
Համացանցում հայտնված նյութերից, և առաջին հերթին ադրբեջանական ալիքներում տեղ գտած տեղեկատվութունից երևում է, թե ինչպես է Ադրբեջանն անում ամեն ինչ՝ Արցախում հայկական հետքը վերացնելու համար։ Թիրախում առաջին հերթին պատմամշակոթային կոթողներն են, հայկական գերեզմանոցները, հին հայկական շենք-շինությունները։ Ի՞նչ է անում հայկական կողմը՝ Ադրբեջանի կողմից վարվող մշակութային ցեղասպանությանը դիմակայելու համար։
Արցախի Հանրապետության Մեսրոպ Մաշտոց Համալսարանի Կովկասագիտության կենտրոնի ղեկավար, ադրբեջանագետ Հովիկ Ավանեսովը տեղեկացնում է․ «Հայքի մշակույթի Օմբուդսմեն»-ի գրասենյակն Ադրբեջանի կողմից վանդալիզմի ենթարկվող հայկական պատմամշակութային արժեքների մասին տվյալներ հավաքելու, միջազգային կառույցներին ներկայացնելու և այդ վանդալիզից դրանք հնարավորինս ապահովագրելու նպատակով է ստեղծվել։ Ինքը՝ Հովիկ Ավանեսովը, Հայքի մշակույթի առաջին օմբուդսմենն է։
«Սեպտեմբերի 19-ի պատերազմից և Բռնագաղթից հետո ավելի արդիական դարձավ նման նախաձեռնությւոններ ունենալը և այդ ուղղությամբ աշխատել։ Բոլոր ահազանգերը, որ արձանագրում ենք, տրամադրվում են միջազգային կազմակերպությւոններին, հրապարակվում են մեր պաշտոնական ՖԲ էջում, օգտագործվում են նաև գիտական շրջանակներում»։
Ավանեսովն ընդգծում է՝ այդ կարևոր գործում մենակ չեն․ կան նախաձեռնող խմբեր, կազմակերպություններ, որ օժանդակում են ու համագործակցում։
«Բարեբախտաբար մենակ չենք։ Հարկ եմ համարում նշել, որ դեռևս 2020 թվականի պատերազմից հետո ձևավորվեցին մի շարք նախաձեռնություններ, որ բավականին արդյունավետ եղան և համագործակցության տեսակետից, և այն, որ մեր զեկույցների համար ստեղծվեցին ակադեմիական որակի հետազոտությւոններ»։
Խոսքն առաջին հերթին Մոնումնենթս ակադեմիական հարթակի մասին է՝ ասում է կովկասագետը, որի կողմից վանդալիզմի դեպքերը ոչ միայն հավաքվում են, այլև դրանց տրվում է իրավական գնահատական, տեքստերը շարադրվում են ակադեմիական ոճով, հրապարակվում եռալեզու։
«Այս համատեքստոմ կարևոր է, որ 2020 թվականի պատերազմից անմիջապես հետո ստեղծվեց Մշակութային ժառանգության պահպանության հանրային խորհուրդ, որի հիմնադիրները Սերգեյ Շահվերդյան, Լեռնիկ Հովհաննիսյան, Հովիկ Ավանեսով են։ Այս կազմակերպության նպատակն է՝ արձանագրել, մշշտադիտարկել և դրան զուգահեռ տեղեկատվական շտեմարաններ ստեղծել գույքագրել ու հասկանալ, թե հատկապես 20 թվականի պատերազմից հետո ժամանակվորապես բռնազավթված բնակավայրերում ինչ մշակութային ժառանգությւոն ենք թողել»։
Ադբեջանի կողմից բռնազավթված Արցախում հայկական պատմամշակութային ժառանգության պահպանման կարևորության մասին խոսելու համար է, որ Փարիզում Արևելյան լեզուների և քաղաքակրթությունների ազգային ինստիտուտի՝ Ինալգոյի համանուն հիմնադրամի կողմից կազմակերպված «Շուշին Կովկասի մարգարիտ» խորագրով խորհրդաժողովին մասնակցել է նաև Արցախի ներկայացուցիչը՝ Հուշարձանների պահպանության արդեն գոյություն չունեցող վարչության տնօրեն Արմինե Հայրապետյանը։ Բանախոսը ներկայացրել է «Շուշիի պատմամշակութային ժառանգությունը Ադրբեջանի թիրախում» թեմայով վերլուծություն․ խոսել է մշակութային ցեղասպանության մասին, որն Ադրբեջանն իրականացնում է դեռևս խորհրդային տարիներից։
