
Ոստիկանության բարեփոխումների 2020-2022 թվականների ռազմավարությունն ընդունելով ՝ գործադիրը հայտարարեց, որ մեր երկրում ոստիկանները պիտի լինեն օրինակելի: Ամեն տարի նոր փաստաթղթեր են մշակվում ու հավանության արժանանում, բայց դրանից ոստիկանի կերպարն չի բարեփոխվում, վստահությունը չի ավելանում: Քաղհասարակության ներկայացուցիչները կարծում են, որ բարեփոխումների ռազմավարությունն այդպես էլ կմնա թղթի վրա և բազմաթիվ մարտահրավերներ կշարունակեն գոյություն ունենալ, քանի դեռ իշխանություններն ու հատկապես ոստիկանական համակարգը չունի իրեն փոխելու քաղաքական կամք։
Նոր իրողությունների պայմաններում անհրաժեշտ են նոր ոստիկաններ՝ հայտարարեց կառավարությունն ու ընդունեց ոստիկանության բարեփոխումների 2020-2022 թվականների ռազմավարությունը: Դրանից, սակայն, ոչ ոստիկանի նկատմամբ հանրային ընկալումներ են փոխվել, ոչ էլ ոստիկաններն են ավելի բարեվարք դարձել: Ոստիկանությունը շարունակում է քաղաքականացված մնալ: Այս պարագայում խոսել բարեփոխումների մասին, դժվար է, ասում է Գևորգ Քոթանջյանը՝ «Ուղղակի ժողովրդավարություն»ՀԿ-ից:
Գևորգ Քոթանջյան, «Ուղղակի ժողովրդավարություն» ՀԿ նախագահ․ «Հստակ կարելի է ասել, որ ոստիկանությունը չափից դուրս քաղաքականացված է, համենայն դեպս Լոռու մարզում, օրինակ Սպիտակ համայնքում վարչական ղեկավարի ամսուսնուն ծեծի է ենթարկում համայնքապետի որդին, մի խումբ անձանց հետ, այդ գործը քնած է ու միանշանակ չի վերաբացվի: Վերջին պրոցեսները Ալավերդիում: Կատարվեց այն, որ ոստիկանները խոչընդոտեցին համայնքի ղեկավարին ու ոչ իշխող կուսակցության թիմի ավագանուն, արգելեցին մուտք գործել ավագանու նիստերի դահլիճ: Ինքնին քաղաքական պրոցես է, բայց հարց է, եթե քաղաքական մյուս ուժերը դիմեին, արդյո՞ք ոստիկանությունը կսպասարկեր»:

«Թումանյան» փաստաբանական գրասենյակի փաստաբան Մերի Կարապետյանի խոսքով՝ որպես փաստաթուղթ ռազմավարությունը հստակ չի մատնանշում այն ուղիները, որոնցով պիտի իրականացվի մարդու իրավունքների պաշտպանությունը, փոխարենը հանրությունը շարունակում է ականատես լինել ոստիկանների կողմից ֆիզիկական անձանց նկատմամբ բռնի ուժի գործադրման փաստերի: Խնդիրը համակարգային է՝ ասում է
«Օրինակ ականատես եղանք վերջերս փաստաբանների նկատմամբ կիրառված բռնի ուժի գործադրմանը: Իրավապաշտպան կառույցները, փաստաբանական համայնքը կոչերով հանդես եկան, որի արդյունքում ծառայողներն աշխատանքից ազատվեցին: Այլ իրավիճակ է ֆիզիկական անձանց դեպքում, որովհետև շատ դեպքերի մասին չի էլ բարձրաձայնվում: Այս առումով պետությունն անելիք ունի, որովհետև նոր փոփոխված ոստիկանություն դեռևս չենք տեսնում:Եթե մինչ այժմ ունենք նման դեպքեր, այս համատեքստում, կարելի է արձանագրել, որ այն խնդիրը, որը դրված է եղել ռազմավարության հիմքում, չի լուծվել»:
Չենք կարող ասել, որ տեսնում ենք այդ բարեփոխումները, որովհետև ոստիկանության ոչ համաչափ գործողություններն ավելի կտրուկ են դարձել՝ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակից Անի Չատինյանն է ասում: Հիշատակում իրենց գրասենյակ դիմած քաղաքացու դեպքը, որի նկատմամբ 2023-ի ապրիլին լոռեցի պարեկներն էին բռնություն կիրառել։
«Բոլորովին վերջերս Լոռու մարզում նոր ընտրված պարեկային ծառայության ներկայացուցչի կողմից անմարդկային վերաբերմունքի, խոշտանգման դեպք ենք արձանագրել: Գրասենյակ է դիմել քաղաքացի, ով նշել է, որ պարեկային ծառայության աշխատակցի կողմից ենթարկվել է բռնությունների, որն ուղեկցվել է նվաստացնող վերաբերմունքով, որոշ ժամանակ անազատության մեջ պահելով: 8 ամիս այս գործով ոչ միայն չի իրականացվել ոչ մի քրեակադատավարական գործողություն, այլև սույն անձը շարունակում է աշխատել պարեկային ծառայությունում և վստահ չենք, որ նման դեպքերը չեն շարունակվում»:
Անի Չատինյանի խոսքով, դեռևս լրջագույն խնդիր է ոչ միայն ոստիկանության կողմից բռնության ու վատ վերաբերմունքի վերացումը, այլև այդ դեպքերով հարուցված գործերի պատշաճ ու արդյունավետ քննության իրականացումը: Այս առումով համակարգային խնդիր կա ոչ միայն ոստիկանական համակարգում, այլև՝ պետական այլ կառույցներում ևս:

«Համատարած անպատժելիություն է: Որևէ ոստիկան մինչ օրս չի ենթարկվել պատասխանատվության իր կատարած հանցագործության համար: Վերջին 15 տարում չկա դեպք, որ նման գործերը հաջողությամբ ավարտված լինեն»:
Որպես համակարգային խնդիր, Անի Չատինյանն առանձնացնում է 2021թ․-ին Հատուկ քննչական ծառայության լուծարումը: Այն ակնհայտ հետընթաց էր՝ խոշտանգման գործերով քննչական ենթակայության հարցի իրավակարգավորման առումով, որովհետև ոլորտում միակ անկախ մարմնի լուծարումն ու վատ վերաբերմունքից զերծ մնալու իրավունքի խախտման գործերով քննությունը ՀՀ քննչական կոմիտեին հանձնարարելը դարձավ լուրջ սպառնալիք՝ մարդու իրավունքների և դրանց պաշտպանության առումով։
2020-2023թթ. ընթացքում խոշտանգումների, ֆիզիկական և հոգեբանական բռնության, վատ վերաբերմունքի գործերով Վանաձորի Հելսինկյան գրասենյակի կողմից՝ ՀՀ իրավապահ մարմիններին է ներկայացվել 30-ից ավելի գրություն ու հաղորդում, որոնց մի մասին ընթացք է տրվել: 2013 թ․-ից ի վեր գրասենյակը 12 գանգատ է ներկայացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարան՝ կոնվենցիայի 3-րդ հոդվածի խախտման հիմքով ։ Գանգատներից 10-ը ներկայացվել են մինչև 2018 թվականը:




