
Օգոստոսի 18-ին Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու դեպքը բացահայտվել է։ Գործով 3 մեղադրյալներն էլ դատապարտված են։ Այժմ արդեն պարզ է՝ հայտնի տեսանյութը նկարահանվել է կոնկրետ անձի պատվերով։ Պատվիրատուն կալանավայրից է: Երեխայի հայրն այս գործով որևէ կարգավիճակ չունի՝ հայտնել է Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը: 3-րդ մեղադրյալն էլ այն անձն է, որը տարածել էր այդ տեսանյութը։
Դեպքից հետո «Ռադիոլուր»-ի հետ զրույցում Գավառի փոխքաղաքապետը հայտնել էր՝ ընտանիքը սոցիալական աշխատողի ուշադրության կենտրոնում է եղել։ Վերջինը վստահ էր, որ ամեն բան կարգին է, և երեխաներին ոչ մի վտանգ չի սպառնում։ Աղմուկը բարձրացավ պոստ ֆակտում, երբ միակ բանը, որ կարելի էր անել, հետագայում նման դեպքերը բացառելն էր։
«Ռադիոլուր»-ը փորձել է պարզել՝ որքանո՞վ է դա հնարավոր, պատասխանատվության ի՞նչ չափաբաժին ունեն սոցիալական աշխատողներն այսօր, ինչպե՞ս են աշխատում և ինչո՞ւ են այդպես աշխատում։
Վանաձորի համայնքապետարանի Խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովի քարտուղար Լեռնուհի Գևորգյանին չէր զարմացրել համացանցում տարածված Գավառում երեխայի նկատմամբ բռնություն պատկերող տեսանյութը։ Դեպքը հեռու է բացառիկ լինելուց։
«Հիմա մենք էլ ունենք, գիտե՞ք, էդ ձևի խնդիր, հենց էս պահին ունենք։ Ես շաբաթվա մեջ նվազագույնը 2 հատ նման տեսանյութ կարամ դնեմ Facebook, ամբողջ Հայաստանով լաց լինենք։ Ո՞վ ասավ, որ էդ դեպքեր չունենք։ Էն էլ ինչքան ունենք»։
Բազմաթիվ հարցերից հետո խնդրի մասին բարձրաձայնում են սոցիալական աշխատողները, որոնց աշխատանքը ենթադրում է բացահայտել խնդիրը և հոգալ, որ այն այլ լուծում ստանա։
90 000 բնակչություն․ 2 սոցիալական աշխատող․
ինչպե՞ս միայնակ տեսնել 45 000 մարդու խնդիր
«Ցավդ տանեմ, էդ դեպքերը սոցիալական միջավայրում ծնվող դեպերն են, դա համակարգային է, այստեղ պիտի սոցիոլոգները հետազոտություններ անեն, ու պատճառահետևանքային կապը գտնեն, նոր դրա հիման վրա խնդիրների լուծման ճանապարհներ գտնեն։ Դրանք պարզ բաներ չեն, դրանք շատ բարդ են։ Երեխայի տեղավորումն ամենաբարդն է, որովհետև ոչ թե ծնողազուրկ երեխաներ են, այլ ծնողներ ունեն։ Այդ երեխաները առաջին հերթին պիտի ճանաչվեն առանց ծնողական խնամքի մնացած երեխաներ, դա բավականին բարդ պրոցես է»,- պատմում է Լեռնուհի Գևորգյանը։
Վանաձորն ունի ավելի քան 90 000 բնակչություն և այդ բնակչությանը սպասարկող 2 սոցիալական աշխատող։ 2-ն էլ սկսնակ են, համալսարանը նոր ավարտել, սկսել են աշխատանքը, իսկ այս գործի որակն, ասում է, փորձն է ապահովում։ Դրան գումարվում է ծառայությունների բացակայությունը․ սոցաշխատողը խնդրի հետ մենակ է մնում։
«Դուք առողջապահության ոլորտում պատկերացնու՞մ եք, որ մենակ լինի մի հատ թերապևտ։ Պատկերացնու՞մ եք, որ առողջապահության ոլորտն աշխատի։ Էստեղ սոցիալական աշխատողը համայնքի թերապևտ է, բայց էն ծառայությունները, որ պիտի լինեն, գնանք՝ սիրտը ստուգեն, աչքը նայեն, ականջը նայեն, անալիզներ տան, էդ ծառայությունները համակարգում դեռևս չկան։ Վանաձորում խնամքի հաստատություններ ունեինք, մանկատներ ունեինք, հատուկ հաստատություն ունեին։ Բոլորը փակվել է, մի հատ սոցիալական աջակցության կենտրոն է մնում 100 երեխայի սպասարկելու համար։ Դուք պատկերացնու՞մ եք Վանաձոր համայնքի վիճակը։ Ոչ գիշերը քուն ունեմ, ոչ ցերեկը»։
Սոցիալական աշխատողն այնքան էլ անզոր չէ․
հնարավորություն չկա, կրեատիվ կլինեն
Ի՞նչ անել, երբ պատասխանատուն գիտի խնդրի մասին և ոչինչ չի անում՝ պատճառաբանելով, որ ոչինչ չի կարող անել։ Հարցն ուղղված էր աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական աջակցությանն առնչվող հարցերով խորհրդական Եվգինե Վարդանյանին․
«Սոցիալական աշխատողներն այս պահին էլ ունեն որոշակի լծակներ։ Իհարկե, դրանք ընդլայնման, հստակեցման կարիք ունեն։ Օրինակ՝ նույն բռնության դեպքերի հետ կապված խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովները ունեն հստակ իրավասություն՝ դատական գործընթաց նախատեսել ծնողական իրավունքների սահմանափակման կամ զրկման համար։ Այլ հարց է, որ խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովը կարող է չդիմել այդ քայլին, որովհետև հարևանն է, ռիսկ չանել գնալ այդ գործընթացով, վարանել, որովհետև դա երկար գործընթաց է։ Գոնե իրավական մակարդակում ընթացակարգեր կան»։
