ԿարևորՀասարակություն

Երախտագիտության մեդալ՝ արգենտինացի հայտնի իրավաբան Լուիս Մորենո Օկամպոյին

Արգենտինայում ՀՀ դեսպանությունում հունվարի 5-ին տեղի է ունեցել արգենտինացի հայտնի իրավաբան, Միջազգային քրեական դատարանի առաջին գլխավոր դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի անունից Երախտագիտության մեդալի հանձնման պաշտոնական արարողությունը, տեղեկանում ենք Արգենտինայում, Ուրուգվայում, Չիլիում, Պերուում և Պարագվայում ՀՀ դեսանության ֆեյսբուքի էջից։

Ներկայացնելով Մորենո Օկամպոյի գործունեությունը՝ դեսպան Հովհաննես Վիրբյանն ընդգծել է, որ վերջինս մեծ ավանդ ունի աշխարհում մարդու իրավունքների պաշտպանութան գործում, հավելել, որ Մորենո Օկամոպոն իր զեկույցով օգնել է հանրայնացնել արցախահայության հանդեպ իրականացվող հանցագործությունը և ճշգրիտ իրավական գնահատական տալ տեղի ունեցող իրադարձություններին:

Նշվել է, որ մեդալը ոչ միայն Լեռնային Ղարաբաղի 120 000 բնակչի, այլ նաև Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացու և ողջ հայության երախտագիտության հանրագումարն է:

Միջոցառման ընթացքում ցուցադրվել է Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի տեսուղերձը, որտեղ ՀՀ նախագահը բարձր է գնահատել Լուիս Մորենո Օկամպոյի կատարած աշխատանքը, որպես հեղինակավոր իրավաբան և մարդասեր՝ արցախահայության կյանքի, սեփականության և վերադաձի իրավունքները պաշտպանելու և ցեղասպանությանը կանխարգելմանը նպաստելու ուղղությամբ:

Այնուհետև դեսպանը Հանրապետության նախագահի անունից Երախտագիտության մեդալը փոխանցել է Լուիս Մորենո Օկամպոյին, որը նշել է, որ իր համար պատիվ է ցեղասպանության կանխարգելմանն գործին նպաստ բերելը: Հավելել, որ հայերի համար դժվար էր հաշտվել այն մտքի հետ, որ կրկին հայ ազգը ցեղասպանության զոհ է:

Նա ընդգծել է, որ այդ վտանգը դեռ առկա է: Այդ համատեքստում կարևորել է հայկական սփյուռքի ներուժը և համախմբված ու շարունակական գործունեությունը՝ հատուկ նշելով արգենտինահայ համայնքի օրինակը:

Միջոցառմանը ներկա էին տարբեր պաշտոնյաներ, դիվանագիտական կորպուսի, հայ համայնքի և լրատվական միջոցների ներկայացուցիչներ:

Կարդացեք նաև

Back to top button