
Այսօր ԱԱԾ աշխատակցի օրն է։ Այս մասին հիշել ու շնորհավորել են ԱԺ անվտանգության և պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովում՝ հենց կառույցին վերաբերող օրինագծի քննարկման ժամանակ։ Համընկնումը պատահականություն է, բայց «Ազգային անվտանգության մարմինների մասին» օրենքում կառավարության առաջարկած փոփոխությունը քննարկվել է արագացված ընթացակարգով։ Առաջարկվում է, որ ԱԱԾ տնօրենին ու տեղակալներին այսուհետ պաշտոնի նշանակի ու պաշտոնից ազատի ոչ թե նախագահը՝ վարչապետի առաջարկությամբ, այլ հենց վարչապետը։
«Եկեք շնորհավորենք ԱԱԾ մասնագիտական տոնը, մաղթենք իրենց՝ աշխատանքի մեջ հաջողություններ, որովհետև իրենց հաջողությունից է կախված նաև մեր երկրի թե՛ ներքին, թե՛ արտաքին նաև անվտանգության բազմաթիվ խնդիրների լուծումներ»։
Չնայած համընկնումը պատահական է, բայց ԱԺ անվտանգության և պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը նույնպես կարծում է, որ կառավարության ներկայացրած «Ազգային անվտանգության մարմինների մասին» և հարակից օրենքում փոփոխություն փոփոխություն առաջարկող օրինագիծն իրավական տեսանկյունից հրատապ ընդունելու անհրաժեշտություն կա։
Մինչև այդ արդարադատության փոխնախարար Արմինե Հարությունյանը, հանձնաժողովին ներկայացնելով փոփոխությունները, նշել էր, որ նախագիծը թեպետ ծավալով փոքր է, բայց կարևոր և հրատապ կարգավորում է առաջարկում։ ԱԱԾ-ն վաղուց վարչապետին ենթակա կառույց է, բայց տնօրենն ու տնօրենի տեղակալները նշանակվում և ազատվում են նախագահի կողմից՝ պարզաբանեց փոխնախարարը։ Առաջարկվում է գործող կարգավորումները վերանայել այնպես, որ նշված անձանց պաշտոնի նշանակի ու պաշտոնից ազատի վարչապետը։
«Ծառայության՝ վերջինիս ենթակա լինելու հանգամանքը հաշվի առնելով։ Այս պայմաններում հնարավոր կլինի ապահովել արդեն «Հանրային ծառայության մասին» օրենքին համապատասխանությունը, ինչպես նաև «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» օրենքի կարգավորումներին համապատասխանությունը»։
Ներկա կարգավորումներով ԱԱԾ տնօրենի ու տեղակալների պաշտոնները համարվում են զինվորական ծառայության։ Փոփոխությունների ընդունումից հետո ԱԱԾ տնօրենն ու տեղակալները համարվելու են հանրային պաշտոն զբաղեցնող անձինք և նրանց դեպքում գեներալի կոչումը պարտադիր չի լինի։ ԱԱԾ մյուս ծառայողները զինվորական պաշտոններ զբաղեցնողներ են՝ հստակեցրեց փոխնախարարը։ Հավելեց, որ նրանց նկատմամբ ԱԱԾ տնօրենի կողմից կարգապահական իրավունքների կիրարկման հնարավորություն նույնպես փաթեթով նախատեսված է։
Խորհրդարանական ընդդիմությանը մտահոգում է նախագծի ընդունման հրատապությունը։ «Հայաստան» խմբակցությունից Գեղամ Մանուկյանը տարակուսում է՝ ինչո՞ւ է նախագիծը արագացված ընթացակարգով հիմա բերվել խորհրդարան, եթե դրա անհրաժեշտությունը շատ ավելի վաղ կար։
«Հրատապությունը կառավարությունը տեսնում է ԱԱԾ ղեկավար կազմի՝ հանրային ծառայող դարձնելու մեջ, այնինչ 2023 թվականի մայիսից ՀՀ-ն սահմանապահ զորքերի հրամանատար չունի։ Այսքան ամսվա մեջ հրատապություն կառավարության համար չի եղել, և սա ամենացավալի փաստն է։ Խիստ թերի է, հատկապես որ մի օրենքի կամ մի ոլորտի մեջ է այս փոփոխությունը, թեև այլ ստորաբաժանումներում ևս նույն կանոնակարգման խնդիրներ կա և դրա համար կողմ չենք լինի»։
Ի պատասխան Գեղամ Մանուկյանի մտահոգությունների՝ արդարադատության փոխնախարարը հստակեցրեց, որ փոփոխությունը կառույցի ապառազմականացում չի ենթադրում։ Զինվորական ծառայությունից դուրս են մնում միայն ԱԱԾ տնօրենի և տեղակալների պաշտոնները, որոնք դառնում են վարչական պաշտոններ։ Ինչ վերաբերում է հրատապությանը, ապա կարգավորումները զուտ կանոնակարգային են, որոնք բխում են նախկինում ընդունված օրենքներից։ Դրանք շուտ պիտի արվեին, բայց հետաձգվել են՝ տարբեր պատճառներով։ Բարեփոխումները շարունակվելու են՝ ասաց փոխնախարարը։ Հարակից զեկուցող Արմեն Խաչատրյանն իր հերթին նկատեց.
«Ընկալեցինք, որ այստեղ տարաբնույթ ընկալումների խնդիր կարող է առաջանալ՝ մյուս զինվորական ստորաբաժանումների ղեկավարների առավելագույն կոչումների մասով։ Կառաջարկեմ ինչ-որ հստակեցում մտցնել, որ այլևս տարաբնույթ ընկալումների տեղ չտա»։
Թյուրիմացություններից խուսափելու համար մաքսիմալ հստակեցմանը կառավարության ներկայացուցիչը դեմ չէր։




