Հասարակություն

Արդարադատությունը չի կարող իրականացվել առանց դատական ակտերի կատարման. այսօր ԴԱՀԿ օրն է

Աիդա Ավետիսյան
«Ռադիոլուր»

Մայիսի 5-ը Դատական ակտերի հարկադիր կատարողի օրն է: Այսօր Հարկադիր կատարողը նշում է կառույցի ստեղծման 16-ամյակը: Տոնի առթիվ կառույցի աշխատակիցներին շնորհավորեց Հայաստանի  գլխավոր հարկադիր, գեներալ-մայոր Միհրան Պողոսյանը: Նրա շնորհավորանքներին միացավ նաև  Լեռնային Ղարաբաղի գլխավոր հարկադիր Ֆելիքս Գաբրիելյանը:

«Մեծ պարտավորություններով ու եռանդով». այսպես  է  իր գործունեությունը ծավալում Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը: Գրանցած հաջողություններն էլ նկատելի են`  2 միլիարդ դրամ բռնագամնձումից հասցնելով 20 միլիարդի։ «Սա մեծ հաջողություն է, ավելին ասեմ՝ անձնակազմի ավելացում գրեթե  չի եղել։ Այս ամենը տեղի է ունեցել տեղեկատվական տեխնոլոգիաների ներդրման շնորհիվ։ Մենք կարողացել ենք աշխատել օնլայն ռեժիմով  և մեր բոլոր արգելանքների համակարգն իրականացնել այս ձևով»,- ասում է Միհրան Պողոսյանը։

2015 թվականին էլ կառույցը կինտեգրվի հարկադիր կատարողների միջազգային  միությանը, որտեղ ընդգրկված են 80 երկրի գործընկեր կառույցներ: Հետխորհրդային երկրների հետ համեմատ մեր դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը առաջընթաց է գրանցել և փորձի փոխանակման արդյունքում կօժանդակի այդ երկրներին:

Արդարադատության արդյունավետության երաշխավորը հարկադիր կատարողներն են, իր խոսքում նշեց  արդարադատության  նախարարի առաջին տեղակալ Գրիգոր Մուրադյանն ու ավելացրեց, որ որևէ արդարադատություն չի կարող իրականացվել առանց դատական ակտերի կատարման:

 

 

Back to top button