ԿարևորՀասարակությունՌեպորտաժներ

«Ատոմային ժառանգությամբ Հայաստան»․ Ադրբեջանը և Վրաստանը միջուկային աղբյուրից ստացվող կանաչ էներգիա չունեն եվրոպական մալուխի համար

Մեզ բաժին հասած «ատոմային ժառանգությունն» ավելացնելու, հարցին առնչվող շահարկումների, ինչպես նաև Սև ծովի հատակով էլեկտրական մալուխ անցկացնելու ծրագրում Հայաստանի մասնակցության  մասին Աստղիկ Փիլիպոսյանը զրուցել է ՀԱԷԿ-ի տնօրենների խորհրդի նախագահի և  ՄԱԿ-ում էներգետիկայի գծով Հայաստանի ազգային փորձագետի հետ:

Էներգետիկ ինքնաբավության համար գերտերությունները և կանաչ էներգիայի գլխավոր ջատագով Եվրամիությունը որոշել են ավելացնել միջուկային էներգիայի արտադրությունը:

Մենք վաղուց ատոմային տեխնոլոգիային տիրապետող երկիր ենք, լավ ժառանգություն ենք ստացել և դա մեր ձեռքից չպետք է բաց թողնենք՝ տարին ամփոփելով ասում է «Ատոմակայանների շահագործման գիտահետազոտական ինստիտուտի» գլխավոր տնօրեն, ՀԱԷԿ-ի տնօրենների խորհրդի նախագահ Վահրամ Պետրոսյանը:

«Մենք արդեն ունենք ատոմակայանի շահագործման փորձ, և գտնվում ենք այնպիսի դիրքում,  որ չունենք նավթ ու գազ: Մեծամորի ատոմակայանը 2 բլոկից է  բաղկացած: Առաջին բլոկը կանգնած է, երկրորդը շահագործվում էվերաթողարկվեց 1995 թ.-ին կանգնելուց հետո: Հիմա առաջին անգամ կյանքի տևողությունը՝ շահագործման ժամկետը, երկարացվեց մինչև 2026 թվական»:

Ատոմային էներգիայի մասնագետը հավելում է՝ կա կառավարության որոշում և հատկացված են ֆինանսներ՝ «Մեծամորի հսկայի» կյանքի տևողության 2-րդ երկարացման համար: Դրա արդյունքում այն էլեկտրականություն կարտադրի 2026-ից մինչև 2036թ.-ը: 10 տարի:

-Կհաջողե՞նք:

-Իհարկե, խոսք անգամ լինել չի կարող, որովհետև արտերկրում՝ նույն Ռուսաստանում, Հունգարիայում և այլն, կա էդպիսի փորձ, որ երկարացվել է մինչև 30 տարի: Իսկ եթե մենք մինչև 2036 թվականն ենք տանում, մենք երկարացրած կլինենք նախագծային ժամկետից 20 տարի:

Գործող էներգաբլոկին «երրորդ շնչառություն» տալուց զատ՝ Հայաստանը նախատեսում է ոլորտում նոր շինարարական նախագիծ իրականացնել: Մասնագետը ճշգրտում է՝ խոսքը ոչ թե նոր ատոմակայան, այլ գործող ատոմակայանին կից միջուկային նոր էներգաբլոկ կառուցելու մասին է:

«Կառուցման արդյունքում կունենանք նոր միջուկային էներգաբլոկ, որը կարելի է շահագործել 80 տարի, եթե ոչ ավելի»:

Հարցին, թե ինչպիսի բլոկ դա կլինի, «Ատոմակայանների շահագործման գիտահետազոտական ինստիտուտի» գլխավոր տնօրեն Վահրամ Պետրոսյանը պատասխանում է.

«Որպես բնագավառի մասնագետ, ես հակված եմ Հայաստանում ունենալ 600 մեգավատ՝ 2 հատ 300 մեգավատանոց բլոկ: Բայց էստեղ էլ խնդիրներ կան, դեռ էդպիսի բլոկները չեն շահագործվում, հիմա ձգտում են Միացյալ Նահանգներում կառուցել էդպիսի բլոկներ:

Մեր կոլեգաները Ռուսաստանի Դաշնությունից առաջարկում են 1200 մեգավատանոց բլոկ: Մեր մասնագետներն ասում են կարելի է տեղավորվել, բայց էստեղ էլ ուրիշ խնդիրներ կան:

Պետք է ընդհանուր համատեքստում նայել՝ ինչքան կզարգանա երկիրը, հարևանների հետ ինչպիսի հարաբերություններ կլինեն, և հետագայում ինչքան էլեկտրաէներգիա մեզ պետք կլինի, որ ճիշտ  բլոկ ընտրվի»:

