
Երևանի Օղակաձև այգու 4-րդ՝ Սայաթ– Նովա պողոտայից մինչև Նալբանդյան փողոց ընկած հատվածը բարեկարգելու մասին քաղաքապետարանի մտադրությունն արդեն երկու օր հանրային բուռն քննարկումների առանցքում է։ Շատերն անհանգստացած են հատկապես 60 տարվա պատմություն ունեցող թենիսի կորտերի և Շախմատի դպրոցի ճակատագրով։ Քաղաքապետի մամուլի խոսնակ Հայկ Կաստանյանն այսօր պարզաբանել է իրավիճակը՝ շեշտելով՝ Շախմատի տան շենքն անպայման պահպանվելու է, իսկ թենիսի կորտերի հարցն առայժմ քննարկվում է։ Մինչ քաղաքապետարանում հարցը քննարկում են, թենիսասեր համայնքը որոշումն անթույլատրելի է համարում։
Թենիսի կորտե՞ր, թե՞ նոր այգի․ հարցը երկրորդ օրն է իրար է խառնել թենիսի ակումբի հին ու նոր անդամներին։ Լրահոսից են իմացել, որ քաղաքապետարանը մտադիր է բարեկարգել Երևանի օղակաձև այգու 4-րդ հատվածը, որտեղ Շախմատի տունն ու ավելի քան 60 տարվա պատմություն ունեցող թենիսի կորտերն են։ «Արարատ» թենիսի ակումբի տնօրեն Էդուարդ Սանամյանն ինքն էլ որոշումից հանկարծակիի է եկել։
«Կեսօրին մոտ էր, ընկերս զանգահարեց, թե Երևանի գործակարգավարական նիստը նայի, ձեր մասին են խոսում, ինչ-որ նոր որոշում ունեն։ Մինչև հասա տուն, արդեն բազմաթիվ զանգեր էի ստացել, ավելի ուշ ծանոթացա բովանդակությանը ու շոկային էր անկեղծ ասած։ Այսօր առավոտից էլ պատահական անցորդներ են գալիս, հետաքրքրվում, հարցնում՝ բա որոշել են սա էլ քանդեն»,– ասում է Սանամյանը։
Թենիսի ակումբի տնօրենին զարմացրել է հատկապես այն, որ քաղաքապետարանը գործընթացի որևէ փուլում մտադրությունը չի քննարկել իրենց հետ։
Տարվա առաջին գործակարգավարական խորհրդակցության ժամանակ հայտնի դարձավ, որ քաղաքային իշխանությունը մտադիր է Երևանի օղակաձև այգու 4-րդ ՝ Սայաթ–նովա Նալբանդյան փողոցների միջակայքում ընկած հատվածը, հանրային գերակա շահ ճանաչել և այդպիսով հնարավորություն տալ մասնավոր ընկերությանը տարածքում նոր այգի հիմնելու։
Երևանի ժառանգության պաշտպանության կոմիտեի անդամ Իզաբելլա Սարգսյանը տարակուսում է, չի հասկանում՝ որտեղ է հանրային շահը և ինչ շահի մասին է խոսքը, եթե որոշման հետևանքով հենց հանրությանը ծառայող թենիսի կորտերն է քանդվելու։ Պնդումը, թե տարածքը անբարեկարգ է, ևս անհիմն է՝ պնդում է Իզաբելլան։
«Մեկը, որ ամբողջ կյանքում թենիսով է զբաղվել, կարող եմ ասել՝ կորտերը անմխիթար վիճակում չէ․ և հանդերձարաններն են վերանորոգված, և պայմաններն են նորմալ։ Իհարկե, պայմանները կարող են և ավելի լավը լինել, բայց դա ներդրումների հարց է։ Այնտեղ չկա այդ վիճակը, որ չի գործում, անմխիթար է ու պետք է քանդել։ Այդ թենիսի կորտերը այս քաղաքում մնացած շատ քիչ վայրերից է, որ ունի պատմություն ու ժառանգություն։ Սերնդեսերունդ այս վայրը կապված է նույն տարածքի, նույն փողոցի, ԵՊՀ–ի հետ։ Սա քաղաքային մշակույթի մի մաս է»,– ասում է Երևանի ժառանգության պաշտպանության կոմիտեի անդամը։
Օղակաձև այգու այս հատվածի ու թենիսի կորտերի հետ կապված ջերմ հիշողությունների մասին գործակարգավարական նիստում նաև քաղաքապետ Տիգրան Ավինյանը խոսեց, բայց նաև պնդեց՝ պետք է հնարավորինս արագ լուծել օղակաձև այգու կանաչապատման ու բարեկարգման հարցը։
