ԿարևորՌեպորտաժներՔաղաքական

Պայմանավորվածություններ խաղաղության շուրջ․ տորպեդահարվող հանդիպումների պայմաններում գրանցվող առաջընթաց

Տարեվերջին քննարկվող թեմաներից ամենաշատը թերևս Խաղաղության պայմանագրին առնչվող հարցն է։ Թեև տարվա ավարտին մնացել են հաշված օրեր, պարբերաբար բանակցային նոր առաջարկներ են բացահայտվում։ Տարվա վերջին օրերի աշխատանքը էականապես փոխել է բանակցությունների գնահատականը, ինչի մասին խոսել են և՛ Երևանում, և՛ Բաքվում։

Տարվա վերջին օրերին Երևանն ու Բաքուն սկսել են խոսել խաղաղության պայմանագրի բանակցային փուլում նոր առաջընթացի մասին։ Փակագծեր առանձնապես չեն բացվում, բայց ակնարկներ արվում են։ Եթե Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը իր տարեվերջյան ասուլիսում հայտարարել է, որ Բաքվի ու Երևանի միջև դեռևս կան որոշակի տարաձայնություններ խաղաղության պայմանագրի վերաբերյալ, սակայն դրանց թիվը լրջորեն նվազել է, Հայաստանի ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը լրագրողների հետ իր վերջին շփման ժամանակ ավելի հստակ է խոսել․

«Ամենակարևոր սկզբունքները, իմ ընկալմամբ, արդեն իսկ ֆիքսված են և կան ևս մեկ–երկու կարևոր սկզբունք, որոնց շուրջ հիմա գնում է բանակցություն՝ տարբերակները»։

Երկու կողմի մտադրությունների առումով նույնպես նորություններ կան։ Ալեն Սիմոնյանն ասում է, որ հայկական կողմը փորձում է մինչև նոր տարի պատասխանել դեկտեմբերի 25–ին ստացած ադրբեջանական առաջարկներին։ Բայրամովը, իր հերթին, մեկ այլ բացահայտում է արել՝ հայտարարելով, որ ապագայում Ադրբեջանն ու Հայաստանը կարող են արտգործնախարարների մակարդակով խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններ վարել սահմանին, և նման առաջարկ արվել է։  Սա, փաստորեն, ուղիղ՝ առանց միջնորդների բանակցություններ վարելու առաջարկն է, որին Հայաստանից պաշտոնական պատասխան դեռ չի հնչել։ Փոխարենը՝ Հայաստանում սկսել են ավելի շատ խոսել ադրբեջանական մեկ այլ առաջարկի մասին՝ տարանջատել խաղաղության գործընթացը սահմանագծման և սահմանազատման գործընթացից։ Ոչ պաշտոնական այս դիրքորոշումը շրջանառության մեջ դրեց կրկին ՀՀ ԱԺ նախագահը։

«Ես կարծում եմ, որ կարող ենք դիտարկել նման գործելաոճ, որովհետև դա ժամանակային առումով կարող է շատ ավելի երկար տևել, կարող է նույնիսկ տարիներ տևել։ Իրական խաղաղության գնացող երկիրը որևէ խոչընդոտ չի տեսնի նման բաների մեջ և կարծում եմ, որ այո, ինչ–որ հարցեր ֆիքսելուց հետո կարող ենք այդ խաղաղության պայմանագիրը կնքելուց եհտո հասարակություններին խաղաղության մթնոլորտում և խաղաղության բերելուց հետո, այո կարող է նաև նման բան լինել։ Բայց դա իմ կարծիքն է, հանկարծ խնդրում եմ, սա ընդհանրական կարծիք չհամարեք»։

Նման զարգացումը, սակայն, վտանգավոր տարրեր ունի, պնդում է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը։

