
Իրանը հստակ դիրքորոշումներ ունի Հարավային Կովկասում տիրող իրավիճակի և տարանցիկ միջանցքների վերաբերյալ, հայտարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Նասեր Քանանին: Irna գործակալության փոխանցմամբ նա ասել է․
«Մենք մեծ ջանքեր ենք գործադրում տարածաշրջանի երկրներում խաղաղություն, կայունություն և անվտանգություն հաստատելու համար։ Մենք ընդգծում ենք` տարանցիկ համագործակցության զարգացումը չի կարող աշխարհաքաղաքական փոփոխությունների և երկրների տարածքային ամբողջականության և ազգային ինքնիշխանության խախտման համար հիմք հանդիսանալ»։
Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուին նախօրեին հայտարարել էր, որ ակնկալում են իրականացնել «Զանգեզուրի միջանցքի» ստեղծման նախագիծը մինչև 2029 թվականը։
«Զանգեզուրի միջանցքի ադրբեջանական հատվածը, որը սկսվում է Բաքվից մինչև Հորադիզ, մոտենում է ավարտին։ Միջանցքի թուրքական հատվածի երկարությունը 224 կմ է։ Ընդհանուր առմամբ, այս միջանցքի ստեղծման ողջ գործընթացը կտևի հինգ տարի։ Այսինքն՝ ես կարծում եմ, որ 2028 թվականին մենք ամբողջությամբ կավարտենք բոլոր աշխատանքները»,- ասել էր նա։