Մասնագետը բացատրում է՝ որոշումը պետք է կայացվի, որպեսզի 2036թ.-ին գործող էներգաբլոկը կանգնեցնելուց հետո սկսենք շահագործել նոր կառուցվածը:

Հայաստանում ատոմային անվտանգության՝ օտարերկրյա  շահարկումների մասով Վահրամ Պետրոսյանն ասում է. «Թուրքերը ավելի շատ են մտածում մեր անվտանգության մասին, քան մե՞նք: Դա հնարավոր բան չէ: Ատոմային տեխնոլոգիայի տիրապետում ես՝ քո երկրի տնտեսությունը կզարգանա, որովհետև էներգետիկան երկրի տնտեսության հիմանական ողնաշարն է: Թուրքիան ինչո՞ւ է կառուցում 4 բլոկ, ևս 4-ն էլ պլանավորում է կառուցել: Իրանում 1 բլոկ շահագործում են և 2-րդ բլոկն են ուզում կառուցել: Ադրբեջանն այս անգամ ՄԱԳԱՏԵ-ում կոլեգաների մակարդակով լսեցի, որ ձգտում է ինքն էլ ունենալ միջուկային էներգաբլոկ: Վրաստանի մասով չկա էդպիսի խոսք, չեն նախատեսում»:

-Միջուկային վառելիքի մասով հնարավոր համարո՞ւմ եք, որ ռուսական մատակարարին այլընտրանք գտնենք,-հեղինակ:

-Ով բլոկը դրեց, ինչ բլոկ ընտրեցինք, այդ բլոկին համապատասխան պետք է միջուկային վառելիք գնենք: Տարբեր կասետաներ են: Եթե ենթադրենք ռուսական բլոկ է կառուցվում, ապա միջուկային վառելիքը կմատակարարեն ռուսները: Ի միջի այլոց շատ լավ վառելիք են արտադրում, չենք բողոքում, երկար տարիներ շահագործվում է մեր ատոմային կայանը:

Հայաստանում էներգետիկայի գծով ՄԱԿ-ի ազգային փորձագետ Արա Մարջանյանը տարին ամփոփելիս նույնպես շեշտում է գործող էներգաբլոկի կյանքի տևողության երկարաձգման հանգամանքը: Երկրորդ հաջողությունն, ըստ նրա, այն է, որ թեև վատ ակնկալիքներին, մեր երկիր մատակարարվող գազի գինը չփոփոխվեց:

«Այն մնաց 165 դոլար 1000 խորանարդ մետրի համար, և այդ գինը կպահպանվի 10 տարի: Սա շատ կարևոր է՝ տալիս է մեզ հուսալիություն, կայունություն,  և ավելի հեշտ է պատկերացնել՝  բիզնեսի, արդյունաբերության զարգացման տեսանկյունից պլաններն ինչպես կառուցել գազի այսպիսի գնի պարագայում»:

Վերականգնվող էներգետիկայի մասով Արա Մարջանյանը նկատում է՝ փոփոխություններ կատարվեցին ռազմավարության մեջ, դրանում ավելացվեց  «Այգ-2» ֆոտովոլտային արեգակնային կայանի թողարկման անհրաժեշտության մասին:

ՄԱԿ ազգային փորձագետը հավելում է՝ «կանաչ էներգետիկա» հասկացության մեջ Եվրամիությունը պաշտոնապես մտցրեց նաև ատոմային էներգետիկան: Դա նշանակում է, որ մեր ատոմային բաղադրիչով կարող ենք օգտվել Global Gateway ծրագրով նախատեսվող վարկային և տեխնիկական աջակցությունից: Մի քանի միլիարդ եվրո արժողությամբ ծրագրի մի փոքր մասն էլ վերաբերում է Սև ծովի հատակով էլեկտրական մալուխ անցկացնելուն: Այն պետք է Հարավային Կովկասից կանաչ էլեկտրական էներգիա արտահանի Արևելյան Եվրոպա:

«Ընդ որում՝ Հարավային Կովկասում Հայաստանը միակ հանրապետությունն է, որտեղ առկա են այսչափ բազային երաշխավորված հզորություններ: Այլ խոսքով ՝ այդ սևծովյան մալուխ կոչեցյալ կաբելն էներգետիկ և ինժեներական տեսանկյունից իմաստ ունի միայն այն դեպքում, եթե ծրագրին մասնակցի Հայաստանը»:

Արա Մարջանյանը նկատում է՝ Հայաստանից զատ, ո՛չ Ադրբեջանը, ո՛չ Վրաստանը, միջուկային աղբյուրից ստացվող այնքան կանաչ էլեկտրաէներգիա չունեն, որպեսզի նպաստեն եվրոպական մալուխի արդյունավետ աշխատանքին:

Կարդացեք նաև

Back to top button