
Անկեղծ լինենք․ մենք չունենք այն պատասխանը, որը պլանավորել ենք ձեզ տալ։
Չենք զլացել՝ փնտրել ենք ամենուր, համադրել ենք արհեստական ու բնական բանականությունների մտքերը, ուսումնասիրել պատմական արխիվները, խառնել հողեղենն ու երևակայականը, ցանկություններն ու իրականությունը։
Հնարավոր չէ իմանալ՝ ինչ կլինի 2124-ին։
Մենք որոշել էինք ձեզ ցույց տալ ապագան։ Այժմ ստիպված ենք ցույց տալ՝ ինչու դա անել չենք կարող։
Հատուկ 100 տարվա ցիկլեր գոյություն չունեն պատմության մեջ․
պատմաբան Միքայել Մալխասյան
Գաղափար չունեմ։ Ես չգիտեմ՝ ինչ է լինելու 2024 թվականին․
տվյալագետ Հաբեթ Մադոյան

«Ամենահավես բանն է կանխատեսելը՝ ինչ կլինի 100 տարի հետո, որովհետև մեկ է՝ ոչ մեկ չի հիշելու, թե դու 100 տարի առաջ ինչ ես կանխատեսել, որ մի հատ էլ ասեն՝ այ էս մարդը էս ի՜նչ լավ հասկանում էր գործից, ճիշտ կանխատեսեց»,- ասում է տվյալագետ Հաբեթ Մադոյանը։
Եվ քանի դեռ նա 100 տարի առաջ նայելու չափ խելացի թվալու հավակնություններ չունի, ասում է այսքանը և լռում։ Նույնիսկ ընթացք պայմանավորող ամենակարևոր հատկությունը՝ տվյալ կարդալ-չափելու ունակությունը Մադոյանին չի համոզում փորձել։ Բայց համոզում ենք պատմել կանխատեսումն անհնար դարձնող հիմքերի մասին։
«Տեխնոլոգիական զարգացումը կանխատեսել հնարավոր չէ։ Մենք չենք կարող իմանալ՝ 20-30, նույնիսկ 10 տարի հետո ինչ տեխնոլոգիա է գերակա լինելու, դրանք թռչող մեքենանե՞րն են լինելու, տելեպարտացիա՞ է լինելու, տելեկինե՞զ է լինելու, մենք լուսնի՞ վրա ենք ապրելու․ ոչ մեկ չի կարողացել տեխնոլոգիական փոփոխությունը կանխատեսել»։
Արժե՞ արդյոք միտքն այդքան լարել, եթե ամեն ինչ կարող ենք թողնել, օրինակ, պատմության կրկնվող բնույթի վրա։ Գործը հեշտացնելու մեր այս փորձն էլ պատմաբան Միքայել Մալխասյանն է ձախողում․
«Հատուկ 100 տարվա ցիկլեր գոյություն չունեն պատմության մեջ և պատմագիտության տեսության գլխավոր ուսումնասիրողները երբևէ նման տեսություն դոմինանտ չեն համարել։ Այդ դեպքում մեր պարագայում ինչո՞ւ են որոշ իրադարձություններ կրկնվում կամ ինչու ենք նմանություններ տեսնում 1920-21 թվականների իրադարձությունների հետ․ դերակատարներն են հիմնականում նույնը»։
Պատկերացրեք՝ հարևանի հետ թունդ վիճել եք․ աղմուկ-աղաղակ, էլ բարևն անգամ չառնելու մտադրություն։ Հաջորդ օրն արթնանում եք լավ տրամադրությամբ ու մտածում, որ դե, վատ մարդ չէ, բան է եղավ։ Այդ էջը շրջել է պետք։ Դուք մոռանում եք հարևանի վատ վարքը, իսկ նա շարունակում է վստահ լինել իր ճշմարտացիության մեջ։
Պատմաբանն ասում է՝ այսպես ենք մենք անակնկալի գալիս, մտածում՝ պատմությունը մեզնից անկախ կրկնվեց։ Իսկ իրականում հարևանը չէր էլ դադարել մտածել մեզ կրկին վնասելու մասին։
Կարճ ասած՝ պատմության ցիկլային կրկնության վրա միտք կառուցելն անշնորհակալ գործ է։