 «Դեմարկացիան կարող է տասնամյակներ տևել, բայց նույնը չէի ասի դելիմիտացիայի մասին։ Եթե նույնիսկ դելիմիտացիան ավարտված չէ, խաղաղության պայմանագիրը առնվազն պետք է հաջորդի այն բանին, երբ ճշտվում են դելիմիտացիայի սկզբունքներն ու քարտեզը։ Եթե դելիմիտացիայի կամ հայերեն՝ գծանշման քարտեզն ու սկզբունքները ճշտված չեն, դա նշանակում է, որ խաղաղության պայմանագիր ես ստորագրում առանց քո երկրի տարածքային պարամետրերը ֆիքսելու։ Դա իր հերթին նշանակում է, որ խաղաղության պայմանագիրը լինելու է ա\ Լեռնային Ղարաբաղի կլանումը օրինականացնելու մասին, բ\ ՀՀ 208 քառակուսի կիլոմետր տարածքների օկուպացիան օրինականացնելու մասին, և առևտրի դաշտ է բացվում, որտեղ սեղանին դրված են Հայաստանի նոր տարածքներ»։

Սա հենց այն մասին է, որ Ադրբեջանն արդեն շրջանառում է՝ խոսելով Հայաստանի ևս 8 գյուղի մասին։ Բայրամովն իր ասուլիսում շարունակել է Հայաստանին անհիմն տարածքային պահանջներ ներկայացնել՝ խոսելով ութ գյուղերի մասին։ Նա ասել է, որ այդ գյուղերն ունեն իրենց առանձնահատկությունները, որոնցից 4-ն անկլավային են, մնացած 4-ը՝ ոչ: Ադրբեջանի մոտեցումն այն է, որ գործընթացում կարող է լինել որոշակի հաջորդականություն, և դա կարող է շարունակվել փոխադարձ քննարկման տեսքով։ «Հայաստանը ևս ունի իր պահանջները, իր տեսակետները սահմանների վերաբերյալ»,- նշել է Բայրամովը։ Ըստ նրա՝ դա կապված է սահմանազատման գործընթացի հետ, որը չպետք է խաղաղության պայմանագրում տեղ գտնի։

Հայաստասնի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը նույնպես այս հարցը հասցեագրում է սահմանազատման ու սահմանագծման գործընթացին։

 «Գործընթացը կարող է կազմակերպվել հետևյալ կերպ, որ այդ տարածքները որոշակի նախանշվեն, դրանց իրավաբանական հիմքերը պետք է հանել։ Մի բան է որևէ տարածքի մասին խոսել, մեկ այլ բան է այդ տարածքի իրավաբանական կարգավիճակը, կարգավորումները, առկա հիմքերը և այլն։ Այնուհետև տեղի ունենա երկու գործընթաց։ Մեկը փոխանակումն է, մյուսը ֆիզիկապես թողնել զուտ տարածական, որոշակի կարգավորումներ ունենալ։ Կարգավորում նկատի ունեմ այն, որ այդ տարածաքները որոշակի մակերես ունեն և դեմարկացիա, դելիմիտացիա կոչվող երևույթը կարող է այս հարցերի պատասխանը տալ։ Իմ պատկերացմամբ, այս հարցին կարելի է պատասխանել հենց այդ աշխատանքային խմբի շրջանակներում, երբ սահմանների դեմարկացիա, դելիմիտացիա տեղի կունենա, այդ ամբողջ փաթեթով այդ հարցը դիտարկել»։

Ինչ վերաբերում է «Խաղաղության խաչմերուկ» ծրագրին, որը ըստ էության, խաղաղության օրակարգի բաղկացուցիչ մասերից է, Սանոսյանի խոսքով՝ միջազգային բանկային տարբեր դոնոր կազմակերպություններ մեծ հետաքրքրություն են ցուցաբերում այդ ծրագրի նկատմամբ: Հայաստանի իշխանությունների հետ քննարկումներում պարզ է դարձել, որ պատրաստ են այդ ծրագրի որոշ հատվածներում շինարարություն կամ այլ գործընթաց իրականացնել, եթե դրա կարիքը լինի։

Կարդացեք նաև

Back to top button