Նախկին պատգամավորները կառավարությունից գործ են սպասում
Լուսինե Վասիլյան
«Ռադիոլուր»
Հասարակության վստահությունը վերականգնելու մասին խոստումները «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ, նույն կուսակցության խմբակցության նախկին պատգամավոր Վարդան Բոստանջյանի համար առայժմ արժանահավատ չեն։ Վստահությունը բարոյահոգեբանական կատեգորիա է, որը հրահանգով ձեռք չի բերվում և ձևավորվում է ժամանակի ընթացքում ՝ ոչ թե խոսքի, գործի հիման վրա, ասում է ԲՀԿ-ական գործիչը։ «Նախորդ 6 տարիների ընթացքում այդ նույն բառակապակցություների տիրույթում ենք գտնվել, բայց, ցավոք, հաջողություններ չենք տեսել»:
Այնպես որ՝ Բոստանջյանի կարծիքով՝ ժամանակ է պետք հասկանալու համար, թե այս կառավարությունն ի զորո՞ւ է դրական տեղաշարժ ապահովել, թե՞ ոչ: Ի դեպ, գործադիրի կազմի նկատմամբ անորոշ վերաբերմունքին զուգահեռ ԲՀԿ ներկայացուցիչը հստակ վերաբերմունք ունի կառավարության ղեկավարի ու նրա անձնային հատկանիշների նկատմամբ։ «Մտածող, ինչ-որ բան փնտրող, լավին հասել ձգտող անձնավորություն է, եթե նրան թույլատրվի, ապա կարծում եմ բավականաչափ ցանկալի մոտեցումներ կցուցաբերեն»։
Մասնավորապես՝ ցանկալի մոտեցումներ ԲՀԿ-ական գործիչը սպասում է փոքր ու միջին բիզնեսի ոլորտում: Այս դաշտը ուշադրության առանցքում պահելու մասին Հովիկ Աբրահամյանի հայտարարությունը Վարդան Բոստանջյանը հիմնավորված է համարում: «Միայն այն հանգամանքը, որ 2013 թ. ընթացքում Հայաստանում գրեթե 4 հազար փոքր ու միջին ձեռնարկություն է փակվել, սա արդեն ցույց է տալիս , որ այս ոլորտի համար պայմանները բարենպաստ չեն: Եվ այդ բարենպաստ պայմանները ոչ թե խոսքով, այլ գործով են ստեղծում»:
Եվ եթե ԲՀԿ-ն տեսնի այդ գործը, ապա միանշանակ կողջունի, ասաց Բոստանջյանը: Իսկ առավել մանրամասնել կուսակցության՝ վերջին շրջանում փոքր-ինչ հակասական դրսևորումներ ստացած դիրքորոշումը, կուսակցության ներկայացուցիչը հրաժարվեց: Իսկ հակասականությունը, հիշեցնեմ, հատկապես նկատելի դարձավ ԱԺ վերջին քառօրյայի ընթացքում՝ ԱԺ նախագահի փակ գաղտնի ընտրության, Սևանին առնչվող օրինագծին կողմ քվեարկելու, «Շքեղության հարկի մասին» պայմանական անունը ստացած օրինագծի քվեարկությանը չմասնակցելու ժամանակ, որի համահեղինակներից մեկը հենց ԲՀԿ ներկայացուցիչն էր:
Այս հակասությունները մեկնաբանել Վարդան Բոստանջյանը չցանկացավ, ինչպես ինքն ասաց, խմբակցության հետ վերջին շրջանում «հպանցիկ փոխհարաբերությունների» պատճառով: «Հանգամանքերի բերումով ստացվել է այնպես, որ 2012-ից հետո ես ԲՀԿ համամասնական ցուցակում չեմ հանգրվանել և դրանով պայմանավորված ՝ վերջին 2 տարիներին իմ առնչությունները խմբակցության հետ հպանցիկ են»:
Նոր կառավարության հին կազմից մեծ չեն նաև «Ժառանգություն» կուսակցության անդամ Անահիտ Բախշյանի ակնակլիքները, այս դեպքում ՝ թերևս հույսերը: «Հույսը վերջինն է մեռնում: Ես էլ եմ հուսով, որ նոր կառավարությունը հին կազմով ինչ– որ քայլեր կանի, որ իր նկատմամբ վստահության պաշարը 0-ից մի քիչ բարձրացնի»:
Հույսը չկորցնելու հարցում տիկին Բաշխյանին, ի դեպ, օգնում են մանկավարժական հմտությունները: Դեռ դպրոցում աշխատելու տարիներից է համոզվել ՝ վատ աշակերտներ չկան, կան վատ մոտեցումներ: «Ես իմ մանկավարժական փորձից գիտեմ՝ ամենաանհուսալի աշակերտը, ում մասին ուսուցիչներն ասում էին՝ բանի պետք չի, անհույս է, ես այդ աշակերտներից շատերին սիրելով պահել եմ ու նրանցից շատերով այսօր հպարտանում եմ»:
Անահիտ Բախշյանի հայացքով ՝վատ աշակերտի դերում հին կառավարության նոր կազմն է: Այդ կազմում, ի դեպ, վատը չեն կրթության նախարարին Բաշխյանի կողմից տրվող գնահատականները՝ եթե Արմեն Աշոտյանն իսկապես մի կողմ դներ կուսակցական գործունեությունը, շատ լավ նախարար կլիներ, այսօր ասաց «Ժառանգության » ներկայացուցիչը: