ԿարևորՄշակույթ

Ազնավուրյան երեկո՝ «Արամ Խաչատրյան» համերգասրահում

«Արամ Խաչատրյան» համերգասրահում դեկտեմբերի 29-ին ազնավուրյան երեկո է սպասվում։ Համերգի կազմակերպիչը Հայաստանի Ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբն է։ Ազնավուրի երաժշտությունը հնչելու է Հանրային Ռադիոյի էստրադային սիմֆոնիկ նվագախմբի կատարմամբ։ Համերգի հատուկ հյուրն է լիբանանցի երգիչ, դաշնակահար, կոմպոզիտոր Ղասսան Յամմինը։

Լիբանանցի երգիչ, կոմպոզիտոր Ղասսան Յամմինը հայտնի է Շառլ Ազնավուրի երգերի կատարումներով։ Նա Եվրոպայում հաճախ է տարբեր նվագախմբերի հետ հանդես գալիս։ Տարիներ շարունակ Յամմինը կատարել է Ազնավուրի երգերը, բայց Հայաստանում այն ներկայացնելու է առաջին անգամ։

 «Ազնավուրը հենց պետք է Հայաստանում կատարել, այն տարիների իմ երազանքն է եղել»։

Յամմինը 20 տարեկան էր, երբ առաջին անգամ ետնաբեմում տեսավ Ազնավուրին։ Ընդհանուր ընկեր ունեին, որի միջոցով էլ ծանոթացան։ Հետո արդեն ավանդույթի ուժով ամեն տարի համերգային շրջագայությունների ժամանակ նրանք հանդիպում էին։

«Ազնավուրին ես գիտեի երկու տարեկանից, մեր տանը ամեն ինչ կար նրա գրքերից, ձայնասկառակներից, նրա մասին պատմող ամեն ինչ։ Իսկ երբ նրան տեսա, այդ ժամանակ դեռ չէի երգում, միայն նվագում էի։ Առաջին անգամ նրա երգերը երգեցի իր մահվան նախորդ օրը։

Լիբանանցի արտիստի դաշնամուրի և վոկալի դասատուները հայեր են եղել։ Երգելու ունակությունը նրա մեջ բացահայտել է Արաքս Չեքիջյանը՝ Հովհաննես Չեքիջյանի զարմուհին։

Ազնավուրի երաժշտությունը հնչելու է Հանրային Ռադիոյի Էստրադային սիմֆոնիկ նվագախմբի կատարմամբ՝ դիրիժոր Երվանդ Երզնկյանի ղեկավարությամբ։ Լիբանանցի արտիստի հետ նույն բեմում են լինելու նաև երգչուհիներ Սյուզաննա Մելքոնյանը և Նաիրա Մանուչարյանը։

Լեգենդար շանսոնյեին նվիրված համերգը կկայանա դեկտեմբերի 29-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում։

Կարդացեք նաև

Back to top button