
2024թ հունվարի մեկից ուժի մեջ կմտնեն «Ֆինանսական համահարթեցման մասին» օրենքի նոր կարգավորումները։ 2016-ին ընդունված օրենքում փոփոխություններ են կատարվել՝ հաշվի առնելով համայնքների խոշորացումն ու ևս մի քանի գործոն։
Տարածքային կառավարման ու ենթակառուցվածքների նախարարությունում նախ փորձել են հասկանալ, թե 2024թ գործող օրենքը ֆինանսական ի՞նչ կարգավիճակ կտար համայնքներին, ի՞նչ բաշխվածություն կլիներ, արդյո՞ք համայնքների միջև հավասարաչափ բաշխում կապահովվեր։ Պարզվել է՝ փոփոխություների կարիք կա։
Երկու սահմանամերձ բնակավայր ունեցող Ճամբարակը լրացուցիչ 10 մլն դրամ կստանա։ Ճամբարակը հեռու է մայրաքաղաքից ու մարզկենտրոնից, ուստի նոր գործակիցներով ավելի շատ բյուջետային հատկացումներ կստանա։ Գեղարքունիքի մարզում Ճամբարակից բացի, վեց սահմանամերձ համայնք էլ Վարդենիսն ունի։ Դրանք էլ լրացուցիչ բյուջետային հատկացումներ կստանան։ Գումարների ավելացումը կարգավորվում է 2024թ հունվարի մեկից ուժի մեջ մտնող «Ֆինանսական համահարթեցման մասին» օրենքով։ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը հստակեցնում է՝ «Ֆինանսական համահարթեցման մասին» օրենքը կառավարության կողմից համայնքներին տրվող աջակցության կարևոր մեխանիզմ է, որը համայնքի ընդհանուր կառավարման մեջ մեծ մասնաբաժին ունի։ Նախորդ օրենքը ընդունվել էր 2016-ին, պետք է գործեր մինչև 2024թ։ Բայց համայնքների խոշորացումն ու այլ հանգամանքներ նոր կարգավորումների անհրաժեշտություն առաջացրեցին։ Նախ փորձել են հասկանալ, թե 2024թ գործող օրենքը ֆինանսական ի՞նչ կարգավիճակ կտար համայնքներին, ինչպիսի՞ բաշխվածություն կլիներ, արդյո՞ք համայնքների միջև հավասարաչափ բաշխում կապահովվեր։ Եվ քանի որ հավասարաչափ բաշխում չէր լինի, ուստի փոփոխություններ են կատարվել։
Գնել Սանոսյանը փոփոխություններն է թվարկում․
«Սահմանամերձ բնակավայրերի համար առանձնացրել ենք առանձին տող՝ յուրաքանչյուր սահմանամերձ բնակավայրի համար 5—ական միլիոն դրամ։ Այսինքն՝ բաշխումից առաջ բոլոր սահմանամերձ բնակավայրերի համար 5 մլն դրամ կհատակցվի, նոր միայն ամբողջ գումարը կբաշխվի համամասնությամբ»։
Ազգային փոքրամասնություններով բնակեցված ու մինչև 3500 բնակչություն ունեցող համայնքների համար էլ կարգավորում կա։ Հաշվի են առել այս համայնքների բյուջեների փոքր լինելը։ Անկախ նրանից, թե գործող մեթոդներով նրանց ինչ գումար էր նախատեսվել, Հայաստանի ութ համայնքների 50 մլն դրամ կհատկացնեն։ Բարձր լեռնային բնակավայրերի համար գործակիցները փոխվել են, աջակցության չափաբաժինը ավելին կլինի։
Փոխվել է նաև տրանսպորտային մատչելիության կարգը՝ ասում է նախարարը․ «Փորձել ենք ի օգուտ ավելի հեռավոր համայնքների գործակիցը փոխել, որի արդյունքում որքան Երևանից բնակավայրերը, համայնքները հեռու են, այնքան աջակցության չափն ավելի մեծ կլինի։ Մյուս գործակիցը, որ փոխել ենք, մարզկենտրոնից հեռավորության գործակիցն է՝ նույնպես խրախուսելով, հասկանալով, որ մարզկենտրոնից հեռավորությունը կարող է հավելյալ բարդություններ, խնդիրներ կամ ֆինանսական ծախսերի հանգեցնել, կիրառել ենք այս մեթոդը, որ ավելի հեռավոր համայնքները ավելի շատ գումար ստանան»։
Փոփոխություններով նաև կարգավորվել է քիչ բնակավայր ունեցող համայնքների (Գյումրի, Երևան, Վանաձոր, Էջմիածին) ֆինանսավորման խնդիրը։ 2018-ին դոտացիաները կազմել են 48,2 մլրդ դրամ, 2023-ին՝ 69,7 մլրդ էր, իսկ 2024-ին՝ 85․3 մլրդ դրամ կկազմի։
«Երկու մեծ դրական տենդենց կա․ մեկը 69 մլրդ դրամը կդառնա 85 մլրդ դրամ, դա նկատելի աջակցություն է համայնքներին։ Մյուս կողմից մեր օրենսդրական կարգավորումների արդյունքում 85 մլրդ դրամն ավելի տրամաբանական կբաշխվի։ Տարածքային համաչափ զարգացման քաղաքականության հիման վրա ավելի հեռավոր, որոշակի խոցելի խնդիրներ ունեցող համայքններին հնարավորություն կտա այս կարգավորումը ունենալ բյուջեում ավելի մեծ գումար ու կփորձի ավելի արագ տեմպով լուծել համայնքի առաջ ծառացած խնդիրները»։
2024թ պետական հողերի օտարումից համայնքներին օտարման արժեքից 30 տոկոս կհատկացվի։ Մինչ այժմ միայն պետական գույքի օտարման դեպքում էր գործում կարգը։ 2023թվականին էլ համայնքներում կատարվել են լայնածավալ աշխատանքներ։ Օրենսդրական փոփոխություններով համայնքներին իրավական հնարավորություն է տրվել, որ ֆինանսական բաշխումները ճիշտ կազմակերպեն, ֆոնդային բյուջե ավելի շատ գումար տեղափոխեն՝ հնարավորություն տալով ավելի շատ կապիտալ ծախսեր կատարել։





