ԿարևորՌեպորտաժներՏնտեսական

Արցախյան վարկերի ծավալը՝ սպառնալիք ֆինանսական կայունությանը․ կառավարությունը լուծում է առաջարկում  

Հայաստանի կառավարությունը որոշել է իր վրա վերցնել  Արցախի Հանրապետության բանկային պարտավորությունների  ու վարկային բեռի մի մասը ։ Համապատասխան նախաձեռնությունը գործադիրը ներկայացվել է Ազգային ժողովի  քննարկմանը։ Հարցը կարգավորվում  է «Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում լրացումներ կատարելու միջոցով։

Իրականում, սակայն, խնդիրը մի քանի շերտ ունի` ֆինանսականից մինչև բարոյական ու քաղաքական։

Երկարատև ուսումնասիրություններից և վերլուծություններից հետո Հայաստանի կառավարությունը որոշել է իր վրա վերցնել ԼՂ ֆինանսաբանկային համակարգի՝ պարտատոմսերի և վարկային բեռի մի մասը։ 2020 թվականի պատերազմից առաջ և հետո Հայաստանի ֆինանսաբանկային համակարգը պահպանել էր իր ներկայությունը ԼՂ-ում՝ նպաստելով այնտեղ տնտեսության բնականոն գործունեությանը։ Արցախի հայաթափումից հետո՝ պարտավորությունների կատարման անհնարինության պայմաններում, առաջ են եկել լուրջ ռիսկեր՝ ասում է Հայաստանի ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը։

«Մասնավորապես՝ ՀՀ ֆինանսաբանկային համակարգի կապիտալի էական կորուստներ եւ ֆինանսական կայունության խաթարում, ֆինանսական ցուցանիշների եւ բանկերի վարկանիշների էական վատթարացում, ֆինանսական ցուցանիշների վատթարացման արդյունքում՝ վարկավորման տեմպերի անկում, հետևաբար տնտեսական ակտիվության նվազում և Լեռնային Ղարաբաղի բնակչության առանձին խմբերի վարկունակության էական վատթարացում ստեղծված սոցիալական ծանր պայմաններում»։

Կառավարությունը չի թաքցնում, որ որոշման հիմնական նպատակը բանկային համակարգի կայունությունն ապահովելն է։

Շուրջ 315 մլրդ դրամ պարտավորությունների վերջնական չափը վերակառուցվելու է կառավարության և ֆինանսական կազմակերպությունների միջեւ՝ համապատասխանաբար 70 եւ 30 % համամասնությամբ: Ավելի պարզ ձևակերպմամբ սա նշանակում է, որ Արցախում վերցված, օրինակ, հիպոթեքային վարկը կներվի։ Բայց սրա համար կան պայմաններ՝ ասում է նախարարը․  

«Եթե իրավունքը անցնում է ՀՀ-ին, մենք կորոշենք՝ կներվի, թե չի ներվի։ Հիպոտեքային վարկերը, որոնցով ԼՂ-ում տներ են գնվել, դա մտել է 315 միլիարդի մեջ։ Դրա գումարը կազմում է 14 միլիարդ դրամ։ Եթե հիպոտեքային վարկ է վերցվել, որպեսզի ՀՀ տարածքում բնակարան գնեն՝ ոչ։ Եթե Ստեփանակերտի մասին է խոսքը, եթե պարզվի, որ նորմալ սովորական գործարք է տեղի ունեցել, մարդիկ իրենց տունը կորցրել են և չեն կարող այլևս սպասարկել այդ հիպոտեքային վարկը, ապա այդ գումարը ամբողջությամբ կներվի»։

Իշխանությունը հայտարարում է, որ հերթական աջակցությունն է ցուցաբերում ԼՂ-ից բռնի տեղահանվածներին։ Սակայն հարցն ունի նաև բարոյական կողմ։

Կառավարությունն ուսումնասիրում է չարաշահումների մասին հրապարակումները՝ արդյո՞ք իրականությանը համապատասխանում են այն  տեղեկությունները, թե արցախյան մեծ աղետից առաջ մարդկանց որոշ շրջանակ հսկայական ծավալի վարկեր է վերցրել բանկերից։ Այս խնդրի մասին բարձրաձայնում են ինչպես իշխանական, այնպես էլ ընդդիմադիր պատգամավորները։ Գումարի ի՞նչ ծավալի մասին է խոսքը և ո՞ր դեպքերի՝ ԱԺ նախագահը տեղյակ է, բայց անուններ չի հրապարակում։

«Տեղեկացված եմ, բայց չեմ կարող ասել»։

Այս հարցում «բանկային գաղտնիք» ձևակերպմամբ առաջնորդվելը ճիշտ չի համարում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից Վահագն Ալեքսանյանը։ Եթե վարկերի վերակառուցման, այլ կերպ ասած՝ մարման բեռը ընկնելու է ՀՀ քաղաքացիների վրա, ապա իրավունք կա պահանջելու, նաև հրապարակելու վերակառուցման ենթակա վարկերի ցուցակը, պահանջում է պատգամավորը։

