ԿարևորՌեպորտաժներՏնտեսական

Առաջարկներ կան, քննարկումները շարունակվում են․ նոր ատոմակայանի նախագիծը ուրվագծվում է

ինչպիսի՞ ատոմակայան կունենա Հայաստանը, ըստ էության պարզ կդառնա արդեն հաջորդ տարի։ Պաշտոնական հարթակում հայատարում են, որ միայն ռուսական կողմից են առաջարկ ստացել, մասնագիտական դաշտում՝ ևս երկու առաջարկի մասին են խոսում։ Այս մասին հայտարարվել է Հայաստանի էներգետիկ նախաձեռնության կազմակերպած կլոր սեղանի ժամանակ։ Աստիճանաբար մասնագետները նոր ատոմակայանի հարցում երկու խմբի են բաժանվում՝ 1000 մեգավատից ոչ պակաս ատոմակայան ու փոքր ռեկատրոներ։

Ավելի քան տասը տարի՝ մինչև նոր էներգաբլոկ ունենալը։ Մասնագետները շարունակում են քննարկել՝ հասկանլու համար՝ ինչ հզորությամբ բլոկ պետք է ունենա Հայաստանը։ Ամբողջական առաջարկ միայն ռուսական կողմն է արել։ Մյուսների մասով՝ դեռ քննարկումներ են գնում։ Այն, որ ապագան ատոմային էներգետիկայինն է, դա քննարկումից դուրս է, բայց պետք է հասկանալ հզորության աստիճանը։ ՀՀ միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Խաչատուր Խաչիկյանը «Ռադիոլուրի» հետ զրույցում ընդգծում է՝ էներգետիկ անկախության տեսանկյունից ատոմային էներգաբլոկի առկայությունը Հայաստանի էներգետիկ համակարգում առանցքային նշանակություն ունի։ Այժմ սպասում են, որ կառուցվող էներգաբլոկի հզորությունը,տեսակը որոշի կառավարությունը․

«Միջազգային շուկայում փոքր մոդուլային ռեակտորների հետ կապված այժմ արագ զարգացումներ են ընթանում։ Իմ կարծիքով՝ ավելի նորարարական են։ Կան նաև մեծ հզորությամբ միջուկային բլոկների առաջարկներ։ Երբ որ կառավարությունը, ՏԿԵ նախարարությունը կկողմնորշվեն՝ ինչպիսի հզորություն է պետք, կընտրեն, այդ ընթացքում կոմիտեն կդիտարկի՝ անվտանգության տեսանկյունից որքանով են դրանք համապատասխանում անվտանգությանը, ՀՀ օրենսդրությանը, հանդես կգա համապատասխան եզրակացությամբ»։

Բայց փոքր մոդուլային կայանների ու ռեակտորների հարցում մասնագիտական դաշտում կարծիքները տարբեր են։ Էներգետիկ անվտանգության հարցերով փորձագետ Արթուր Ավետիսյանը «Ռադիոլուրի» հետ զրույցում ընդգծում է՝ հաշվի առնելով առկա զարգացումները Հայաստանը պետք է ունենան 1000 մեգավատից ոչ պակաս հզորությամբ ատոմակայան․

«Եթե ՀՀ-ն այն բոլոր ծրագրերին, որոնց դե յուրե միացած է, բայց դե ֆակտո այս կամ այն պատճառներով չի մասնակցում՝ սկսած ենթակառուցվածքային խնդիրներից, վերջացրած քաղաքական խնդիրները, միանշանակ մեզ պետք են մեծ հզորություններ։ Ավելին ասեմ՝ մեզ պետք է ոչ միայն նոր հզոր ատոմակայան, այլ նոր հզոր կայաններ գեներացնող հզորություններ՝ ՀԷԿ-երի ու մնացածի տեսքով»։

Հայաստանի էներգետիկ անվտանգության մինչև 2040թ ռազմավարությունում ընդգծվում է՝  նոր ատոմակայանի ընտրության հարցում տնտեսական նպատակահարմարության դեպքում կդիտարկվեն նաև փոքր մոդուլային ռեակտորները։

ՄԱԿ-ի էներգետիկ հարցերով փորձագետ Արա Մարջանյանը նկատում է՝ Հայաստանում նոր կառուցվող ատոմակայանի տեխնոլոգիաների ընտրությունը պետք է բավարարի «100 ռեակտոր» սկզբունքին․

«Ինչպիսի տեխնոլոգիա էլ ուզում եք ընտրել, այդ տեխնոլոգիան պետք է բավարարի, եթե խոսքը մեկ ռեակտորի մասին է, 100 տարի անընդհատ, հուսալի, շահավետ ու անվտանգ շահագործմանը։ Եթե տասը ռեակտորի մասին է խոսքը՝ 10 տարի»։