«Այն ինչ այսօր կատարվում է Շուշիում, բացարձակ չի տարբերվում նրանից, ինչ կատարվում էր խորհրդային տարիներին՝ ջնջելու համար հայկական հետքը։ Ադրբեջանըոչ միայն մշակութային արժեքներն է վերացնում, այլև աղավաղում է պատմությունը, փոձելով ներկայացնել, որ Շուշի հայերը եկել են Փանահ խանի իշխանության օրոք, և անտեսում ու ջնջում է 12-13 դդ , քրիստոնեական ու նույնիսկ նախաքրիտոնեական այն ապացույցները, որտեղ առկա է հայկական հետք»։
Հայտնի է, թե Շուշիում ինչ ճակատագրի են արժանացել Ղազանչեցոց, Կանաչ ժամ եկեղեցիները, հայկական գերեզմանոցը, ինչպես է ադրբեջանական քարոզչամեքենան փորձում Դադիվանքը և հայկական մյուս եկեղեցիներն աղվանական կամ ուղղափառ ներկայացնել, բոլորովին վերջերս էլ տեղեկատվություն տարածվեց այն մասին, որ որոշում է կայացվել Հադրութի հին շենքերը հիմնովին քանդելու մասին։
Կարևոր է աշխարհին ճշմարտությունը հասցնել՝ իրազեկվածության մակարդակը բարձրացնելով, քանի որ հասկանալի է, թե ուր է տանում Ադրբեջանի կողմից հայկական հուշարձանները ոչնչացնելու քաղաքականությունը։ Հայկական ազգային ժառանգության ոչնչացման ռիսկերով մտահոգ անհատներն ու կազմակերպությունները փորձում են դիմադրել այդ քաղաքականությանը։ Արմինե Հայրապետյանը ներկայացնում է նրանց, ովքեր աշխատանք են տարել Փարիզում կայացած խորհրդաժողովի շրջանակում։
«Գիտաժողովին Շուշիի թեմատիակին զուգահեռ ներկայցվեց նաև Հիշատակարան կազմակերպության հիմնադրած նույնանուն կայքը, որը նվիրված է Արցախի պատմամշակութային ժառանգությանը, և նպատակ կա այդ կայքում ներառել Արցախի հուշարձանների մասին տեղեկատվությւոն։ Այն ստեղծվել է Ինալգո հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ, Փարիզի Արևելյան լեզուների և քաղաքակրթությունների ազգային ինստիտուտի աշխատակցուհի Աննա Լեյլոյանի ջանքերով»։
Ցավոք, Ադրբեջանի կողմից պետական մակարդակով իրականացվող քաղաքականությանը հայկական կողմը դիմակայում է անհատների մակարդակով, ինչը չի կարող լիարժեք դիմակայություն լինել՝ համոզված է Հովիկ Ավանեսովը, բայց ամեն դեպքում կարևոր է։
Մշակույթի օմբուդսմենին հիմա ավելի հաճախ են դիմում արտասահմանյան գործընկերները՝ տեղեկատվություն ստանալու համար։ Բարեբախտաբար, ՀՀ համապատասխան կառույցների, կազմակերպությունների ու Արցախի իշխանությունների կողմից նախորդ տարիներին ձևավորվել էր համապատասխան տեղեկատվական բազա, կան լուսա և տեսաձայնագրություններ, հրապարակումներ, որոնց նաև իրավական բաղադրիչ ավելացնելով, պատմամշակութային ժառանգության պահպանմամբ զբաղվող նախաձեռնությւոնների շրջանակում հնարավոր է լինում հիմնավորել, որ Ադրբեջանի քաղաքականությունը ոչ այլ ինչ է, քան մշակութային ցեղասպանություն։




