ԿարևորՌեպորտաժներՔաղաքական

Հայաստանն արագություն է ակնկալում խաղաղության գործընթացում

Հունվարի 8–ից Երևանում է ԱՄՆ Կովկասյան բանակցությունների հարցերով ավագ խորհրդական, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Լուի Բոնոն։ Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաների հետ հանդիպումների հիմնական նպատակը նախապատրաստական աշխատանքներն են Հայաստան–Ադրբեջան բանակցությունների հերթական փուլը Վաշինգտոնում անցկացնելու համար։ Առաջարկը ուժի մեջ է դեռ 2023–ի տարեվերջից։ Հայկական կողմը իր համաձայնությունն արդեն տվել է։

2023–ի դեկտեմբերի 27–ին Ադրբեջանից ստացված առաջարկների փաթեթին Հայաստանը ցանկանում էր պատասխանել ավելի շուտ, բայց տեղավորվեց երկշաբաթյա ժամկետում։ «Խաղաղության պայմանագրին» առնչվող առաջարկների փոխանակման 8–րդ շրջափուլում Երևանը հունվարի 4–ին է պատասխանել Բաքվի առաջարկներին։ Այժմ հայկական կողմը Ադրբեջանից է ակնկալում աշխատանքի նույն արագությունն ու արդյունավետությունը։

Ադրբեջանից հնչող գնահատականների համաձայն, առաջարկների փոխանակման գործընթացում դրական դինամիկա կա։ Դրան զուգահեռ, սակայն, հայկական կողմը պնդում է՝ կան նաև չլուծված հարցեր։ Ո՞ր հարցերն են դրանք, Հանրային հեռուստաընկերության եթերում Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հրաժարվեց բացահայտել․

«Մենք ևս դինամիկան դրական ենք գնահատում, բայց կան հարցեր, որտեղ որոշակի առաջընթացներ էինք գրանցել, բայց «Խաղաղության պայմանագրում» այդ առաջընթացը չենք տեսել։ Այսինքն՝ հարցեր կան, որոնք բանավոր բանակցությունների ընթացքում համաձայնեցրել ենք, բայց «Խաղաղության պայմանագրի» տեքստում մենք որոշակի հետընթացներ ենք տեսել։ Բայց ընդհանուր առմամբ կան կետեր, որտեղ առաջընթաց ենք գրանցել։ Ոչ թե գաղտնիք է, այլ ավելի շատ զուտ բանակցային էթիկայի սկզբունքներից ելնելով քանի որ մենք շարունակում ենք բանակցությունները եկեք դա ավելի շատ թողնենք բանակցային սեղանի շուրջ վերջնական համաձայնեցնելու։ Մենք ակնկալում ենք, որ այդ հարցերով ևս մենք կկարողանանք շուտով առաջընթաց գրանցել։ Այն բոլոր հարցերը, որոնց համար մենք լուծումներ չենք գտել՝ և՛ Հայաստանը, և՛ Ադրբեջանը, ակնկալում ենք որ և՛ փոխանակման, և՛ բանակցությունների միջոցով հնարավոր կլինի հնարավորինս շուտ «Խաղաղության պայմանագիրը» վերջնականացնել և կնքել»։

Այժմ Միացյալ Նահանգներն են ակտիվորեն աշխատում այդ ուղղությամբ։ Կովկասյան բանակցությունների հարցերով ավագ խորհրդական, ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Լուի Բոնոյի տարածաշրջանային այցի հիմնական նպատակը վաշինգտոնյան հարթակում հայ–ադրբեջանական բանակցությունների հնարավորինս շուտ նախապատրաստումն է։ Հայկական կողմը դեռ նախորդ տարվա վերջից է համաձայնել այդ հանդիպմանը և սպասում է ադրբեջանական կողմի արձագանքին։ Լուի Բոնոն  Երևանում արդեն հանդիպումներ է ունեցել արտգործնախարարությունում, Աժ–ում, Անվտանգության խորհրդում։

