվենցիոն ծրագրով: Աշխատանքի արժեքը 270 մլն 500 հազար դրամ է, որի միայն 30 տոկոսն է ֆինանսավորում Վաղարշապատ համայնքը: Շինարարները Շիրակի մարզի Արթիկ համայնքից են: Շինարար Հովհաննես Դավթյան.

«Հատակի նախկին սալիկներն եմ քանդում, որ բետոն անելուց հետո բետոնը լավ պահի վրան, կպչողականությունը նորմալ լինի: Բոլորս Արթիկի շրջանից ենք, էլ խոպան չենք գնում: Առաջ գնացել եմ, եթե կարող ենք մեր Հայաստանը շենացնել, ինչի գնանք Ռուսաստան»:

Նախագծով ամբողջությամբ փոխվել է մանկապարտեզի կառուցվածքը, ավելացել է խմբասենյակների ու ննջարանների թիվը: Երկու մասնաշենքի նորոգման հիմնական աշխատանքներն ավարտվել են և շինարարությունը մտել է 2-րդ փուլ:

Արկադի Մարդոյան. «Մանկապարտեզի նախկին նախագծից ոչինչ չի մնացել, ամբողջովին փոփոխվել է: Բալկոնը դառնալու է ննջասենյակ: Լրիվ բաց էր, շարել ենք, պատուհաններ պետք է դրվի և ամբողջը փակվում է: Այս մասնաշենքի բաց բալկոնը  փակվում, դառնում է ննջասենյակ, մյուսինը՝ դահլիճ: Իսկ մյուս կողմում արդեն ուսումնական մասն է»:

Մանկապարտեզի շինարարությունն ավարտվելու էր անցած տարվա սեպտեմբերին, բայց դեռ շատ աշխատանք կա անելու։ Շինարարությունը ևս մի քանի ամիս կձգձգվի: Վաղարշապատ համայնքի ղեկավար Դիանա Գասպարյանը ամիսներ առաջ  անդրադառնալով սուբվենցիայով իրականացվող աշխատանքներին, նկատել էր, որ շինարարներն անբարեխիղճ են.

«Աշխատանքների հանձնման ժամկետները կուշանան և կմտնենք տուգանքների փուլ, այսինքն ամեն ուշացող օրվա համար ընկերությունը պարտավոր է տուգանք վճարել: Այս պահին արդեն ունենք երկու փակված մանկապարտեզ, ինչը մեծ բարդություններ է առաջացնում հերթում գտնվող երեխաների տեղավորման համար»:

Շինարարական աշխատանքների ժամկետը երկարացվել է, և ընկերությունը սկսել է տուգանքներ վճարել։

Վաղարշապատ համայնքի ղեկավար Դիանա Գասպարյան. «Ընդհանրապես կոմպլեքս է խնդիրը, նախագծա-նախահաշվային փաստաթղթերը պատշաճ կազմված չեն լինում, և արդեն շինարարության ընթացքում է շատ գործ բացվում: Սա այդ դեպքն է, շինարարը պնդում է, որ աշխատանքի ծավալները կրկնակի են եղել, որը ժամանակատար էր, հիմնականում ամրացման և բետոնապատման աշխատանքներն են, որովհետև ունեինք նմանատիպ պահանջ»:

Թիվ 14 մանկապարտեզում շուրջ 100 երեխա է հաճախել։ Նրանք հիմա տեղավորվել են թիվ 13 մանկապարտեզում: Հիմանանորոգումից հետո երեխաների թիվը կավելանա  70-ով: Էջմիածնում 2023 թ սուբվենցիայով հիմնանորոգվում է նաև թիվ 6 մանկապարտեզը, որի համար կառուցելու է ևս մեկ եռահարկ մասնաշենք։ Այս մանկապարտեզում նախնական կրթություն կարող է ստանալ մինչև 300 երեխա:

Կարդացեք նաև

Back to top button