
Մարդու իրավունքների եվրոպական դատարանն Ադրբեջանին պարտավորեցրել է ավելի քան 18 հազար եվրո վճարել 2016թ-ին սպանված երեք հայ զինծառայողների ընտանիքներին։ Հայ զինծառայողները սպանվել են 2016 թվականի դեկտեմբերի 29-ին Տավուշի մարզի Չինարի գյուղի մերձակայքում գտնվող «Բիթլիս» մարտական դիրքում հերթապահություն իրականացնելիս։ Արդյոք Ադրբեջանը կկատարի՞ դատարանի պահանջը, թե այն կհամալրի այդ երկրի կողմից արհամարվող որոշումների շարքը։
«Նարայանը և մյուսներն ընդդեմ Ադրբեջանի» գործը ՄԻԵԴ-ում է արդեն 7 տարի։ Ըստ դատարանի օրերս հրապարակած որոշման՝ խախտվել է Կոնվենցիայի 2-րդ՝ կյանքի իրավունքի հոդվածը՝ կապված զինծառայողներ Էդգար Նարայանի, Էրիկ Աբովյանի մահվան, ինչպես նաև նրանց մահվան հանգամանքների քննության բացակայության վերաբերյալ։
«Ադրբեջանը պարտավոր է Կոնվենցիայի 44-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն դատարանի վճիռն օրինական ուժի մեջ մտնելու օրվանից հետո երեք ամսվա ընթացքում դիմողներին վճարել 16 հազար եվրո յուրաքանչյուր դիմումի համար , 2780 եվրո յուրաքանչյուր հայտի համար, որոնք պետք է համատեղ վճարվեն համապատասխան դիմորդներին, գումարած ցանկացած հարկ, որը կարող է գանձվել նրանցից՝ կապված ծախսերի հետ»։
Ի՞նչ է տալիս այս վճիռը իրավունքի խախտման զոհերին, նրանց ընտանիքներին և Հայաստանի Հանրապետությանը։ «Նարայանը և մյուսներնն ընդդեմ Ադրբեջանի» գործով փաստաբան Արտակ Զեյնալյանի խոսքով՝ դատարանը բավականին մեծ անդրադարձ է կատարել ընդունելության չափանիշներին, քանի որ դեպքը տեղի է ունեցել Հայաստանի տարածքում, իսկ մեղադրանքը վերագրվում է կոնվենցիայի կողմ հանդիսացող Ադրբեջանի կառավարությանը։
«Ուստի այստեղ պետք էր ցույց տալ, որ սպանված անձինք գտնվել են ադրբեջանցի զինծառայողի հասանելիության տակ և, որ այդ անձի համար պատասխանատվությունը կրում է Ադրբեջանն, ու այդ արարքը վերագրվում է Ադրբեջանի կառավարությանը»։
Ադրբեջանը, իր ձեռագրի համաձայն, փաստերի անհեթեթ շարադրանք էր ներկայացրել․ իբր հայ զինծառայողները դիվերսիա են իրականացրել, գերեվարել Գուրբանովին, տարել Հայաստան ու սպանել նրան, որից հետո Գուրբանովի ինքնաձիգից սպանել 3 հայ զինծառայողներին։ Հայկական կողմին հաջողվեց ապացուցել, որ սա ակնհայտ կեղծիք է։
Ադրբեջանը նաև պատասխան հայց էր ներկայացրել Հայաստանի դեմ՝ Գուրբանովի դին վերադարձնելու գործընթացը ձգձգելու պատճառաբանությամբ։ Միջազգային իրավունքի մասնագետ Սիրանուշ Սահակյանի խոսքով՝ ՄԻԵԴ-ը այս հայցում հանցակազմ չի գտել։
«Հարձակման արդյունքում Գուրաբանովը սպանվել էր, և նրա դին մնացել էր Հայաստանի տիրապետության ներքո։ Դատարանն ամբողջովին համակողմանի քննելով արձանագրեց, որ դիերի վերադարձի և ընտանեկան կյանքին միջամտություն չի եղել»։
ՄԻԵԴ-ը բավարարել է Էդգար Նարայանի և Էրիկ Աբովյանի հարազատների բողոքը։ Արտակ Զեյնալյանի խոսքով՝ թեև Շավարշ Մելիքյանի հարազտների բողոքը մերժվել է, իրավական այն դիրքորոշումները, որոնք դատարանը հայտնել է և բացահայտել ճշմարտությունը, կարևոր հանգամանք է։ Քննարկվում է նաև Շավարշ Մելիքյանի գործով ակտը վիճարկելու հարցը՝ նշում է իրավապաշտպանը։
«Մենք ունենք դատական ակտերը մեծ պալատում վիճարկելու փորձ։ Ստորին պալատի կայացրած որոշումների մեծ մասի դեպքում մենք բողոքարկել ենք Մեծ պալատին, սակայն դրանք չեն ընդունվել։ Պիտի այս ամեն ինչի լույսի ներքո գնահատենք ու որոշում կայացնենք»։
Ադրբեջանի դեմ կայացված վճիռներից որևէ մեկով դատական ակտը կատարված չէ։ Արդյոք Բաքուն կկատարի՞ դատարանի այս պահանջը, թե այն կհամալրի այդ երկրի կողմից արհամարվող որոշումների շարքը։
«Ուզում եմ ևս մեկ անգամ հիշեցնել, որ դատական ակտի կատարումը միայն արդարացի հատուցումը գումարի ձևով վճարելը չէ։ Եվրոպական դատարանի վճիռը շատ ավելի կարևոր է, քան գումարի վճարումը։ Այս երկիրը պետք է վերացնի իրավունքի խախտումը և վերականգնի մինչև իրավունքի խախտումը եղած վիճակն ու դրությունը։ Տվյալ դեպքում խախտվել է հետաքննության իրավունքը։ Կյանքից զրկելու դեպքում պետությունը պետք է հետաքննություն իրականացնի, բացահայտի ճշմարտությունը, մեղավորներին և ենթարկի պատասխանատվության։ Սա կլինի դատարանի վճռի կատարում»։
Եվրոպական դատարանի այս վճռով հաստատված է նաև, որ Ադրբեջանը ապացույցներ է կեղծել։ Ըստ իրավապաշտպանի, այդ կեղծողները նույնպես պիտի բացահայտվեն և պատասխանատվության ենթարկվեն։
«Նարայանը և մյուսներնն ընդդեմ Ադրբեջանի» գործով դատավարությունը 7 տարի է տևել, սակայն կարող էր ավելի երկար տևել՝ նշում է Արտակ Զեյնալյանը։
Առայսօր քառօրյա պատերազմի դեպքերով ու գանգատներով վճիռներ կայացված չեն։ 44-օրյա պատերազմի դեպքերով նույնպես վճիռներ չկան։




