ԿարևորՀասարակությունՌեպորտաժներ

Չնայած արգելանքը հանվեց, բայց Վանաձորն այդպես էլ ընտրված համայնքապետ չունեցավ

2021թ․ դեկտեմբերի 5-ին կայացած ընտրություններից 2 տարի անց Վանաձոր համայնքը փաստացի համայնքի ղեկավար չունի, թեև կա ընտրված ավագանի: Դատական երկարատև գործընթացներից հետո Վճռաբեկ դատարանը, ի վերջո, մերժեց Լուսավոր Հայաստան կուսակցության վիճահարույց հայցն ու վերացրեց արգելանքը:  Սա նշանակում է, որ Վանաձոր համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատարը պետք է ավագանու նիստ հրավիրեր՝ համայնքի ղեկավար ընտրելու օրակարգով: Ավագանու նիստ այդպես էլ չի հրավիրվել, համայնքի ղեկավար չի ընտրվել, կառավարությունն էլ վաղաժամկետ չի դադարեցրել ավագանու լիազորությունները:

2021-ի ՏԻՄ ընտրություններից 2 տարի անց Վանաձորը տարին եզրափակում է խնդիրների մեծ կապոցով. ունի ընտրված ավագանի, որը փաստացի չի գործում, ՏԻՄ-ում առաջացած ճգնաժամն էլ հանգուցալուծվելու փոխարեն ավելի է խորանում: Ամենակարևորը՝ համայնքի ղեկավար այդպես էլ չընտրվեց: Ավագանու խմբակցությունները, նեղ կուսակցական շահերով կաշկանդված, անհաղորդ են ստեղծված իրավիճակին: «Մամիկոն Ասլանյան» դաշինք խմբակցությունից Գայանե Քալանթարյանը, որ Վանաձորի ավագանու բոլոր գումարումների անդամ է եղել, ցավով արձանագրում է՝ իշխանություններին չհաջողվեց Վանաձորի ՏԻՄ-ը ռելսերի վրա դնել:

«Ցավալիորենկաճգնաժամ, քանի որ ունենք ոչ թե ընտրվածհամայնքապետ, այլ վարչապետի կողմից նշանակված պաշտոնակատար: Համայնքի ղեկավարն ընտրովի մարմին է, կրում է պատասխանատվություն ողջ բնակչության նկատմամբ, իսկ նշանակովի պաշտոնակատարը՝ միայն կառավարության: Կարծում եմ՝տուժում  է ժողովրդավարությունը և ժողովրդավարության ամենակարևոր սկզբունքներից մեկը՝ ընտրությանիրավունքը»:



Համայնքային տնտեսության օրեցօր վատթարացող վիճակն ավելի շատ փակուղային է և լավատեսություն չի ներշնչում, թե մոտ ապագայում կփոխվի՝ մտահոգություն է հայտնում Գայանե Քալանթարյանը: Ավագանին հազվադեպ է նիստեր գումարում՝ այն էլ հրատապ հարցերի օրակարգով: Եթե այս տարի Վանաձորում իրականացված մեծածավալ սուբվենցիոն ծրագրերը մի կողմ դնենք, ասում է, համայնքային միջոցներով գրեթե ոչինչ չի արվում՝ անգամ պատշաճ աղբահանություն: Քաղաքն աղբակույտերի մեջ է՝ ասում  է Քալանթարյանը,  կենտրոնական հատվածներն էլ շուկայի են վերածվել՝ բացօթյա առևտրի պատճառով:

«Մեր ցավոտ կողմը մնում է  աղբահանությունը: Շատ կնճռոտ հարց է, մենք երկար ժամանակ սպասում ենք, որ նաև ծրագրի օգնությամբ այն պետք է բարելավվեր: Տարին ավարտվում է, և դեռևս քաղաքն անմաքուր վիճակում է: Գուցե որոշ թաղամասերում արվում է, բայց դա գոհացուցիչ չէ»:

2023թ․սեպտեմբերի 1-ին ՀՀ Վճռաբեկ դատարանը մերժեց «Լուսավոր Հայաստան» կուսակցության բողոքը։ Մերժումը ենթադրում էր, որ 2021թ․դեկտեմբերի 5-ի ընտրությունների արդյունքները վերջնականապես ուժի մեջ են մտել:  Վճռաբեկ դատարանի որոշմանը տրամաբանորեն պիտի հաջորդեր ավագանու նիստը՝ համայնքի ղեկավար ընտրելու օրակարգով, որը տեղի չունեցավ՝ ասում է «Ուղղակի ժողովրդավարություն» ՀԿ նախագահ Գևորգ Քոթանջյանը:Կառավարությունն, ասում է, պիտի վաղաժամկետ դադարեցներ ավագանու լիազորություններն ու արտահերթ նոր ընտրություններ նշանակեր։

«Համայնքային իշխանության և կառավարության կողմից ցուցաբերվում է հանցավոր անգործություն, քանի որ Վանաձորում 100000-ից ավելի մարդու ընտրական իրավունքն է խախտվում: Փաստացի սեպտեմբերի 10-ից մենք պետք է ունենայինք ընտրված ղեկավար, բայց չունենք: Կառավարությունը պետք է ցրի ավագանին»:


Գևորգը ելքն արտահերթ ընտրություններն է համարում, թեև քաղաքական ուժերին այս վիճակը հարմար է: Մեծ հաշվով՝ ռեսուրսները սուղ են, քաղաքապետի արժանի թեկնածուի խնդիր բոլորն ունեն:

