
2007-2023 թթ.ոչ մարտական պայմաններում մահացած (սպանված) զինծառայողների իրավահաջորդներն այսօր հայտարարություն են հրապարակել՝ ուղղված վարչապետին, դատախազին և նախագահին։
Նրանք անդրադարձել են այդ զինծառայողների գործերի քննությանը, խոսել ներպետական և միջազգային կառույցների արձագանքների մասին։ Իրավահաջորդներն արձանագրում են, որ ներպետական մարմիններում իրավական ձախողումներից հետո ստիպված են իրենց պայքարը կրկին հրապարակ տեղափոխել։
Ոչ մարտական պայմաններում զոհվածների մայրերն արձանագրում են, որ 2023 թվականն էլ է ավարտվում, բայց իրենց որդիների մահվան կամ սպանության համար մեղավորները շարունակում են մնալ անպատիժ։
«Բոլորը աշխատում են մեր դեմ։ Ամեն ինչ անում են, որ այս քրեական գործերը կոծկեն, փակեն, կեղծեն։ Ես ուզում եմ ևս մեկ անգամ ասել, որ մենք չենք հանգստանալու։ Ամեն ինչ անելու ենք, պայքարելու ենք մինչև վերջ. էս քրեական գործերը պիտի իրանց լուծումը ստանան»։
«Ես մինչև մահ բողոքելու եմ՝ իմ էրեխուն սպանողը պիտի պատասխան տա, դա կլինի գեներալ, դա կլինի … ով ուզում է լինի»։
Ըստ իրավահաջորդների, չնայած դեպքերի հանգամանքներն ուսումնասիրող խմբի տված եզրակացությունների, այդ գործերը տեղից չեն շարժվել։ Իրավահաջորդների ներկայացուցիչ, Հելսինկյան ասոցիացիա իրավապաշտպան ՀԿ փաստաբան Արայիկ Պապիկյան.
«Պետք է ցավով արձանագրենք, որ այս գործերով 2023 թվականի ընթացքում որևէ տեղաշարժ չի եղել»։
Ոչ մարտական պայմաններում բանակում գրանցվող մահվան դեպքերը չփոխվող մթնոլորտի հետևանք են՝ համոզված է Հելսինկյան ասոցիացիա իրավապաշտպան ՀԿ նախագահ, իրավապաշտպան Նինա Կարապետյանցը։ Տարիներ շարունակ խաղաղ պայմաններում մահվան դեպքերն ու վիճակագրությունը ուսումնասիրած իրավապաշտպանն ասում է՝ ինչպես նախկինում, այսօր էլ ոչինչ չի արվում բանակում վերահսկողությունը ուժեղացնելու և նման ողբերգությունները կանխելու համար։
«Արդարադատության իրական պատկերն այս գործերն են։ Այս մարդկանց պայքարի ամբողջ իմաստը, ամբողջ բովանդակությունը հետագայում նման իրավիճակներ թույլ չտալն է, որպեսզի այլևս որևէ մեկը նման վիճակի չբախվի»։
Այս գործերով դիմում է ներկայացվել նաև ԵԽ նախարարների կոմիտե։ Կոմիտեն կոչ է արել ՀՀ իշխանություններին արագ ավարտել խաղաղ պայմաններում մահացած զինծառայողների գործերով քննությունները։ Հաղորդումը Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակն էր ներկայացրել։ Կազմակերպության հաղորդման համար հիմք է հանդիսացել «Մուրադյանն ընդդեմ ՀՀ»-ի գործը։ 18-ամյա Վալերիկ Մուրադյանը բանակ էր զորակոչվել 2009 թվականի նոյեմբերի 25-ին և հասցրել ծառայել ընդամենը երեք ամիս։ 2010 թվականի մարտի 15-ին նրա դին հայտնաբերվել էր պարանով կախված վիճակում։ Քրեական գործը հարուցվել էր ինքնասպանության հասցնելու հոդվածով, մայրը՝ իրավահաջորդ Նանա Մուրադյանը, սակայն, պնդում է՝ որդուն սպանել են։
«Մենք ուզում ենք, որ էս սպանությունները բանակում կանխվեն, իսկ դա կլինի միայն այն դեպքում, երբ որ պատժվեն հանցագործները»։
Ստրասբուրգյան դատարանը դեռևս նախորդ տարի էր ՀՀ-ին պարտավորեցրել արդար դատաքննություն իրականացնել, իսկ Մուրադյաններին 20 հազար եվրո փոխհատուցում տրամադրել։ Փոխհատուցումն արդեն տրամադրվել է, բայց գործի քննությունը շարունակում է դոփել տեղում։ Փաստաբան Արայիկ Պապիկյանը նաև նկատում է.
«ՀՀ դատախազության ու ՔԿ-ի անգործության պատճառով ԵԽ նախարարների կոմիտեն դեկտեմբերի 5-7-ի նստաշրջանի ժամանակ փաստացի քաղաքական դիրքորոշում է հայտնել Հայաստանում խաղաղ պայմաններում մահացած զինծառայողների գործերի քննության արդյունավետության բացակայության մասին։ Հայաստանում ոչ մարտական պայմաններում մահացած կամ սպանված զինծառայողների գործերով քննության տևականության պատճառով անցնում են վաղեմության ժամկետները և կորսվում են ապացույցները. Այն, ինչի մասին ծնողները և փաստաբանները արդեն 1-2 տասնամյակ բարձրաձայնում են»։
«Ռադիոլուրին» չհաջողվեց ոչ մարտական պայմաններում մահացած (սպանված) զինծառայողների քրեական գործերի վերաբերյալ մեկնաբանություններ ստանալ Քննչական Կոմիտեից։ Արձանագրված խնդիրների մասով ներկայացված հաղորդումների հիման վրա ԵԽ նախարարների կոմիտեն Հայաստանին մինչև 2025 թ.-ը ժամանակ է տվել՝ ներկայացնելու վիճակագրական տվյալներ վերջին հինգ տարիներին զինված ուժերում ոչ մարտական պայմաններում մահվան դեպքերի քննության մասին։ ՀՀ կառավարությունը պարտավորված է հնարավորինս արագ ստեղծել զինված ուժերում խոշտանգումների, անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի մասին անանուն հաղորդումների մեխանիզմ։ ՀՀ-ն նախարարների կոմիտեին նաև տեղեկատվություն պետք է տրամադրի զինծառայողների նկատմամբ ոտնձգությունների, ինչպես նաև զինվորական ղեկավարության կողմից նրանց նկատմամբ բռնության և վատ վերաբերմունքի կանխարգելման նպատակային միջոցառումների մասին։




