
Ֆրանսիան «անցանկալի անձ» է հռչակել Փարիզում Ադրբեջանի դեսպանատան երկու աշխատակցի՝ ի պատասխան պաշտոնական Բաքվի քայլի, որով օրերս «անցանկալի անձ» էր հռչակվել Ֆրանսիայի դեսպանատան երկու աշխատակից։ Արտաքին գործերի նախարարության հայտարարությունում նշվում է, որ Ֆրանսիան ի գիտություն է ընդունել Ադրբեջանի այդ քայլը և միևնույն ժամանակ կտրականապես հերքում է այն մեղադրանքները, որոնք Բաքուն ներկայացրել է իր որոշումը հիմնավորելու համար։ Ու՞ր են տանում Ֆրանսիայի և Ադրբեջանի հարաբերություններում խորացող ճգնաժամն ու փոխադարձ մեղադրանքները։
Ֆրանսիայի և Ադրբեջանի հարաբերություններում լարվածության թելը շարունակում է երկարել։ Բաքուն դեկտեմբերի 26-ին Ֆրանսիայի դեսպանատան երկու աշխատակցի «անցանկալի անձ» հայտարարեց «Դիվանագիտական հարաբերությունների մասին» 1961թ.-ի Վիեննայի կոնվենցիային հակասող և նրանց դիվանագիտական կարգավիճակներին չհամապատասխանող գործունեության համար։ Բաքուն դիվանագետների անունները, ինչպես նաև որոշման կոնկրետ պատճառների մասին չի հաղորդել, միայն 48 ժամ էր տվել նրանց երկիրը լքելու համար։ Ֆրանսահայ հասարակական գործիչ Հիլդա Չոբոյանը սա Բաքվի հերթական ցուցադրական քայլն ու քաղաքական վերաձևակերպումների հետևանք է համարում։
«Այսինքն՝ Ռուսաստանի հետ հարաբերություններում սերտացում և արևմուտքի հանդեպ որոշակի վերապահում ցուցաբերելու մեկ ակտ է սա։ Իրականում՝ երբեք հստակ չէ, թե որն է իրական դրդապատճառը»։
Բաքվի այս քայլին հետևեց Ֆրանսիայի պատասխանը։ Երեկ Ֆրանսիայում Ադրբեջանի դեսպանը կանչվել է արտգործնախարարություն, նրան բողոքի նոտա է փոխանցվել, և դեսպանական 2 աշխատակից «անցանկալի անձ» է հայտարարվել։ Ըստ Չոբոյանի, Ֆրանսիայի այս հայելային պատասխանը ցույց է տալիս, որ երկու երկրների հարաբերությունները փակուղում են։
«Առնվազն վերջին մեկ-երկու տարիներին Ադրբեջանին չհաջողվեց Ֆրանսիային պարտադրել իր խոսույթը։ Չկարողացավ Ֆրանսիայի հանրային և քաղաքական շրջանակներում տարածել իր հակահայ ելույթները, Հայաստանի դեմ տարքածքային պահանջները»։
Վերջին շրջանում Բաքուն ամենաբարձր մակարդակներով մեղադրանքներ է հնչեցնում Փարիզի հասցեին՝ իբր Ֆրանսիան ռազմատենչ քաղաքականություն է վարում, զինում է Հայաստանին, խրախուսում է ռևանշիստական ուժերին Հայաստանում և հող է նախապատրաստում տարածաշրջանում նոր պատերազմներ սանձազերծելու համար։ Մինչդեռ Բաքուն ինքն է շարունակում զինվել․ պաշտպանական ոլորտի ծախսերը մեծացրել է 16 տոկոսով՝ հասցնելով 3,1 մլրդ դոլարի։
Հիլդա Չոբոյանի խոսքով՝ Բաքվի և Թուրքիայի համար ինքնապաշտպանության կարողություն ունեցող Հայաստան պետք չէ, և այս հայտարարությունները պատահական չեն։
«Հայաստանի և Ֆրանսիայի միջև ռազմական համգործակցության շուրջ քննադատությունները ցույց են տալիս, որ Բաքուն իսկապես ուժի քաղաքականություն է վարում, և այս առիթը ցանկանում է օգտագործել Հայաստանը առավելագույնս տկարացնելու համար։ Հետևաբար, շատ բնական եմ համարում նման հայտարարությունները, որովհետև Ֆրանսիան եվրոպայի ամենառազմականացված պետությունն է և հնարավորություններ ունի Հայաստանին օգնելու, եթե, իհարկե, ցանկանում է որոշիչ դեր ունենալ այս տարածաշրջանում»։
Ինչպիսի՞ հեռանկարներ կարող են ունենալ Ֆրանսիայի և Ադրբեջանի հարաբերությունները։ Հիլդա Չոբոյանը մեծ հույսեր չի կապում այս զարգացումների հետ։ Ըստ նրա՝ Ֆրանսիան տարածաշրջանում ավելի շատ տնտեսական շահեր ունի, քան ռազմական։
Փաստացի, Բաքուն և Փարիզը տարին ամփոփում են դիվանագիտական նախապատերազմով։




