
Ճապոնիայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 128-ի։ Հրապարակված վերջին տվյալների համաձայն՝ աղետի հետևանքով տուժել է 560 մարդ։
Արտակարգ ծառայությունները դեռևս չեն կարողանում գտնել 222 բնակչի։ Ամենամեծ վնասը տեղի է ունեցել Իսիկավա պրեֆեկտուրայում, որտեղ առնվազն 1370 տուն ամբողջությամբ կամ մասամբ ավերվել է, իսկ հրդեհները ոչնչացրել են մոտ 300 շենք։ Տուժած տարածաշրջանը շարունակում է զգալ էլեկտրաէներգիայի և ջրի և վառելիքի պակաս:

Աղետի գոտում շարունակվում են որոնողափրկարարական աշխատանքները, որոնց մասնակցում են Ճապոնիայի ինքնապաշտպանության ուժերի ստորաբաժանումները։ Նախօրեին փրկարարներին հաջողվել է գտնել և փլատակների տակից դուրս բերել 90-ամյա մի կնոջ, որը ավելի քան հինգ օր անցկացրել է սեփական տան փլատակների տակ։
Ճապոնիայում հունվարի 1-ին տեղի ունեցած 7,6 մագնիտուդով ավերիչ երկրաշարժի էպիկենտրոնը եղել է Ճապոնիայի կենտրոնական Նոտո թերակղզին։
Երկրաշարժի հետեւանքով հողը 4 մետր բարձրացել է եւ 130 սմ շարժվել դեպի արեւմուտք։