Եթե անտեղյակությանը կամ իրազեկված լռությանը հաջորդում է դժբախտ դեպք կամ գործը հասնում է հանրությանը, հետո՝ իրավապահ մարմիններին, սոցիալական աշխատողի գործունեությունը ուսումնասիրվում է։ Նախարարության ներկայացուցիչն ասում է՝ դրան հաջորդում են պատժի որոշակի մեխանիզմներ։
«Մի հատ դրական բան էլ ասեմ՝ մեր սոցիալական աշխատողները հերոսաբար իրենց աշխատանքը կատարում են։ Ես չեմ կարող բոլորի վերաբերյալ ասել, բայց ինքս գիտեմ, որ անգամ այս նեղ պայմաններում, երբ տնայցի հնարավորություն չունեն, պարզապես պատահական ճանապարհին կարող է․․․ առանց ծառայությունների, որովհետև սոցիալական աշխատողն ինչքան էլ կոմպետենտ է և այլն, մարդիկ բախվում են շատ տարբեր խնդիրների՝ առողջապահությունից մինչև կրթական և այլն, ու մեր սոցիալական աշխատողները, համայնքներում չունենալով այդ ծառայությունները, անկեղծ էլ չգիտեմ՝ ինչ կրեատիվություն են ցուցաբերում, որ կազմակերպեն այդ ծառայությունների իրականացումը»։
Նրանք ամենուր են, բայց քիչ ու անզոր
Պատասխանատու-խնդիր հարաբերություններ
Նախարարությունից հայտնեցին՝ ՀՀ բոլոր համայնքներում միասին 90-ին մոտ համայնքային սոցիալական աշխատողներ կան։ 5000 և ավել բնակչություն ունեցող համայնքներում 1 սոցիալական աշխատողի առկայությունը պարտադիր է։ «Ռադիոլուր»-ը փորձեց պարզել՝ արդյո՞ք բոլոր համայնքներում հաստիքը համալրված է, թե ոչ։ Պատահականության սկզբունքով ընտրված 20 համայնքներում զրույցներով պարզեցինք՝ աշխատողներ կան։ Սակայն նրանք, իրենց աշխատանքը կատարելիս, ոչ թե հերոսության ու կրեատիվ լուծումների համար գնահատանք, այլ պատշաճ աշխատանքային պայմաններ են ակնկալում։ Ավելի քան 28 000 բնակիչ ունեցող Տաշիր քաղաքի սոցիալական աշխատող Լիլիթ Ավետիսյան․
«Այս պահին 2 հոգով ենք աշխատում, տարածաշրջանում բավական մեծ թվով բնակչություն կա, բնականաբար մեր փոխարեն լինի սուպերհնարավորություններով որևէ աշխատակից, իրատեսական չի բոլոր ընտանիքները բացահայտել ու ակնկալել, որ հնարավոր է ամբողջը ջրի երես հանել։ Ֆիզիկապես չես հասցնի»։
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ներկայացուցիչն առաջարկում է հարցն առավել լավատեսորեն դիտարկել։ Ասում է՝ կար ժամանակ, երբ սոցիալական աշխատող ունենալու մասին էլ չէինք երազում։ Միևնույն ժամանակ հայտնում է՝ բոլոր խնդիրներին ծանոթ է․
«Սոցիալական աշխատողների թիվը շատ անհամապատասխան է բնակչության թվաքանակին, և ոչ միայն թվաքանակին, նաև հիմնախնդիրների ծավալին, որովհետև կարող է լինել շատ փոքր բնակավայր, բայց այնքան հիմնախնդիր ունենա, որ էլի ծանրաբեռնված լինի սոցիալական աշխատողը։ Այս խնդիրը արձանագրված է, և ավելին՝ որպես քաղաքականության մշակման գործընթացում ներառված մասնագետ պիտի ասեմ, որ մենք այս պահին փորձում ենք մշակել ուղեցույցի տարբերակ, թե ինչպես որոշեն սոցիալական աշխատողների թիվը համայնքները, որովհետև դա ոչ թե սոցապնախարարությունն է որոշում, այլ տարածքային կառավարման նախարարությունը, եթե մեր կողմից պատվիրակում չկա»։
Ոլորտը համակարգող գերատեսչությունը՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը, ՏԿԵ նախարարությանը չի պատվիրակում ավելացնել այս մասնագետների համար հաստիքների քանակը գուցե այն պատճառով, որ շեշտը դնում է Միասնական սոցիալական ծառայության կարողությունները զարգացնելու վրա։ Հանրապետությունում 49 սպասարկման կենտրոն ունեցող ծառայությունում սոցիալական աշխատողների քանակը մոտ 300 է։ Հիմք ընդունելով Վիճակագրական կոմիտեի տվյալներն այն մասին, որ մարդահամարի 2023-ի ապրիլի 1-ի դրությամբ Հայաստանի մշտական բնակչությունը կազմում է 2 միլիոն 981 հազար մարդ, պարզում ենք՝ 1 սոցիալական աշխատողը պատասխանատու է մոտ 10 000 մարդու սոցիալական պատշաճ կյանքի մասին հոգ տանելու համար։
Հետգրություն․ հարցազրույցներն արվել են 2023 թվականի օգոստոսին՝ տեսանյութի տարածմանը հաջորդող օրերին։ «Ռադիոլուր»-ը դրանք հրապարակում է դեպքի բացահայտումից հետո միայն։




