ԿարևորՀասարակությունՌեպորտաժներ

Մի քիչ էլ սպասեք, կրկեսը կբացվի․ Սոս Պետրոսյանն անհամբեր գարնանն է սպասում

Արդեն 10 տարի բոլորս հետևում ենք կրկեսի նոր շենքի կառուցման աշխատանքներին։ Պատասխանատուներն ասում են՝ դրանք այս անգամ իսկապես մոտենում են ավարտին: Շուրջ տասը տարի նոր շենքի բացման ժամկետը երկարաձգվում է: Երևանի կրկեսի գեղարվեստական ղեկավար Սոս Պետրոսյանը համոզված էր, որ իր 75 –ամյակը նոր շենքում կնշվի։ Կրկեսը հոբելյանական տարում չբացվեց, բայց գեղարվեստական ղեկավարը հուսով է՝ երկար սպասված կրկեսային ներկայացումները գարնանն արդեն նոր շենքում կդիտենք։

«Երբ ես աշխատում էի հայկական կրկեսային կոլեկտիվում, որտեղ գլխավոր դերը կատարում էր մեծն Ենգիբարյանը, ես 20 տարեկան էի, նա՝ 35։ Չգիտեմ, այդ մեծությունը գալիս էր իր՝ ինձ համար չափանիշ լինելուց, թե տարքից։ Ու ես մտածում էի, միթե ես էլ կդառնամ 35 տարեկան։ Իսկ հիմա արդեն 75 տարեկան եմ»։

Երևանի կրկեսի գեղարվեստական ղեկավար Սոս Պետրոսյանը գրեթե համոզված էր, որ գոնե 75 –ամյակը նորաբաց Կրկեսում է նշելու։ Սակայն ինչպես 70-ամյակին, այնպես էլ ծննդյան 75 –րդ հոբելյանին Կրկեսի շենքը դեռ պատրաստ չէ։ Խոստովանում է, շինարարությունը շատ ձգձգվեց, հուսով է գալիք գարնանն արդեն կրկեսային ներկայացումները կրկեսում կդիտենք։

«Երբ տնից դուրս եմ գալիս, ինձ միշտ հարցնում են՝ երբ է կրկեսը բացվելու։ Հանգստացնում, ասում եմ, մի քիչ էլ սպասեք։ Չնայած, համաձայն եմ, որ երկարեց։ Կորոնավիրուս, պատերազմ։ Մի քիչ ուշացավ, բայց մենք մի օր չենք կանգնել, մենք գործում ենք։ 200 ավելի կրկեսի դերասաններ ունենք, որ այժմ հյուրախաղերի են»։

Մինչ կրկեսը վերակառուցվում է, անձնակազմը հյուրախաղերի է մեկնում և նոր համարների վրա աշխատում: Հյուրախաղերի են մեկնում նաև կրկեսային կենդանիները:

«Շատերը կարծում են, թե կրկեսի կենդանիները հենց կրկեսին, կրկեսի շենքին են պատկանում։ Կրկեսը կենդանի չի ունեցել, կենդանիները պատկանում են դերասանին։ Կրկեսը գազանանոց չէ։ Կենդանիները դերասանների սեփականությունն են և նրանց հետ գալիս են հյուրախաղերի»։

Անցյալ տարի Ազգային Ժողովն օրենք ընդունեց, որով արգելվում է վայրի կենդանական տեսակների օգտագործումը կրկեսներում: Սոս Պետրոսյանն այդ օրենքի հետ համաձայն չէ։ Ի վերջո, կրկեսի ժանրերից մեկն էլ հենց կենդանավարժեցումն է։ Առանց կենդանիների մասնակցության՝ կրկեսային ներկայացում նույնիսկ չի էլ պատկերացնում։ Ինչևէ, կենդանիներով, թե առանց, կրկեսը չի կանգնում, առավել ևս նույն տեղում։

«Կրկեսը թատրոն չէ, որ նույն տեղում մնա։ Մի քիչ էլ համբերեք, շուտով կրկեսը կբացվի և մենք հունի մեջ կընկնենք ու ամեն ամիս լավ ծրագրեր կբերենք ու դուք կվայելեք կրկեսի կախարդական աշխարհը։ Հուսով եմ մարտ-ապրիլին վերջնականապես կբացվի»։

Ինչպես նախորդ տարիներին, այնպես էլ այս տարի Երևանի կրկեսը ունեցել է շրջագայություններ դեպի մարզեր, Արցախ և զորամասեր։ Երևանում գտնվող դերասաններն ու նաև իր ստեղծած կրկեսային ստուդիայի սաները ամեն ամիս 2-3 ներկայացում են ունենում Հակոբ Պարոնյանի անվան թատրոնում՝ լեփ-լեցուն դահլիճներում։
Հանդիսատեսը սպասում  և սիրում է կրկես՝ համոզված է գեղարվեստական ղեկավարը։

«Մեր հանդիսատեսի մոտ ելույթ ունենալը դժվար է։ Նա գնահատում է լավը վատից։ Բայց ցավոք սրտի կան խմբեր, օձը վզի վրա են փաթաթում, ապակիներն են կոտրում կանգնում վրան, ասում են հայկական կրկեսն են։ Բայց դա մենք չենք։ Սովորեք ճիշտ գնահատել՝ ուր եք գնում։ Բայց եթե մենք ենք ներկայացումներ դնում, մեր ժողովրդին խաբելը դժվար է։ Արժանի ծափահարություններ է նվիրում արժանիներին»։

Կարևորը ոչ թե վայրն է, այլ ցանկությունն ու աշխատասիրությունը: Կրկեսի մարդիկ մեծ համբերություն ունեն, առավել ևս երբ գիտեն, որ շուտով աշխատանքային անհամեմատ լավ պայմաններ են ունենալու:

Կարդացեք նաև

Back to top button