«Այդտեղ ես ինքս էլ երկար տարիներ թենիս եմ պարապել, ինձ համար այն ժամանակ գուցե տարօրինակ չէր, բայց հիմա, երբ նայում ենք Օղակաձև այգու տրամաբանությունը, այնտեղ թենիսի կորտերը չպետք է լինի, և այդ այգին հենց այգի պետք է լիներ, և այս ծրագիրը հենց դրա մասին է»,– ասել է Ավինյանը։
Օղակաձև այգում նոր այգի ունենալու միտքը Green Rock Management Group ընկերությանն է։ Վերջինը նախագիծ է ներկայացրել քաղաքապետարանին, առաջարկել բարեկարգել ու հիմնանորոգել այգին։ «Երևանի կառուցապատման ներդրումային ծրագրերի իրականացման գրասենյակն» այժմ տարածքը հանրային գերակա շահ ճանաչելու վերաբերյալ կառավարության որոշման նախագիծն է մշակում՝ մանրամասնել է գրասենյակի տնօրեն Շողիկ Երանյանը։

«Հաշվի առնելով, որ նշված հատվածում առկա են երրորդ անձանց սեփականության իրավունքով պատկանող գույքեր, որոնք հիմնականում համայնքի կողմից վարձակալության իրավունքով տրամադրված հողամասի վրա են գտնվում, անհրաժեշտություն է առաջացել տարածքի նկատմամբ ճանաչել հանրային գերակա շահ»։
Օղակաձև այգու այս հատվածի բարեկարգմանը միայն թենիսի կորտերը չեն «խանգարում»։ Այգին վաղուց իր հիմնական նպատակին չի ծառայում՝ պարզաբանել է քաղաքապետի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը՝ շեշտելով՝ տարածքում առկա են անկանոն, քաոսային կերպով տեղաբաշխված և բարեկարգ այգու ստեղծմանը խոչընդոտող ծանրաբեռնված տարածքներ։ Քաղաքացիների հանգիստը նշված հատվածում, ըստ քաղաքապետարանի, հնարավոր չէ կազմակերպել առանց այգու հիմնանորոգման:



Քաղաքապետի խոսնակն ընդգծել էր, որ թենիսի կորտերի հարցն առայժմ քննարկման փուլում է․ այն քանդելու նպատակ չի հետապնդվում, սակայն չի էլ բացառվում այլ համահունչ միջավայր տեղափոխելու հնարավորությունը:
Թենիսի «Արարատ» ակումբում, սակայն, տեղափոխվել չեն պատրաստվում։ Ակումբի տնօրեն Էդուարդ Սանամյանն ասում է՝ իրենց թենիսի սիրահարները հենց այս տեղով են ճանաչում, այստեղ մի քանի սերունդ է մարզվել, նույնիսկ՝ աշխարհահռչակ մարզիկներ։
«Ռուսաստանի թենիսի ֆեդերացիայի նախագահ Շամիլ Տարպիշևը վերջերս եկել ու հուզվել էր, հիշում էր, որ այստեղ մրցումների է մասնակցել։ 2018թ հետո մենք բավականին բարեփոխումներ ենք իրականացրել, նորոգումներ, լուսավորությունը հիմնովին փոխել ենք․ ամառվա ժամերին մարդիկ մինչև անգամ ժամը 12 գալիս խաղում են։ Ես հուսով եմ, որ համայնքը ինչ-որ կառուցողական քննարկման կգնա, կնստենք կքննարկենք»,– ասում է Էդուարդ Սանամյանը։
Green Rock Management Group ընկերության առաջարկած նախագծով բարեկարգված այգում ճեմուղիներ, շատրվաններ, սպորտային ու հեծանվային գոտիներ կլինեն, նաև՝ սրճարան, ընտանեկան հանգստի և ժամանցի ոչ հիմնական շինություններ։ Ընկերության մարքեթինգային բաժնից «Ռադիոլուրին» փոխանցեցին՝ նախագիծն առայժմ վերջնական չէ․ իրենք պարզապես ներկայացրել են, թե ինչ են առաջարկում, իսկ կմանրամասնեն այն ժամանակ, երբ քաղաքապետարանի հետ վերջնական համաձայնության կգան ու պայմանագիր կկնքեն։







