
1960-ական թվականներին Ե. Չարենցի ծննդյան 70-ամյակի կապակցությամբ 6 հատորով լույս ընծայվեց նրա երկերի ակադեմիական հրատարակությունը: Հետագա տարիներին տարբեր պահոցներից հայտնաբերվել են բանաստեղծի տարբեր ձեռագրեր, հրատարակվել են անհայտ ու անտիպ գործեր: ՀՀ ԳԱԱ Մանուկ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտը, «Անտարես» հրատարակչությունը և Եղիշե Չարենցի տուն-թանգարանը նախաձեռնել են Չարենցի երկերի ակադեմիական նոր հրատարակությունը՝ 13 հատորով։ Առաջին հատորը արդեն ընթերցողի սեղանին է: Դրանում ընդգրկված են պոետի 1912-22 թթ գործերը։
Եղիշե Չարենցի ժառանգության ակադեմիական նոր հրատարակությունը բանստեղծ Հենրիկ Էդոյանը միստիկական է համարում։ Ասում է՝ Չարենցը դարձյալ վերադառնում է՝ մեզ հոգեբանական փոսից հանելու համար։
«Այս պահին սա մեզ համար անհրաժեշտ է։ Չարենցը նորից պետք է հայտնվի մեր ժողովրդի մեջ, արդեն ամբողջական Չարենցը՝ իր ամեն ինչով։ 13 հատորը մեծ բան է, եթե հաշվի առնենք, որ նա մահացել է 40 տարեկան հասակում։ Երևում է, թե ինչ ահռելի աշխատան ք է արել այս մարդը, ինչ ներքին ինտենսիվ կյանքով է ապրել ինքը։ Նրա այս 13 հատորյակի հրատարակությունը ես համարում եմ մեր ժամանակների մեծ երևույթ նրանով, որ Չարենցը գալիս է նորից մեզ օգնելու, հոգեբանական փոսից հանելու համար։ Այդպես է, բոլոր մեծ հոգիները աշխարհ են գալիս այն ժամանակ, երբ պետք է գան»։

Չարենցի «Ես իմ անուշ Հայաստանի» բանաստեղծության հնչյունավորումն է։ Կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանի մշակմամբ այն դարձել է Ե․ Չարենցի տուն-թանգարանի հիմնը։ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը մտաբերում է վարպետի հետ խասակցության մի դրվագ․
«Երբ որ մաեստրոյի հետ քննարկում էինք, և պատմում էր , թե ինչպես է գրել երաժշտությունը «Ես իմ անուշ Հայաստանիի համար» ։ Ասում էր, որ իրեն հատկապես գրավեց, որ բանաստեղծությունը սկսվում էր ես-ով՝ ընդգծելով անձի դիրքը ու անձի հարաբերությունը Հայաստանի հետ։ Այդ առաջին տողը մի ամբողջ հարաբերություն է ձևակերպում, ես՝ որպես դիրք ունեցող և որպես հարաբերություն ունեցող անձ իմ երկրի հետ, իմ երկրի, իմ Հայաստանի, այսինքն այստեղ նաև սեփական երկրի հանդեպ իրավատիրության, պատասխանառտվության, հոգատարության հարաբերությունն է ձևակերպվում»։
Մատենադարանի տնօրեն Արա Խզմալյանի խոսքով՝ 2022-ը Չարենցյան տարի էր։ Բազմաթիվ միջոցառումներից զատ կարևոր բաղադրիչ է համարում գրահրատարակչական աշխատանքը, որի արդյունքում այսօր Չարենցը հնարավորություն կտա տեսնելու ազգային կեցության ընդերքը․
«Չարենցագետների ներկայությամբ դժվար է փորձել իմաստավորել այն, ինչ Չարենցը թողել է մեզ , բայց ուզում եմ երկրորդել Հրանտ Մաթևոսյանի խոսքը , որ ասում է՝ առանց Թումանյան մենք մենք չենք։ Հայաստանը Հայաստան չէ։ Ես կարծում եմ առանց Չարենց էլ մենք մենք չենք և Հայաստանը Հայաստան չէ։ Այս երկու բևեռները բանաստեղծական, գրական սևեռումները անուններ են, որոնք պետք է ամեն օր առնչակից լինեն մեզ։ Եթե մենք ուզում ենք հասկանալ մեր գոյաբանության տրամաբանությունը , ուզում ենք տեսնել ՝ դա չենք կարող անել առանց Չարենց ընթերցելու, առավել ևս այսօր»։
Առաջին հատորի բնագրերը կազմել, հրատարակության է պատրաստել և ծանոթագրել «Անտարես» հրատարակչության գլխավոր խմբագիր Արքմենիկ Նիկողոսյանը: Գրականագետը երկու տարի առաջ Չարենցի ակադեմիական հրատարակությունը հնարավոր չէր համարում մի քանի պատճառով։ Առաջինը, ըստ նրա՝ չարենցագիտական ուժերի վատ հարաբերություններն էին, երկրորդը՝ ժամանակի հետ ի հայտ եկող նոր նմուշները, որոնց մի մասն էլ այժմ անտիպ են և մասնավոր հավաքածուներում են գտնվում։ Ի վերջո, հանուն Չարենցի, մասնագիտական տարաձայնությունները հարթվեցին։ Խմբագրական խորհուրդում որոշեցին նաև հատորներն անվանել երկերի ժողովածու՝ հրաժարվելով «լիակատար» ձևակերպումից։

«Ի տարբերություն նախորդ ակադեմիական հրատարակության, նորի մեջ ընդգրկվել է 182 նոր տեքստային տարբերություն, որը նախորդ հրատարակություններում չի եղել։ Ընդ որում՝ նաև մոտեցումն է փոխվել տեքստային տարբերությունների նշման նաև կետադրական նշանների առումով»։
Առաջին հատորն առանձնանում է նաև բովանդակային տեսանկյունից։ Խոսքը ոչ միայն հատորում ընդգրկված 15 նոր բանաստեղծության մասին է, այլև բանաստեղծությունների տեղադրության, կառուցվածքային հարցերի։