Բանակցային ինչ փաթեթ է քննարկվում, ինչ հարցեր են ներառված դրանում․ քննարկվող փաթեթին վերջերս հնարավորություն են ստացել ծանոթանալ Աժ ընդդիմադիր 4 պատգամավորներ։ Չմանրամասնելով փասթաթղթի առանձին դրույթները, Գեղամ Մանուկյանը, Աննա Գրիգորյանը, Քրիստինե Վարդանյանը և Արթուր Խաչատրյանը տարածված հայտարարությամբ պնդում են՝ այնտեղ միայն ադրբեջանական շահն է ներկայացված։

Քննարկվող փաստաթղթի էությունը հասկանալու համար ռազմաքաղաքական հարցերով փորձագետ Արմինե Մարգարյանը առաջարկում է համադրել 2020 թվականից Հայաստանի հռչակած օրակարգերը և Ադրբեջանից հնչող հայտարարությունները։

 «Հիմա, եթե սահմանազատումը այնտեղ չի մտնելու, եթե արցախահայերի վերադարձի իրավունքը որևէ կերպ չի արձանագրվում, եթե քառակուսի կիլոմետրերով մեր տարածքային ամբողջականությունը չի ճանաչվում, ի՞նչ փոխվստահության ամրապնդման միջոցների մասին կարող է լինել խոսքը, եթե այն ամենը, ինչը Ադրբեջանն ասում է, որ չի լինելու պայմանագրում և դա չլինի այդ պայմանագրում, ու այդ պայմանագիրը ստորագրվի, դա նշանակում է, որ մենք մեր 20 թվից այս կողմ օրակարգերը տապալել ենք»։

Մտավախությունների այսպիսի ձևակերպումներին հակառակ Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղարը պնդում է՝ բանակցությունների սեղանին այն ինչ կա և այն, ինչ Հայաստանն առաջարկում է, Հայաստանի համար ստեղծում են անվտանգության երաշխիքներ։ Չի կարող ՀՀ շահերին չհամապատասխանող փաստաթուղթ լինի, և Հայաստանը ստորագրի այն, պնդում է պաշտոնյան․

 «Այս խաղաղության պայմանագիրը նրա մասին է, որպեսզի փորձենք համակեցություն ստեղծենք տարածաշրջանում Հայաստանի և Ադրբեջանի միջև։ Եվ ո՛չ Հայաստանը, ո՛չ Ադրբեջանը տարածքային որևէ նկրտումներ չունենան միմյանց նկատմամբ։

Սա կարևոր սկզբունք է և կարևոր հանգամանք է, որպեսզի «Խաղաղության պայմանագիր» ստորագրվի։ Հայաստանը շարժվում է այս ուղղությամբ»։

Իսկ Ադրբեջանում շարունակում են ակտիվ շրջանառել այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջանի» թեզը, ինչը Հայաստանը գնահատում է որպես տարածքային պահանջներ, ինչը հակասում է «Խաղաղության պայմանագրի» տրամաբանությանը և ակնկալում է, որ այդ քարոզչությունը Բաքուն կդադարեցնի։

Անվտանգության խորհրդի քարտուղարը շարունակում է պնդել, որ բանակցություններում «միջանցքային տրամաբանությունը» ՝ այսպես կոչված «Զանգեզուրի միջանցք»–ի համատեքստում չկա։

«Ադրբեջանցիները բանավոր խոսքերում մեզ վստահեցնում են, որ ընդունում են Հայաստանի չորս սկզբունքները՝ սուվերենություն, իրավազորություն, փոխադարձություն և հավասարություն։ Եվ մենք բանակցությունների ընթացքում «Խաղաղության պայմանագրում» կարձանագրենք այս չորս սկզբունքները»։

Հայկական կողմը նաև վստահեցնում է, որ պայմանագիրը կնքելուց առաջ ադրբեջանական գերությունից կազատվեն նաև հաստատված 23 գերիները։

Սակայն, խաղաղության գործընթացին առնչվող որոշակի հստակեցում այս պահին կա միայն սահմանազատման և սահմանագծման հանձնաժողովների հետագա աշխատանքի վերաբերյալ։ Համաձայնություն կա, որ հունվարի վերջին հանձնաժողովները հանդիպեն։ Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետների մասնակցությամբ նախորդ հանդիպումը տեղի էր ունեցել նոյեմբերի 30-ին՝ Տավուշի սահմանին։ 

Կարդացեք նաև

Back to top button