
Հաջորդ տարի սպառողները կշարունակեն հոսանքի համար վճարել նույն գինը։ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշել է սպառողների համար այն անփոփոխ թողնել։ ՀՀ–ը սպառման անհրաժեշտ ծավալից բացի կարող է արտադրել տարեկան ևս 4 մլրդ կվտ ժամ էլեկտրաէնեգիա։ Այժմ արտադրվում է մոտ 9 մլրդ կվտ հոսանք, բայց 14 մլրդի ներուժ կա։
2024թ փետրվարի մեկից սպառողների համար էլեկտրական հոսանքի գինն անփոփոխ կմնա։ ՀԾԿՀ-ն սեփական նախաձեռնությամբ ուսումնասիրել էր Հայաստանի էներգետիկական ցանցն ու նման որոշում կայացրել։ ՀԾԿՀ սակագնային քաղաքականության վարչության պետ Աշոտ Ուլիխանյան․
«Վերջնական արդյունքում ՀԷՑ–ի սպառողների համար սակագին չի փոխվում։ Բայց սակագների վերանայում տեղի ունենում է։ Մի մասի մոտ բարձրանում է, մյուսների մոտ՝ իջնում։ ԲԷՑ-ում որոշակի բարձրանում է, արտադրողներ կան, որ հզորության վճարի նվազում կա։ Ատոմակայանի մասով մի փոքր բարձրացում կա»։
Էլեկտրաէներգիայի հաշվեկշռի փոփոխություն, փոխարժեք, վարկերի ծախսերի որոշակի նվազում․ սրանք սակագնի վրա ազդող հիմնական գործոններն են։ Դրական գործոններով պայմանավորված են սակագները մնացել նույնը մինչև 2025թ փետրվարի 1–ը։ Էներգետիկ ոլորտում մենաշնորհը վերացված է։ Մրցակցությամբ փոխարինելու հայեցակարգն արդյունք տվել է։ Հանձնաժողովի կողմից լիցենզավորված մատակարարներ ու մեծածախ առևտուր իրականացնողներ են գործում շուկայում։ Շուրջ 70 սպառող հոսանքը ձեռք է բերում ազատականցված հատվածում։ Ընդհանրապես, Էներգետիկայի ոլորտի զարգացման ուղղությամբ մի շարք աշխատանքներ են տարվում՝ ենթակառուցվածքների վերանորոգում, նորերի կառուցում։ ՀՀ–ը սպառման անհրաժեշտ ծավալից բացի կարող է արտադրել տարեկան ևս 4 մլրդ կվտ ժամ էլեկտրաէնեգիա՝ ասում է ՏԿԵ փոխնախարար Հակոբ Վարդանյանը։ Այժմ Հայաստանում արտադրվում է մոտ 9 մլրդ կվտ էլեկտրաէներգիա, բայց 14 մլրդի ներուժ կա։ Արտադրվող էներգիան հիմնականում արտահանվում է Իրան, Վրաստան, բայց 2023-ի ապրիլից դեպի Վրաստան արտահանում չի իրականացվել։ Պատճառը՝ հայկական էներգիայի բարձր գինն է․
«Պայմանավորված է Թուրքիայում ու Եվրոպայում գների կտրուկ անկմամբ։ Թուրիայում նաև հոսանքի գնի սուբիսդավորման ու վերին շեմի սահմանման հետ է կապված։ Իհարկե, մենք ուղիղ չենք արտահանում դեպի այդ երկրներ, արտահանումը դեպի Վրաստան է, բայց վրացական շուկայում գները կարգավորվում են իրենց արտահանվող շուկայի մեծածախ գների հետ։ Եթե այնտեղ գները ընկում են ,ապա վրացական շուկայում նույնպես դրանք ընկնում են։ Այս տարի մեր արտահանումները ապրիլից տեղի չեն ունենում։ Գների անկմամբ պայմանավորված՝ հույս ունենք մոտ ժամանակներս կվերականգվի»։
Եթե հայկական էլեկտրաէներգիան մրցունակ չէ վրացական շուկայում, ինչպե՞ս է կարգավորվելու դեպի Եվրոպա արտահանումը․ ԵՄ–ի դեպքում կարևորը միայն գինը չէ՝ արձանագրում է էներգետիկ անվտանգության հարցերով փորձագետ Արթուր Ավետիսյանը․
«Եթե մենք հապաղենք ու ենթակառուցվածքները չունենանք, բնականաբար այդ բացը այլ պետություններ կլրացնեն, այդ թվում՝ Ադրբեջանը, որը էներգետիկական ներուժ չունի, բայց օգտվելով Արցախի օկուպացիայից, ԵՄ-ի հետ բանակցում է Արցախի հարավային շրջաններում արտադրվող կանաչ՝ արևային էներգիայի արտադրությունը այնտեղ վաճառելու համար»։
Հայաստանը միակ տարածաշրջանային երկիրն է, որը ամբողջական ներուժ ունի ոլորտում հաջողություններ գրանցելու համար՝ ասում է փորձագետն ու հիշեցնում՝ 2022–ից ատոմային էներգետիկան նույնպես կանաչ էներգետիկա է համարվում, վերականգվող էներգետիկայի խնդիր էլ Հայաստանը չունի։ Բայց ազգային անվտանգության առումով, իհարկե, կարևորագույնը 1000 ու ավելի մեգավատ հզորությամբ ատոմակայան ունենալն է։