-Իմ կարծիքն եմ ասելու ելնելով նրանից, ինչ ես գիտեմ հիմա՝ տեխնոլոգիաները ինչ վիճակում են, որն է զարգացած, ինչն է կարևոր, ու դա կարող է 2 տարի հետո արդեն ժամանակավրեպ լինել, դրա համար է անշնորհակալ բան կանխատեսում անելը,- ասում է Հաբեթ Մադոյանը։
-Բայց եկեք փորձենք։
-Փորձենք, հա։ Ինձ համար շատ կարևոր ու առաջնային է դեմոգրաֆիկ իրավիճակը, կարևոր ու առաջնային է էս պահի սահմանները, որովհետև Հայաստանն իր այս պահի սահմաններով կենսունակ չէ։
Ինչ արժեքային համակարգ կներշնչվի հասարակությանը, ինչպես կփոխվեն ՀՆԱ-ն, ժողովրդագրությունը, ռազմական պատրաստավածությունը․ տվյալագետն առանձնացնում է հնարավոր ամենախոսուն ցուցանիշները։ Սրանց շարժը մանրամասն հաշվել, ըստ նախանշված նպատակակետի փոփոխել է պետք․
«Եթե դու ինչ-որ բան չես կարող հաշվել, չես կարող կառավարել»։
Հաշվելու չափ կարևոր է ճանաչել չհաշվվող տվյալները՝ կարծում է Միքայել Մալխասյանը։ Առաջին հերթին՝ ինքնախարազանվելուց ավելի խնայող լինենք․ ոչինչ չկարողացող ազգը չէր կարող հազարամյակների պատմություն ունենալ։ Այսինքն՝ կա մի բան, որի վրա կարող ենք հույս դնել։ Կանխատեսումներ անելուց առաջ պետք է ճանաչենք այդ մեկ բանը։
«Հոգեբանական թերապիաներում, նկատած կլինեք, մի շատ կարևոր սկզբունք կա․ իհարկե խնդիր ունեն մարդուն դեպրեսիայից հանել և լուծել խնդիրը, որը բերում է դեպրեսիայի։ Բայց նախ նրան հիշեցնում են, թե ինքը բացի էդ մի խնդրից հազար հարցով էլ ինչ ուժեղ է, էդ հազար հարցով մարդուն հոգեբանորեն վերականգնում, հետո ասում են՝ էն դեպրեսիայիդ պատճառն արի վերացրու»։
Պատմաբանի կարծիքով՝ եթե այնուամենայնիվ որոշել եք կանխատեսումներ անել, ապա չմոռանաք ներուժը, որը մեկ անգամ չէ, որ արթնացել է ու փրկել թվում է՝ անելանելի իրավիճակում։

Տվյալագետ Հաբեթ Մադոյանի և պատմաբան Միքայել Մալխասյանի անձնական կարծիքները ներկայացնում ենք ստորև՝ առանց մեկնաբանության։
«Եթե չզինվենք ու չդառնանք զինված հասարակություն, ուշադրություն չդարձնենք մեր անվտանգությանը, բանակը չուժեղացնենք, պետությունը չուժեղացնենք, ի՞նչ 2124 թվական։ 2024։ Չի՛ լինի էլ մյուս տարի, ինչի՞ ենք սպասում 100 տարի, ո՞վ է մեզ էդ 100 տարի ժամանակը տալու»,- ասում է Հաբեթ Մադոյանը։
«Վերջին տարիների զարգացումները որևէ լավ բանի մասին չեն հուշում, հատկապես 2020-ից սկսած ցիկլը մեզ որևէ լավ տեղ չի տանում»,- Միքայել Մալխասյանի կարծիքն է։

Այս հարցին պատասխանելուց առաջ կլինի այն պատասխանը, որի հարցը տալիս երկմտում ենք․ Այո՛, ամենականխատեսելի ընթացքը բեկել հնարավոր է։
«Ամբողջ տրամաբանությունն ասում է, որ Հայաստան չպետք է լինի, մյուս տարի չպետք է լինի։ Բայց միևնույն ժամանակ էլ, եթե նայում ենք նույն Նապոլիանի հաղթանակների գաղտնիքը ինչո՞ւմ էր․ ամբողջ եվրոպան ընդունված էր, որ փոքր-փոքր բանակներ են սարքում, տարբեր տեղերից հաձակվում են։ Նապոլիոնը բոլորը միացնում էր իրար, ու մեծ բանակով գնում էր հարձակվելու ու քանի որ ինքը ոչ ստանդարտ մատծելակերպ ուներ, բոլորին ջարդում էր։ Եվրոպացիները սովորեցին, որ Նապոլիոնը մեծ բանակով է գալիս ու իրենբց ամբոջղ ստրատեգիւան սարքեցին նենց, որ իրենք մեծ բանակի դեմ են կռում։ Մեկ էլ՝ հոպ, Նապոլիոնը բաժանեց իր բանակները փոքր-փոքր խմբերի»,- ասում է Հաբեթ Մադոյանը։
Հաջողության բանաձև համար մեկ՝ լուծումն անսպասելի գործելն է։ Հաջողության մեկ այլ՝ առավել հիմնավոր բանաձև․ լուծումն առհասարակ գործելն է։
«Ադրբեջանի խոհրդարանը ընդունեց հայտարարություն, որով ՀՀ–ի նկատմամբ փաստացի և՛ տարածքային պահանջներ են ներկայացվոմ արդեն, և՛ նաև խոսվում է, որ իրենք փորձելու են ՀՀ-ում ադրբեջանցիների վերաբնակեցման ծրագիրը մեծ թափով իրականացնել։ Եթե մենք նայենք այս ամենին, ասենք, 5 տարի հետո պատմաբանի աչքով՝ պիտի ասնեք՝ ինչո՞ւ ժամանակին այ էս էս էս քայլերը չենք արել, որ սա իրականություն չդառնար»։
Միտումը վատն է՝ ասում է պատմաբանը։
Լավ նորությունն այն է, որ սա միտում է, ոչ թե օրինաչափություն։
Իսկ միտումները կարելի է փոխել։
Ինչպիսի՞ն կլինի Հայաստանը 2124-ին։ Մենք այս հարցի պատասխանը չենք գտել։
Բայց գտել ենք ավելի կարևոր մի բան․ պատասխան գոյություն չունի, այն հորինելու ենք ինքնուրույն։
2124-ի պլանավորումը մեր պատասխանատվության տակ է։




