
Հայաստանում միաժամանակ կնկարահանվի արտասահմանյան 3 ֆիլմ, որոնցից մեկը NETFLIX–ի բազմասերիանոց ֆիլմն է։ Չնայած ֆիլմերը սյուժետային առումով մեր երկրի հետ որևէ կապ չունեն, բայց դրանց նկարահանումներն ամբողջությամբ կիրականացվեն Հայաստանում։ Ֆինանսական ներդրումներ ենթադրող այս նախագծերի իրականացման համար արդեն համագործակցության հուշագիր է ստորագրվել ԿԳՄՍ–ի և ֆիլմարտադրող հայաստանյան ու արտասահմանյան ընկերությունների միջև։ Ոլորտում վստահ են՝ Հայաստանը արտասահմանցի կինոգործիչների համար գրավիչ է դարձել հատկապես «Կինեմատոգրաֆիայի մասին» ՀՀ օրենքում վերջերս կատարված փոփոխություններից հետո։
- Ինչի՞ մասին կպատմի NETFLIX–ը Հայաստանից
Հայկական կողմն այս պահին ակտիվ բանակցում է NETFLIX –ի, գերմանական ու ամերիկյան ընկերությունների հետ՝ 3 տարբեր ֆիլմերի նկարահանումները Հայաստանում իրականացնելու համար։ Այդ ֆիլմերը գրեթե ամբողջությամբ նկարահանվելու են Հայաստանում, դրանց արտադրությամբ զբաղվելու են հայ մասնագետները։ Կինոգործիչ Արման Նշանյանը պատմում է՝ ամեն ինչ սկսվեց, երբ իր հրավերով գերմանացի հայտնի դերասան, կինոպրոդյուսեր Թիլ Շվայգերը եկավ Հայաստան ու որոշեց իր ֆիլմերն անպայման Հայաստանում նկարահանել։
«Ֆիլմերից 2-ը գեղարվեստական են. դրանցից մեկը մի կռվող աղջկա մասին իրական պատմություն է, դեպքերը տեղի են ունենում Բեռլինում և Սարաևոյում, մյուսը աշխարհի վերջի մասին բազմասերիանոց սերիալ է, իսկ մյուսը կրկին Բեռլինում տեղի ունեցող իրադարձության մասին է պատմում, թե ինչպես են հերոսները մի երեկոյի ընթացքում փողոցներում վերացնում չարիքները։ Կոպիտ ասած՝ 3 ֆիլմերն էլ սցենարով ու բովանդակությամբ Հայաստանի հետ կապ չունեն, բայց մենք կարողացել ենք այնպես անել, որ այս նախագծերը գան ու Հայաստանում նկարահանվեն»,– մանրամասնում է Արման Նշանյանը։
- Ո՞րն է լինելու համաշխարհային ֆիլմերի հայկական ձեռագիրը
Հայաստանը մեծ ֆիլմեր նկարելու ահռելի պոտենցիալ ունի։ Առաջին անգամ չէ, որ արտասահմանցի կինոգործիչները գալիս ու տպավորված հեռանում են՝ պատմում է կինոգործիչը։ Հայաստանում հենց Նշանյանի ղեկավարած People of Ar և Ava films ընկերություններն են զբաղվելու այս ֆիլմերի արտադրական գործընթացով։
«Իրենք գալու են իրենց գեղարվեստական «կորիզով»։ Իրենց հետ հավանաբար կլինի ռեժիսորը, օպերատորը և նկարիչը, որը կաշխատի մեր նկարիչների թիմի հետ։ Այսինքն՝ նկարահանող խումբը կազմվելու է Հայաստանի մասնագետներից․ 100 հոգանոց խմբից երևի 4-10–ը հոգին կլինեն արտասահմանցի մասնագետները»,– ասում է կինոգործիչը։
- Ի՞նչն է միջազգային արտադրողներին բերել Հայաստան
Ֆիլմարտադրողների համար Հայաստանը ոչ միայն մասնագիտական, այլ նաև բիզնես տեսանկյունից գրավիչ առաջարկներ ունի։ «Կինեմատոգրաֆիայի մասին» օրենքում վերջերս կատարված փոփոխությունների համաձայն՝ պետությունը իրականացված ներդրումների 10-40 տոկոսը վերադարձնում է ֆիլմարտադրողներին։ NETFLIX –ի, գերմանական ու ամերիկյան ընկերությունների միանգամից 3 նախագծերին առաջին հերթին Հայաստան է բերել հենց այս առաջարկը, հետո նաև՝ մեր երկրում բազմաժանր նկարահանումներ անելու հնարավորությունները՝ վստահ է Հայաստանի ազգային կինոկենտրոնի տնօրենի պաշտոնակատար Շուշանիկ Միրզախանյանը։
