ԿարևորՄշակույթՌեպորտաժներ

Խաչատրյանական մրցույթ․ Հայաստանից հետո՝ նաև Չինաստանում

Չինաստանում առաջին անգամ անցկացվում է Արամ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթը՝ նվիրված հայ մեծանուն կոմպոզիտորի120-ամյա հոբելյանին։ Չինական կողմը Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբին հրավիրել է նվագակցելու մրցույթի եզրափակիչ փուլ անցած երաժիշտներին։ Սերգեյ Սմբատյանի խոսքով՝  Չինաստանում և Ճապոնիայում Արամ Խաչատրյանն ամենակատարվող կոմպոզիտորներից է։

«Չինաստանում Խաչատրյանի անվան միջազգային մրցույթի անցկացումը խաչատրյանական արվեստի հանրահռչակման լավ առիթ  է»,-ասում է «Արամ Խաչատրյան» մշակութային հիմնադրամի տնօրեն Մարտին Թովմասյանը ու հավելում՝ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը մեկնում է Չինաստան՝ նվագակցելու մրցույթի եզրափակիչ փուլ անցած երաժիշտներին։

Դեկտեմբերի 17-ին մեկնարկել է մրցույթի հատուկ թողարկումը, որն ընթանում է «ջութակ» մասնագիտացմամբ։ Այն անցկացվելու է մինչև դեկտեմբերի 28-ը։

«Արամ Խաչատրյանի հոբելյանական տարում Չինաստանում այսպիսի մեծ նախագծի իրականացումը լավ առիթ է մեկ անգամ ևս խոսելու մեծանուն կոմպոզիտորի մասին, հանրահռչակելու նրա արվեստը»։

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը մեծ ձեռքբերում համարում այն, որ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթն անցկացվում է Չինաստանում, երկրում, որը փորձում է զարգացնել դասական երաժշտությունը։

«Արամ Խաչատրյանն այն հավաքական կերպարն է, որը միավորում է աշխարհի երիտասարդ երաժիշտներին։ Եվ  եթե կա այդ ցանկությունը, որ հենց Արամ Խաչատրյանը լինի հավաքական կերպարը՝ միավորելով տարբեր ազգերի երաժիշտներին, դա մեզ համար մեծագույն ձեռքբերում է, քանի որ երկար տարիներ անում ենք հնարավոր ամեն ինչ՝ միջազգային նոր չափանիշներ սահմանելու Արամ Խաչատրյանի անվան շուրջ»,- ասաց Սերգեյ Սմբատյանը։

Սմբատյանի խոսքով՝  Չինաստանում և Ճապոնիայում Արամ Խաչատրյանն ամենակատարվող կոմպոզիտորներից է։

«Մենք պատկերացնում ենք՝ աշխարհը գիտի Արամ Խաչատրյանին, այդպես չէ, դեռ պետք է շատ աշխատենք, որ ավելի շատ իմանան»

Բացի այս համերգից՝ սիմֆոնիկ նվագախումբը ելույթներով հանդես կգա Պեկինի ազգային օպերայում։  

«Պեկինում հանդես կգանք առանձին 3 համերգով։ Կատարելու ենք Խաչատրյան, Մոցարտ, Բիզե, Չայկովսկի,  Շտրաուս և այլն։ Ծրագիրը շատ ընդգրկուն է ու հագեցած»։ 

Ի դեպ, ասուլիսից րոպեներ առաջ պարզ  դարձավ, որ Սերգեյ Սմբատյանը կշարունակի գլխավորել Մալթայի ֆիլհարմոնիկ նվագախումբը։ Դիրիժորի նկատմամբ հարուցված քրեական հետապնդումից ու նրա կալանավորումից հետո Մալթայի ֆիլհարմոնիկ նվագախմբի ղեկավարությունը որոշել էր կասեցնել Սմբատյանի հետ կնքած պայմանագիրը։

«Շատ ուրախ եմ Մալթայի ֆիլհարմոնիկ նվագախմբի տնօրենների խորհրդի որոշման կապակցությամբ, իմ պաշտոնավարումը վերականգնվել է ու շարունակելու եմ Մալթայի ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ համագործակցությունը՝ որպես գլխավոր դիրիժոր։ Շատ ծրագրեր ունենք կատարելու»։

Հարցին, թե վերջին դեպքերից հետո  ինչպես է  կարողացել վերագտնել իրեն և արդյոք սպասելի էր հանդիսատեսի բուռն ընդունելությունը, Սմբատյանը պատասխանում է․

«Ուրախ եմ, որ հանդիսատեսն այդպես ընդունեց ինձ, իրոք, պարտավորեցնող է։ Շատերը փորձում են ցույց տալ, որ սատարում են, համակրում են, դրանով շատ ավելի ուժեղ ես քեզ զգում»։

Կարդացեք նաև

Back to top button