«Անկախ դիտորդ» դաշինքը Վանաձորում ստեղծված իրավիճակի վերաբերյալ հայտարարություն է տարածել՝ ակնկալելով կառավարությունից անհապաղ միջոցներ ձեռնարկել՝  ՏԻՄ-ում ստեղծված ճգնաժամը կարգավորելու ուղղությամբ: Դաշինքն արձանագրել է՝  Վանաձորի համայնքապետարանի աշխատակազմը, համայնքի ղեկավարի պաշտոնակատարը,  պարտավոր էին միջոցներ ձեռնարկել՝ արգելանքի  վերացման որոշումն ստանալու ուղղությամբ, ինչը ուղղակիորեն բխում է հանրային ծառայողի բարեխղճության սկզբունքից, բայց չեն արել ու խախտել ՏԻՄ օրենքը:

Օրենքի 64-րդ հոդվածի 1-ին մասով՝ ավագանու նիստը օրենքի ուժով պիտի գումարվեր դատական ակտի պաշտոնական հրապարակումից 10 օր անց: Քանի որ համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով ավագանու նիստերի նկատմամբ արգելանքը հանվել է, Վանաձոր համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Արկադի Փելեշյանը նոյեմբերի 29-ին նիստ հրավիրելու փոխարեն առնվազն սեպտեմբերի կեսերին պիտի այն անցկացներ՝ համայնքի ղեկավար ընտրելու նպատակով: Դաշինքի համակարգող Վարդինե Գրիգորյանը «Ռադիոլուր»-ի հետ զրույցում ասում է՝ գործ ունենք համայնքային պաշտոնյաների անբարեվարքության հետ, որի արդյունքում հանրապետության 3-րդ քաղաքը կաթվածահար վիճակում է․ ո՛չ համայնքային մակարդակում է խնդիրը լուծվում, ոչ հանրապետական․

«Ըստ էության՝ պաշտոնակատարի կողմից իշխանության զավթում է, որովհետև ստացվում է, որ ինքն արդեն լիազորված չէ իրականացնել այն գործառույթը, որն իրեն տվել էին նշանակելով, որովհետև այլ գործընթաց պիտի տեղի ունենար ու ինքն, ըստ էության, անգործություն է ցուցաբերում՝ շարունակելով պաշտոնավարել: Չկա կամք իշխանություն ձևավորելու, նաև ռեսուրս չկա: Եթե ունենային հստակ թեկնածու ու նա ունենար բավարար կողմ ձայներ, նիստ տեղի կունենար»:

Ենթադրում է՝ այս պարագայում անգամ Փելեշյանն արդեն  վստահ չէ, որ կընտրվեր համայնքի ղեկավար: Կարծում է՝ կառավարությունը որոշում կընդունի ավագանին վաղաժամկետ ցրելու  մասին, որովհետև ասում է, այս ավագանին այլևս գոյություն չունի, և անիմաստ է փորձել վերակենդանացնել նրան: Նման կոլապսային վիճակներից խուսափելու  ուղիներ է մատնանշում, որոնք զերծ կպահեն համայնքի կառավարումը ցնցումներից․

«Մենք կարծում ենք, որ շատ տրամաբանական կլինի, եթե այն դեպքերում, երբ ուժերից որևէ մեկը 50 % ձայն չի ստանում, ժողովրդին հնարավորություն տրվի ընտրել ավագանու կազմից համայնքի ղեկավար, այսինքն՝ 2-րդ փուլի նման, որովհետև եթե չկա այդ 2-րդ փուլի մեխանիզմը, պարալիզացվում  է ավագանին կամ տեղական ինքնակառավարումը, մինչև նոր ընտրություններ են տեղի ունենում, որը կարող է բխել քաղաքական ուժերի շահերից, բայց ոչ բնակիչների»:

Վարդինե Գրիգորյանի համոզմամբ՝ Ընտրական օրենսգրքում նման կարգավորման անհրաժեշտությունն առաջացել է մի շարք համայնքներում ստեղծված նախադեպային իրավիճակներից: Այժմ, ասում է, ավագանու կազմում ներկայացված բոլոր ուժերն ուղղակի ժամանակ են ձգում՝ մինչ արտահերթ ընտրություններն ավելի շահեկան դիրքավորվելու նպատակով: Չի բացառում, որ կուլիսային քննարկումների արդյունքում  նոր կոալիցիաներձևավորվեն՝ միասնական թեկնածուառաջադրելով կամ ի հայտ գան անսպասելի թեկնածուներ:

Շարունակելով Վանաձորի ավագանու թեման, հավելենք, որ Վանաձորի ավագանու «Հայրենիք» խմբակցության ղեկավար Վահե Դոխոյանը հայտարարություն է տարածել, նշելով, որ միակ լուծումը նոր ընտրություններն են: Հայտարարության մեջ մասնավորաբար ասված է՝

Վանաձոր համայնքի ավագանու խմբակցության ղեկավարներ, ավագանու հարգելի անդամներ, որպես «Հայրենիք» խմբակցության ղեկավար, պաշտոնապես դիմում եմ ձեզ, յուրաքանչյուրիդ, առաջարկելով ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ, որպեսզի ընտրվի վանաձորցիների մեծամասնության վստահությունը վայելող քաղաքապետի թեկնածուն կամ Վանաձորում կայանան համայնքի ավագանու նոր ընտրություններ, և այդպիսով հնարավոր լինի վանաձորցուն վերադարձնել իր քվեն։

Հայտարարում ենք, որ պատրաստ ենք սկսել քննարկումներ ժողովրդավարությունը և սահմանադրականությունը Վանաձորում վերականգնելու հարցի շուրջ։ Ունենք համոզմունք, որ խնդիրը պետք է լուծվի Վանաձոր համայնքի բոլոր խմբակցությունների ավագանիների ջանքերով, ուստի՝ ակնկալում եմ Վանաձոր համայնքի բոլոր խմբակցությունների պաշտոնական արձագանքը։

Կարդացեք նաև

Back to top button