
Հունվարի 1-ից Երևանի կենտրոնում կայանելու համար կգործեն նոր սակագներ։ Երևանի ավագանին այսօր քննարկել և ընդունել է ավտոկայանատեղիների վճարների թանկացման նախագիծը։ Ըստ այդմ՝ ավտոկայանատեղիների տարեկան արժեքը մայրաքաղաքի կենտրոնում 12.000 դրամից կդառնա 160.000 դրամ, 1 ժամվա համար 300 դրամ, 1 օրվա համար՝ 2000 դրամ։
Իսկ «Բ» գոտում ներառված փողոցներում կայանելու համար քաղաքացիները 1 ժամվա համար կվճարեն 200 դրամ, 1 օրվա համար՝ 1000 դրամ, 1 շաբաթվա համար՝ 2000 դրամ, 1 ամսվա համար՝ 4000 դրամ, 1 տարվա համար՝ 24 հազար դրամ։
Երևանի Կենտրոն վարչական շրջանում ավտոկայանատեղերի համար վարորդները մի քանի օրից ստիպված կլինեն վճարել տարեկան 160 հազար դրամ։ 32 կողմ, 3 դեմ, 0 ձեռնպահ ձայներով Երևանի ավագանին ընդունեց Երևան համայնքում տեղական վճարների 2024 թվականի դրույքաչափերը սահմանելու մասին նախագիծը։ Կենտրոն վարչական շրջանում վճարովի ավտոկայանատեղիներից քաղաքապետարանը 1 մլրդ 350 մլն դրամ եկամուտ է ակնկալում, 150 մլն-ով ավելի, քան մինչև համապատասխան նախագծի շրջանառությունն էր ակնկալվում։ Ավտոկայանատեղիների վճարի բարձրացումը դժվար, բայց անհրաժեշտ լուծում է, ավագանու նիստի ժամանակ ասաց քաղաքապետ Տիգրան Ավինյանը։ Ավելին, պատրաստ են կրել այս որոման համար քաղաքական պատասխանատվությունն ու բեռը։
«Հեշտ է քննադատել ավտոկայանատեղիների վճարի բարձրացման մասին օրինագիծը, բայց գնալ համակարգային և միևնույն ժամանակ դժվար որոշումների, պատասխանատվություն ստանձնել, շատ ավելի դժվար է»։
Քաղաքապետը նկատեց, որ սակագների բարձրացումը ընդհանուր համակարգի մի մասն է, իսկ դա ենթադրում է տրանսպորտային համակարգի կատարելագործում, ուղեվարձի միասնական տոմսային համակարգի ներդրում, ավտոկայանատեղերի կառուցում։ Ավագանու անդամ Իզաբելլա Աբգարյանը հետաքրքրվեց, թե առաջարկվող սակագների համար ի՞նչ հաշվարկներ են հիմք ընդունվել։ Ի պատասխան՝ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի եկամուտների հաշվառման և գանձման վարչության պետի պաշտոնակատար Արման Ջհանգիրյանն ասաց, որ հաշվի է առնվել միջազգային փորձն ու, օրինակ, հարևան երկրների օրինակը։
«Թիֆլիսի կենտրոնում կայանելու տարեկան վարձը 800 լարի է, Մոսկվայում 400 հազար ռուբլի։ Ֆիսկալ նպատակ չունի։ Հիմնական նպատակը տարեկան կայանելու հնարավորությունը սահմանափակելն է»։

Իզաբելլա Աբգարյան․ «Եթե դուք խոսում եք Թբիլիսիի մասին, տեսե՞լ եք Թբիլիսիում մետրոն և հանրային տրանսպորտը ինչպես է աշխատում։ Թբիլիսին ավարտել է իր խնդիրները, միգուցե նախ դառնանք Թբիլիսի, տրանսպորտային համակարգ ունենանք, նո՞ր մնացածը»։
Ավագանու անդամ Անի Խաչատրյանը Իզաբելլա Աբգարյանի հետ համամիտ չէ։ Նա կարծում է՝ բոլոր մյուս խնդիրները պետք է լուծել նախագծի ընդունմանը զուգահեռ և ոչ թե մինչ նախագիծը առաջարկելը։
«Չի կարող տրանսպորտային ցանցը բարելավվել, եթե նախագիծը չկիրառվի, որովհետև սա դրա մասն է։ Եթե չբեռնաթափենք կենտրոնը, տրանսպորտը չի կարողանա ճիշտ աշխատել»։
«Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ Արամ Թորոսյանը չի կարծում, որ այս ռեֆորմները զուգահեռ պետք է ընթանան։ Ավելին՝ կարծում է, որ այն ինչն առաջարկվում է հիմա անել, պետքէ իրականում վերջին փուլը դառնա, ոչ թե սկզբի։
«Մտածում եք, որ մեքենաների քանակը պակասի դեպի կենտրոն եկող և կայանող, բայց մինչ այդ չեք մտածել այդ մեքենաներով կենտրոն եկող, աշխատանքի տեղափոխվող մարդկանց մասին»։
Քաղաքապետ Տիգրան Ավինյանը կարծում է, որ այս բոլոր խնդիրների հիմքում կենտրոնի գերծանրաբեռնվածությունն է։ Ավելին՝ եթե այս որոշումները բավարար չլինեն ամբողջական բեռնաթափման համար, նոր սահմանափակումներ քննարկեն։ Արձագանքելով, Գրիգորի Երիցյանը նկատեց, որ Երևանը նման քայլերով ոչ թե ավելի հարմարավետ է դարռնում, այլ հակառակը՝ քաղաք, որտեղ մարդիկ չեն ուզում ապրել, որովհետև այստեղ ապրելը թանկ է, անհարմար:
«Մենք միտում ենք տեսնելու, որ մարդիկ նախընտրելու են Երեւանից գնալ և ապրել Երևանի հարակից բնակավայրերում: Եթե այդպես եք բեռնաթափելու քաղաքը՝ արտագաղթի միջոցով, շնորհավորում եմ, ձեզ մոտ կստացվի»:
Ավագանու ընդդիմադիր անդամենրը վստահ են, որ նախագիծը իրականում ֆիսկալ նպատակ ունի։ Նրանք առաջարկեցին հետաձգել նախագծի քննարկումը՝ սպասելով ավելի խելամիտ լուծումների։
Քաղաքային իշխանությունը, սակայն, հավաստիացրեց, որ փոփոխությունը ֆիսկալ նպատակ չունի, բացառապես երևանցու և քաղաքի շահերից է բխում։ Քաղաքապետարանի աշխատակազմի եկամուտների հաշվառման և գանձման վարչության պետի պաշտոնակատար Արման Ջհանգիրյանը հայտնեց, որ նախագծով էլեկտրոմեքենաները ազատված կլինեն կայանման վճարներից։ Քաղաքապետ Տիգրան Ավինյանը հայտարարեց, որ հավելյալ արտոնությունների հնարավորությունը, «կարմիր գծերին» վերաբերող բոլոր առաջարկները կքննարկեն արդեն հաջորդ տարեսկզբին։