«Եթե մասնագիտորեն նայենք, ապա Հայաստանը ունի տարվա 4 եղանակներ ու հնարավորություն է տալիս, նույն ժամանակահատվածում օրինակ Մեղրիում նկարահանել ամառային տեսարաններ, իսկ մի քանի ժամ հետո Արագածի փեշերին ձմեռային տեսարաններ, իսկ Սևանում՝ ինչ–որ ծովափային կտորներ։ Վերջին 5 տարիներին մենք ունեցել ենք համատեղ արտադրություններ ֆրանսիական, ամերիկյան, բելգիական ընկերությունների հետ ու ես չեմ հիշում մի դեպք, որ Հայաստանից դժգոհ հեռացած լինեն»,– ասում է Շուշանիկ Միրզախանյանը։
- Ի՞նչ կլինի կնքված հուշագրից հետո
Ֆիլմերի արտադրական գործընթացը Հայաստանում իրականացնելու համար արդեն համագործակցության հուշագիր է ստորագրվել ԿԳՄՍ–ի, ֆիլմարտադրող ընկերության և Հայաստանի ազգային կինոկենտրոնի միջև։ Վերջինի տնօրենի պաշտոնակատար Շուշանիկ Միրզախանյանը վստահ է՝ օրենսդրական համապատասխան փոփոխությունից հետո սա առաջին, բայց ոչ միակ համագործակցությունն է լինելու։
«Մենք անցյալ տարի հուշագիր ստորագրեցինք Հնդկաստանի հետ, և իրենք նպատակ ունեն Հայաստանում բազմաթիվ նկարահանումներ իրականացնելու, ինչպես նաև այստեղ հետարտադրական ծառայություններ իրականացնել ու ստուդիաներ հիմնել։ Իրենք էլ անհամբեր սպասում էին ներդրումների մասնակի վերադարձի այս հնարավորությանը»։

Միջազգային համագործակցությունները ուղիղ ազդեցություն են ունենալու նաև տեղական ֆիլմարտադրության վրա․ սա ոչ միայն փորձի փոխանակում է, այլ նաև նոր կապերի ու ծանոթությունների մեկնարկ՝ շեշտում է ԿԳՄՍ նախարարության ժամանակակից արվեստի վարչության կինոոլորտի ավագ մասնագետ Լուսինե Սարգսյանը։ Կնքված հուշագրի համաձայն արտադրական պրոցեսին անպայման մասնակցելու են նաև ոլորտի սկսնակ մասնագետներն ու ուսանողները։
«Հուշագրի դրույթներում ամրագրված ունենք, որ մեր կինոգործիչները ու ուսանողները անպայման պետք է ընդգրկված լինեն տվյալ նկարահանումների գործընթացին։ Այս ամենը հստակ սահմանված է, թե օրինակ որքանով պետք է տեղական արտադրողները ներկայացված լինեն։ Ըստ այդ և մի քանի այլ գործոների՝ կսահմանվի նաև թե քանի տոկոս վերադարձ կիրականացվի։ Անպայման հաշվի է առնվելու նաև, թե տվյալ պրոյեկտում, որքանով է պրոպագանդվում Հայաստանը, մեր մշակույթը, տեղանքը, պատմամշակութային կոթողները և այլն»,– մանրամասնում է ԿԳՄՍ ներկայացուցիչը։
Այս պահին ԿԳՄՍ նախարարությունում մշակում են օրենքից բխող ենթաօրենսդրական ակտերը։ Սրան զուգահեռ ֆիլմարտադրող հայաստանյան ընկերությունը նախապատրաստական ակտիվ բանակցություններ է սկսել։ Թե երբ կսկսվեն նկարահանումները, դեռ պարզ չէ․ ԿԳՄՍ–ում ասում են՝ կարևորը միջազգային ընկերությունները բոլոր երաշխիքներն արդեն ստացել են։







