ԿարևորՀասարակությունՌեպորտաժներ

«Արցախն իմ մեջ» տոնավաճառը Արմավիրում. Արցախցի կանայք տոնական շունչ են փոխանցում

Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցներից ոմանք, մինչև նոր միջավայրում աշխատանք գտնելը, որոշել են Ամանորից առաջ տոնական տրամադրություն հաղորդել արմավիրցիներին: Համադրելով ստեղծագործական միտքն ու ձեռքի ճկունությունը, կպչուն թղթերով նրանք եղևնիներ, տոնածառի խաղալիքներ, ձնեմարդեր, մոմակալներ են պատրաստել, կարել են թեմատիկ սփռոցներ, անձեռոցիկներ, որոնք կզարդարեն տոնական սեղաններն ու կփոխանցեն արցախյան շունչը: Արցախցի կանանց ձեռքի աշխատանքները երկու օր կվաճառվեն Արմավիրում բացված «Արցախն իմ մեջ» տոնավաճառում:                                                                    

Ամանորյա թեմայով աչք շոյող սփռոցներն ու անձեռոցիկները, փայլփլուն կանաչ եղևնիները, տոնածառի խաղալիքներն ու մոմակալներն արցախցի կանանց ձեռքի գործն է: Մինչև հիմնական աշխատանք գտնելը, նրանք չեն ցանկացել պարապ նստել ու որոշել են գործի դնել իրենց հմտությունները. վերցրել են մկրատը, սոսինձն ու գունավոր թղթերը՝ զարգացրել երևակայությունը.

«Բաժակներից ստանում ենք մոմակալներ, փորձում ենք նոր տարվա շունչ ստեղծել: Մեր խումբն առաջարկեց պատրաստել ամանորյա խաղալիքներ: Երևի առաջիններից մեկը ես էի, որ ասեցի՝ կպատրաստեմ, քանի որ ես դասվար էի և տեխնոլոգիա եմ դասավանդել, փորձեցի այստեղ ավելի լավ կատարելագործել հմտություններս: Ձևավորման միտքն իմն է»:

Արցախցի շուջ 15 կանայք են միավորվել այս թիմում, նրանք մոտ մեկ ամիս առաջ «Վորլդ Վիժն Հայաստան» կազմակերպության «Կանանց աջակցման կենտրոնի» միջոցներով Արմավիրի «Երիտասարդական ավանգարդ» հասարակական կազմակերպությունում մասնակցել էին կարուձևի դասընթացին, կարել անկողնային պարագաներ, իսկ հիմա նոր հմտություններով որոշել են եկամուտ ստեղծել:

«Անձեռոցիկներ ենք կարում տոնավաճառի համար, ես եզրակարում եմ, Ռուզաննան՝ կարում: Մեծ հաճույքով ենք գալիս մեր աշխատանքին»:
«Ես աղջիկներին օգնել եմ, և միասին կարել ենք սպիտակեղենը, սրբիչները»:
«Ես բոլոր գործերին խառնվում եմ, ամեն տեղ աշխատում եմ. ինչ-որ կարողանում եմ՝ անում եմ, ինչով կարողանում եմ՝ օգնում եմ»:

Թիմային աշխատանքի գաղափարը հասարակական կազմակերպությանն է: Սուսաննա Մատինյանն ասում է, որ այդ կերպ բացահայտել են նաև իրենց կարողություններն ու ներուժը: Կառույցն ընդառաջել է արցախցի կանանց նախաձեռնությանն ու որոշակի ռեսուրսներ ներդրել մտահղացումն իրականացնելու համար:

«Այս փուլում մենք առաջարկեցինք արցախցի այլ կանանց ներգրավվածությունը, որպես թիմային աշխատանք: Հետո հասկացանք, որ մեծ պոտենցիալ կա, պետք է ռեսուրսներ ներդնել այստեղ, նաև տարածքը տրամադրել, որպեսզի կանայք կարողանան աշխատել ապահով ու ազատ միջավայրում. ստեղծագործեն, կարեն, այն ինչ նպատակ դրել են, միանշանակ, դրան հասնեն»:

Նախաձեռնությունը կյանքի կոչելու համար, բացի հասարակական կազմակերպությունից, չնայած դժվար ապրելակերպին, ֆինանսական ներդրումներ են արել նաև արցախցի կանայք: Սա նրանց համատեղ գործ սկսելու առաջին քայլն է: Կտրվելով հայրենի լեռնաշխարհից արցախցիներն իրենց մեջ պահում են Արցախի անմահական համն ու հոտը, բույրն ու գույները, որոնք որոշել են ներկայացնել արմավիրցիներին «Արցախն իմ մեջ» տոնավաճառում:

«Հույս ունենք, որ մեր աշխատանքը կտեսնեն, մեզ կօգնեն, որպեսզի մենք կարողանանք այս գործը շարունակենք ու աշխատանք ունենանք»:

Տոնավաճառում կլինեն նաև նրանց ձեռքով պատրաստած յուրօրինակ թթուներ, մուրաբաներ, թխվածքներ, Արցախը բնորոշող ժենգյալով հաց: Հոգում պահելով կորստի վիշտը, արցախցին փորձում է տոնական տրամադրություն հաղորդել շրջապատին ու դրանից մի պատառ իր հետ տանել տուն: Այնտեղ, որտեղ առաջին անգամ նոր տարին նշելու է հայրենի բնօրրանից հեռու, բայցև այդքան մոտ:

Կարդացեք նաև

Back to top button