ԿարևորՌեպորտաժներՔաղաքական

Ի՞նչ հաղորդագրություններ են փոխանակել Թեհրանն ու Երևանը

Պետք է հոգ տանել, որ կովկասյան տարածաշրջանը չդառնա մրցակցության դաշտ արտատարածաշրջանային երկրների համար, և որ հարցերը լուծվեն տարածաշրջանի երկրների կողմից՝ առանց կողմնակի միջամտության՝ շեշտել է Իրանի նախագահ Իբրահիմ Ռայիսին՝ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հեռախոսազրույցում: Պաշտոնական հաղորդագրություններում նշվում է, որ հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել են նաև երկկողմ տնտեսական համագործակցության և տարածաշրջանային վերջին զարգացումները, կարևորվել է Իրանի և Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաների միջև հարաբերությունների շարունակությունն ու ընդլայնումը` վկայակոչելով երկկողմ հարաբերությունները համակողմանի զարգացնելու երկու երկրների կամքը:

Իրանի նախագահի պաշտոնական կայքը հայտնում է, որ Իբրահիմ Ռայիսին Կովկասը բնութագրել է որպես խաղաղության կարիք ունեցող կարևոր տարածաշրջան և վստահեցրել, որ Կովկասի նկատմամբ Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին քաղաքականությունը հստակ ​​է։

«Պետք է հոգ  տանել, որպեսզի կովկասյան տարածաշրջանը չդառնա մրցակցության դաշտ արտատարածաշրջանային երկրների համար, և որ հարցերը լուծվեն տարածաշրջանի երկրների կողմից՝ առանց կողմնակի միջամտության»:

Իրանագետներն ուշագրավ են համարում, որ Հայաստանում ԵՄ քաղաքացիական դիտորդների թվի ավելացման ֆոնին Իրանը վերահաստատում է իր դիրքորոշումը, որն արտահայտել էր դիտորդների ժամանման առաջին իսկ պահից։

Իրանագետ Գոհար Իսկանդարյան. «Առաջին անգամ դիտորդների ժամանման պահով Իրանը հենց այդ հայտարարությունն արեց, որ իրենք գտնում են, որ, միևնույն է, խնդիրները լուծելու են տարածաշրջանի երկրները։ Այն, որ տարածաշրջանում հանդես են գալիս արևմտյան երկրների ներկայացուցիչներ, չի բխում Իրանի Իսլամական Հանրապետության շահերից, երբ»։ 

Արդյո՞ք սա նշանակում է, որ Իրանի համար ընկալելի չէ Հայաստանի սահմաններին ԵՄ դիտորդների թվաքանակի ավելացումը։

Իրանցի քաղաքագետ Փույա Հոսեյնի. «Եթե անվտանգությունը պահպանվի, որ կողմից էլ որ լինի, Իրանը խնդիր չունի։ Տարածաշրջանում առաջին հարցը Իրանի համար անվտանգությունն է, բայց Իրանը փորձում է առաջին հերթին իր ուժով վերականգնել այդ հարցը»։ 

Իրանագետ Գոհար Իսկանդարյանը, սակայն, նկատում է, որ Իրանի դիրքորոշումը նույնն է, ինչի մասին ամենաբարձր մակարդակով բազմիցս նշվել է. «Տարածաշրջանի խնդիրները պետք է լուծվեն տարածաշրջանի երկրների միջոցով։ Եթե որևէ այլ երկիր կկարողանա նպաստել, թող նպաստի, բայց, իրենք, միևնույնն է, նշում են, որ այդ խնդիրը իրենք են լուծելու՝ տարածաշրջանի երկրները։ Այսինքն, ԵՄ-ից կլինեն հայտարարություններ,  ըստ իրենց,  սակայն, դրանք կյանքի չեն կոչվի»։  

Իրանցի փորձագետ Փույա Հոսեյնին համոզված է՝ Իրանի և Հայաստանի շահերը համընկնում են միանշանակորեն։

«Հայաստանն իրավունք ունի բոլոր կողմերի հետ համագործակցել, որը բխում է իր շահերից, բայց Իրանի շահն էլ պետք է հաշվի առնվի, որովհետև Իրանը Հայաստանին հարևան երկիր է։ Որոշ ուժեր փորձում են Իրանի համար խնդիրներ առաջացնել և Հայաստանն էլ պետք է դա հաշվի առնի, որ մեծ հակասություններ չաճեն տարածաշրջանում։ Մեծ հակասությունները կարող են տարածաշրջանը հասցնել վտանգավոր պայթյունային իրավիճակի։ Պետք է համագործակցել բոլոր կողմերի հետ, բայց մեծ հակասություններ չառաջացնել»։  

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հեռախոսազրույցում Իրանի նախագահ Ռայիսին նաև կարևորել է Թեհրանում «3+3»  ձևաչափով հանդիպման հաջող անցկացումը՝ այն որակելով տարածաշրջանային համագործակցության ամրապնդման կառուցողական քայլ։ Տարածաշրջանի երկրների փոխադարձ շահերն ապահովելն Իրանի Իսլամական Հանրապետության հիմնարար քաղաքականությունն է՝ հավելել է Ռայիսին։

Իրանագետ Գոհար Իսկանդարյանի խոսքով՝ ՀՀ ազգային անվտանգության շահերից բխում է համագործակցությունը Մինսկի խմբի ձևաչափով։ Սակայն այս փուլում ռուս-ուկրաինական պատերազմը թույլ չի տալիս, որ Մինսկի խումբն աշխատի այնպես, ինչպես աշխատել է ժամանակին։ Հետևաբար, ի սկզբանե Իրանի նախաձեռնած «3+3» հարթակը, թեպետ՝ առանց Վրաստանի, կարևոր է.

«Սա դառնում է գործիքներից մեկը, որ հնարավոր հարթակ է ստեղծում, քննարկումների և բանակցությունների համար»։ 

Իրանն աջակցում է հաղորդակցության ուղիների բացման ցանկացած գործողության և հարթակների՝ հարգելով բոլոր երկրների ազգային ինքնիշխանության և տարածքային ամբողջականության սկզբունքը և դա գնահատում է որպես խաղաղության ամրապնդման ու իր հարևանների շահերի ապահովմանն ուղղված արդյունավետ քայլ։ Ի պատասխան Հայաստանի կառավարության «Խաղաղության խաչմերուկ» ծրագրին անդրադառնալով՝ Իրանի նախագահը նկատել է, որ այն «արդյունավետ  քայլ է խաղաղության ամրապնդման և իրենց հարևանների շահերի ապահովման ուղղությամբ»։

Կարդացեք նաև

Back to top button