Քննարկումների մակարդակում առաջարկներ կան, պաշտոնական հարթակում միայն ռուսական կողմն է կոնկրետ առաջարկ ներկայացրել։ «ՀայԱտոմ» ընկերության գլխավոր տնօրեն Վահրամ Պետրոսյանի տեղեկացմամբ, Hitachi ընկերությունն էլ առաջարկ ունի։

«Առաջարկում են 300 մեգավատ հզորությամբ, եռացող ջերմատարով ռեկատորներ։ Ռեկատորը և շոգեգեներատորը ամբողջը հավաքված է մեկ կորպուսի մեջ։ Սա ծանոթ է մեզ ու առաջարկը արդեն առաջընթաց է ապրում աշխարհում այն իմաստով, որ կարծում են, թե մինչև 2029թ կկառուցեն Կանադայում, ԱՄՆ-ում, Լեհաստանում»։

«AP 300» եռացող տիպի բլոկի առաջարկ էլ ամերիկյան կողմն է արել։ Այս երկուսն էլ ըստ Վահրամ Պետորսյանի, այս պահին ընդունելի առաջարկներ են։ Ռուսական կողմի՝ 1000-1200 մեգավատ հզորությամբ բլոկի կառուցման առաջարկի հետ կապված առաջընթաց չկա․

«Քաղաքականությունը մեծ դեր է խաղում՝ ինչպես բաշխել 1200 ՄԳՎՏ-ը։ Եթե կարողանան լավ համաձայնագիր կնքել, օրինակ, տարբերակներից մեկով դեպի հարավ իջեցնել 600 ՄԳՎՏ-ը, իսկ մյուս 600 ՄԳՎՏ-ը թողնել Հայաստանին, դա իմ կարծիքով շատ լավ առաջարկ է։ Այդ 600 ՄԳՎՏ-ի չափով էլ մեր հարավային հարևանները մասնակցեն։ Հյուսիսային հատվածում կա էներգետիկայի պակաս։ Իրենք էլ ոնց որ թե նման ցանկություն ունեն։ Մնում է, որ հայկական, ռուսական ու մեր հարավային հարևանը՝ Իրանը, կարողանան համաձայնության գալ։ Եթե կարողանան ու, եթե ձեռնտու է, մենք ասելիք չունենք»։

Ինչ հզորության ատոմակայան պետք է ունենա Հայաստանը 2036 թվականից հետո։ Ընտրել ռուսակա՞ն առաջարկը, թե՞ գնալ ամերիկյան տարբերակի՝ մոդուլային ատոմակայնների ուղղությամբ։ Հարցերի պատասխանները կառավարությունը դեռ չունի։ Կողմնորոշվելու համար, ըստ ՏԿԵ նախարարի տեղակալ Հակոբ Վարդանյանի, դեռ պետք է աշխատեն․

«Այժմ մենք այդ աշխատանքների ընթացքի մեջ ենք, որպեսզի չսխալվենք ու հասկանանք՝ ինչպիսի բլոկ պետք է կառուցենք։ Որոշման կայացման համար պետք է ունենանք բոլոր առաջարկները։ Բացի ռուսական առաջարկից, մնացածի մանրամասները չեն ստացվել։ Այս պահին ԱՄՆ ու կորեական գործընկերների հետ ենք ակտիվ աշխատում»։

Մինչ նոր էներգաբլոկի կառուցումը, նախ՝ պետք է գործողի կյանքը երկարացնել։ Մեծամորի ատոմակայանն ըստ «ՀայԱտոմ» ընկերության գլխավոր տնօրենի, միակ ատոմակայանն է, որը մեծամասշտաբ վարժասարք չունի։ Արդիկանացաման աշխատանքներ են կատարվել, այժմ արդեն վարժասարք ունենալու ժամանակն է։ Հայկական ատոմային էլեկտրակայանի ու «Ռոսատոմ Սերվիս»-ի միջև։ 65 միլիոն դոլարի պայմանագիրը կնքված է։ Գումարը կծախսվի 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարացման համար:

Ծրագրի ֆինանսավորումը նախատեսվում է իրականացնել ՀԱԷԿ-ին տրամադրվելիք բյուջետային վարկի միջոցներով, իսկ պայմանագիրը կկնքվի մեկ անձից գնման ձևաչափով: Պատճառը բացատրվում է՝ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարացման աշխատանքների բոլոր գործընթացները, բոլոր սարքավորումներն արտադրող կազմակերպությունները մտնում են «Ռոսատոմ» պետական կորպորացիայի կառուցվածքի մեջ կամ գտնվում են վերջինի ազդեցության տիրույթում: ՀԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետն առաջին անգամ երկարաձգվեց 2016-2026թ․-ին։ Արդիականացման և վերազինման աշխատանքներին ուղղվեց շուրջ 189 միլիոն դոլար՝ ՌԴ-ից ստացված վարկային և դրամաշնորհային միջոցներից, 63 միլիարդ դրամ՝ ՀՀ պետական բյուջեից։

Կարդացեք նաև

Back to top button