
Ջրային ռեսուրսների վատնումը նվազեցնելու նպատակով կառավարությունը Ջրային օրենսգրքում փոփոխություններ է կատարել․ 2024թ հունվարի 1-ից ձկնաբուծարարները պետք է աշխատեն շրջանառու փակ համակարգով։ Իսկ սա նշանակում է, որ բնական աղբյուրից վերցված ջուրը ձկնաբուծարանին ծառայելուց հետո չի հոսի ետ՝ դեպի բնություն, այլ կմնա և ֆիլտրերի միջով անցնելուց հետո նորից կօգտագործվի։
Ըստ ձկնարտադրողների՝ այս օրենքի կիրառման դեպքում, իրենք չեն կարողանալու աշխատել և կանգնելու են փակման վտամգի առջև։ Ձկնաբույծները օրերս հանդիպել էին նաև շրջակա միջավայրի նախարարի հետ, քննարկել հարցը։ Բայց այսօր կրկին փողոց էին դուրս եկել։
Հնարավո՞ր է արդյոք ունենալ և՛ ջուր, և՛ զարգացնել ձկնաբուծական տնտեսությունը․ պարզվում է՝ հնարավոր է։ Սա գիտակցում են և՛ կառավարությունը, և՛ ձկնաբուծական տնտեսությունները։ Այս դեպքում միայն ջուր ունենալու պատկերացումներն են տարբեր։ Կառավարությունը խնդիրը հստակ է դրել՝ պետք է անցնեն շրջանառու փակ համակարգի։ Տնտեսվարողներն էլ իրենք են խնդիր դրել՝ նախ պետք է փակել ապօրինի հորերը
«Ապօրինի հորերը կազմում են ձկնաբույծների օգտագործածի մոտ 20 տոկոսը։ 20 տոկոսը իրենք փակեն, հետո մենք 20 տոկոսը փակենք։ Եթե դրական բալանստի չգան, մենք նորից կփակենք։ Մենք հասկանում ենք,ո ր խնդիր կա, ասում են, որ խմելու ջրի խնդիր կա։ Ինչու՞ են մեզ ժողովդրի հետ վատամարդ սարքում։ Մենք ոչ մի տեղ խմելու ջրի խնդիր չունենք»։

Դեռ 2015-ին ԱՄՆ Միջազգային Զարգացման գործակալության օգնությամբ ու միջոցներով ուսումնասիրություններ էին կատարվել։ Պարզվել էր, որ Արարատյան դաշտի ջրային ռեսուրսները նվազել են շուրջ ինը մետրով, առանձին հատվածներում՝ 15 մետրով: ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը Արարատյան դաշտի շուրջ 55 դիտակետում արձանագրել է ջրային պաշարների մակարդակի բավականին անհանգստացնող նվազում։ Այժմ հատուկ ծրագրերով ցանկանում են բացասական դինամիկան փոխել դրականի։ Իսկ 2019–2023թ ստորերկյա ջրերի մակարդակը իջել է 1․74 մետրով։ 2022թ օգտագործվել է մեկ միլիարդ 100 մլն խորանարդ մետր ջուր, որի 75 տոկոսը ձկնաբուծարաններն են օգտագործել։
Տվյալները տնտեսվարողներին օրերս ՇՄ նախարարն էր ներկայացրել․
«Եթե մեկը վայրկյանում ունի 100 լիտր ջուր, մեր մոնիտորինգը ցույց է տվել, որ 90-ից ավելի չի ստանում։ Այս փաստը արդեն շատ խոսուն է պաշարների բացասական դինամիկայի մասին»։
Փակ շրջանառու համակարգի ներդրումն, ըստ նախարարի, հնարավորություն կտա ձկնաբուծարանների ելքային ջրերի առնվազն 40 տոկոսը մաքրել, հարստացնել թթվածնով ու վերադարձնել կրկնակի օգտագործման։

«Մեր առաջարկը, որ անում ենք, ասում ենք, որ ջուր չենք կորցնում։ Հետ բերեք 40 տոկոսը, մենք կխնայենք 3․6 անգամ ավելի շատ ջուր»։
Ձկնաբույծները շարունակում են բողոքել։ Նրանք այս անգամ իրենց բողոքը սկսեցին փողոց փակելով։ Ձկնաբույծները նախ միակողմանի փակեցին Հրազդան մարզադաշտից Հաղթանակի կամուրջ տանող հատվածը և քայլերթով շարժվեցին դեպի Կառավարութան շենք։ Նրան հանդիպում էին պահանջում փոխվարչապետի հետ։ Ձկնարդյունաբերողները վարչապետի աշխատակազմի քաղաքացիների ընդունելության և դիմումների քննարկման վարչության բաժնի պետ Համլետ Նազարյանի հետ հանդիպումից հետո պայմանավորվեցին, որ առաձին հանդիպում կունենան վարչապետի, փոխվարչապետի կամ աշխատակազմի ղեկավարի հետ։ Օրվա մասին կհայտնեն լրացուցիչ։