«Եթե 120 հազար աշխատավարձ ստացող և 20 հազար դրամ հարկ վճարող քաղաքացին իր փողից մարում է ինչ-որ մի վարկ, որ ինքը չի վերցրել, ինքը դրա հետ կապ չունի, ինքը իրավունք ունի իմանալու։ Հակառակ պարագայում այստեղ խնդիր կա։ Ասում ենք՝ մարդ կա հիպոթեքով տուն է վերցրել, այո, նորմալ իրավիճակ է, պետք է մարվի։ Բայց, որ նայում ես մամուլի և սոցիալական ցանցի հրապարակումները մի միլիարդից պակաս փող չկա ու որը նայում ես նույն շրջանակն է, նույն մարդիկ են, նույն դեմքերն են։ Այդ բոլորի վարկերը հատ առ հատ պետք է ուսումնասիրվի հնարավորինս մաքսիմալ խստագույնս։ Առհասարակ պետք է հասկանալ՝ նույնիսկ այն պարագայում, եթե պարզվի, որ այն մարդը ով այնտեղ 2 միլիարդի վարկ է կորցրել, չգիտես ինչպես այստեղ՝ Հայաստանում մի 15 միլիարդի շինարարություն է անում, իսկ կարող է պետք չի այդ վարկը մարել»։

Հնչած մտավախություններին արձագանքելով՝ ֆինանսների նախարարը պարզաբանում է՝  

«Երբ մենք ուզում ենք հրապարակենք այն մարդկանց ցանկը, ովքեր ստացել են վարկեր և ուզում ենք այդ վարկերը ներենք, այդ ցանկը կազմում է ընդամենը 10%-ից մի փոքր ավելի։ 315 միլիարդ դրամի մեջ 187 միլիարդ դրամը ԼՂ պարտատոմնսերն են, 85.5 միլիարդ դրամը Հիմնադրամի պարտատոմսերն են, 22.5 միլիարդ դրամը ֆիզիկական անձանց վարկերն են և 19 միլիարդ դրամը իրավաբանական անձանց վարկերն են։ Այսինքն՝, եթե այդպես որոշվի մենք հրապարակելու ենք ընդամենը ֆիզիկական և իրավաբանական անձանց վարկերի մասը»։

ԱԺ ներկայացված նախագծի քաղաքական բովանդակության վրա ուշադրություն են հրավիրում ընդդիմադիր պատգամավորները։ «Հայաստան» խմբակցության անդամներ Թադևոս Ավետիսյան և  Արթուր Խաչատրյան։

Թադևոս Ավետիսյան.«Այո, սա հերթական աջակցությունն է արցախահայությանը։ Բայց լավ կլիներ աջացեինք, որ հիպոտեքով վերցրած իրենց տունը ու գույքը չկորցնեին, տնավեր չլինեին, հետևաբար նաև այս աջակցության կարիքը չունենային»։

Արթուր Խաչատրյան. «Տեքստը դուք չեք գրել։ Լեռնային Ղարաբաղ, թե Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն՝ իրավաբանները կգրեն։ Բայց իրավաբանները քաղաքական պատվեր են կատարում։ Վերջին փաստաթուղթը, որը ներկայացվել էր այս խորհրդարան, դա բյուջեի նախագիծն էր, հանձնաժողովում քննարկվելուց հետո «Հանրապետություն» բառը դուրս եկավ։ Ամբողջ աշխարհում ԼՂՀ դեմ խոսում է Հայաստանի կառավարությունը և Ադրբեջանի կառավարությունը։ Օրինակ, Կանադայի ԱԳՆ-ն կարծես դեկտեմբերի 12-ին հայտարարություն էր տարածել, որ արցախյան հակամարտությունը պետք է կարգավորվի ԵԱՀԿ Հելսինկիի եզրափակիչ ակտի 3 սկզբունքների հիման վրա»։

Ի դեպ, «Հանրապետություն» ձևակերպման առնչությամբ քննարկումները այս օրերին ավելացել են։ Արդյո՞ք հուվարի 1-ին կլուծարվի Արցախի Հանրապետությունը։ Այս տարվա սեպտեմբերի 28-ին մամուլում շրջանառվեց նախագահ Սամվել Շահրամանյանի հրամանագիրը՝ «2024 թվականի հունվարի 1-ից Լեռնային Ղարաբաղի (Արցախի) Հանրապետությունը դադարում է գոյություն ունենալ» բովանդակությամբ։

Արցախի տեղեկատվական շտաբից հայտնում են, որ Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանը դեկտեմբերի 22-ին հանդիպել է պետական այն մարմինների ղեկավարների հետ, որոնք շարունակում են պաշտոնավարել հասարակական հիմունքներով:

Անդրադառնալով հրամանագրին՝ Սամվել Շահրամանյանն ընդգծել է, որ Արցախի Հանրապետության իրավական դաշտում գոյություն չունի փաստաթուղթ, որով նախատեսվում է լուծարել պետական ինստիտուտները: Շահրամանյանը ավելի վաղ Երևանում հայտարարել էր, որ մեկ անձը չի կարող մեկ ստորագրությամբ լուծարել կամ դադարեցնել համաժողովրդական հանրաքվեով ձևավորված հանրապետությունը։ Իրավական տեսանկյունից հրամանագրերն, ըստ էության, ուժի մեջ են մտնում հրապարակման պահից, բայց որևէ անգամ այդ հրամանագիրն Արցախի իրավական ակտերի շտեմարանում չի հրապարակվել։

Կարդացեք նաև

Back to top button