ԿարևորՌեպորտաժներՔաղաքական

Երևանը չմերժեց Մոսկվային․ հայկական պատվիրակությունը ՌԴ-ում է, չի բացառվում նաև դեկտեմբերի 26-ի հանդիպումը

Հայ–ռուսական լարված հարաբերությունների մասին ակտիվացած խոսակցություններին զուգահեռ Ռուսաստանի տարբեր քաղաքներում կազմակերպվում են տարեվերջյան գագաթնաժողովները, որոնց մի մասին Հայաստանն արդեն չի մասնակցել, իսկ մյուսներին մասնակցությունը դեռ հարցականի տակ է։

ՀԱՊԿ շրջանակում անցկացվող միջոցառումներին Հայաստանը չի մասնակցում  հստակ հիմնավորումներով։ Փոքր-ինչ այլ է իրավիճակն ԱՊՀ և ԵԱՏՄ հարթակներում։ Հաջորդ տարվա ընթացքում, օրինակ,  Հայաստանը պատրաստվում է ընդունել ԱՊՀ համաժողովներից մեկը և ստանձնել նաև ԵԱՏՄ նախագահությունը։ Մոսկվան ու Երևանը շարունակում են գործակցել՝ պնդելով՝ դաշնակցային հարաբերությունները քննություն են անցնում։

Հայաստանն այս անգամ չմերժեց և մասնակցեց ԱՊՀ երկրների կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստին։ Սակայն, վարչապետ Նիկոլ Փաշինյանի փոխարեն Մոսկվա մեկնեց փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։ Աշխատանքների ընթացքում Հայաստանի փոխվարչապետը հաստատեց՝ հաջորդ տարի նաև ԱՊՀ-ն «կգա» Հայաստան՝ Գյումրի։

«2024-ի համար Համագործակցության մարզական մայրաքաղաքի պատվավոր կարգավիճակը տրվել է հայկական Գյումրի քաղաքին, որն իր դռները կբացի Համագործակցության երկրների բոլոր ներկայացուցիչների առջև՝ մասնակցելու գալիք մարզական միջոցառումներին և ծանոթանալու Վարպետների քաղաքի մշակութային ժառանգությանը»:  

Մինչդեռ այս աշխատանքների նախօրեին Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը կրկին խոսել էր հայ-ռուսական լարված հարաբերությունների մասին՝ ասելով, որ Ռուսաստանի և Հայաստանի դաշնակցային կապերի ամրությունը քննություն է անցնում։ Ընդ որում, նրա համոզմամբ, երկու պետությունների հարաբերությունները փորձում է խաթարել Արևմուտքը։ Մինչդեռ Հայաստանը՝ Ռուսաստանի քայլերից դժգոհելով, ավելի կոնկրետ օրինակներ է ներկայացնում․ վճարված գումարի դիմաց զենքի չմատակարարում, ՀԱՊԿ պարտավորությունների չկատարում, ռուսական դաշնային հեռուստաալիքների մեղմ ասած ոչ բարեկամական մեդիա քաղաքականություն։ Հայաստանն ավելի է կոնկրետացնում․ փորձության են ենթարկվում ոչ թե հարաբերությունները, այլ՝ պայմանագրերը։ Սակայն փոխարտգործնախարար Պարույր Հովհաննիսյանը չի շտապում կտրուկ գնահատական տալ իրավիճակին։  

«Բոլոր գործընկերների հետ միշտ ունենում ենք տարաձայնություններ, քննարկումներ։ Դա չի նշանակում, որ դա կարելի է մեկնաբանել որպես լարված։ Գնում են տարբեր հարցերի շուրջ քննարկումներ աշխատանքային կարգով։ Աշխատում ենք ռուսական կողմի հետ բոլոր հարցերի շուրջ»։  

Ամեն դեպքում, արդեն հայտնի է, որ ի տարբերություն փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը չի մասնակցի 2023 թվականի դեկտեմբերի 19-ին Մոսկվայում կայանալիք ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի խորհրդի արտագնա նիստին եւ 16-րդ լիագումար նիստին։ Մոսկվա չմեկնելու որոշումը պաշտոնական նամակով փոխանցվել է Պետդումայի նախագահին։

«Իմաստ չեմ տեսնում մասնակցելու, որովհետև կան չլուծված հարցեր։ Մարդիկ իրենց պարտավորությունները չեն կատարում, մենք լսում ենք, որ միայն Հայաստանի ուղղությամբ է հոխորտանք հնչում։ Այնինչ, եթե մենք նայենք 2020 թվականի նոյեմբերի 9-ից հետո ադրբեջանական կողմը, չեմ ուզում կոշտ բառ օգտագործեմ, բայց շատ վատ է դրսևորել իրեն որպես ՌԴ դաշնակից․ սկսած ռուս զինվորներին սպանելուց վերջացրած պայմանավորվածությունները խախտելով։ Այսինքն՝ Ադրբեջանը ինչ ուզեցել մեր տարածաշրջանում արել է և Ռուսաստանը կամ չի կարողացել, կամ չի արձագանքել»։

Պաշտոնական Մոսկվան, իր հերթին սուր է ընդունում Հայաստանի քայլերից շատերը,  օրինակ՝ հայ–ամերիկյան զորավարժությունները, Հռոմի ստատուտի վավերացումը։ Դժգոհության նոր ալիք թերևս կբարձրացնի նաև Հայաստանի նոր քայլը, որի մասին տեղեկանում ենք ԵԽ կայքում տեղադրված հայտարարությունից։ ԵՄ թեկնածու երկրները՝ Հյուսիսային Մակեդոնիան, Չեռնոգորիան, Ալբանիան, Ուկրաինան, Մոլդովան և Բոսնիա–Հերցեգովինան, ինչպես նաև Եվրոպական տնտեսական տարածքի անդամներ Իսլանդիան, Լիխտենշտեյնը և Նորվեգիան, ինչպես նաև Հայաստանն ու Ադրբեջանը միացել են ընդհանուր արտաքին և անվտանգության քաղաքականության որոշմանը, որով պատժամիջոցներ են սահմանվում մարդու իրավունքների զանգվածային ոտնահարման համար պատասխանատու պաշտոնյաների, անձանց ու կազմակերպությունների դեմ։ Այն նաև կոչվում է «Մագնիտսկու ցուցակ»։

Այսպիսով՝ նշված երկրները կապահովեն, որ իրենց ազգային քաղաքականությունը համապատասխանի խորհրդի այս որոշմանը: Եվրամիությունն ի գիտություն է ընդունում այս պարտավորությունը և ողջունում է այն: Ուշագրավ է, որ հրապարակված ցանկում Վրաստանի անունը բացակայում է։ Ըստ ցանկի՝ պատժամիջոցների ու սահմանափակումների են ենթակա ՌԴ քննչական կոմիտեի ղեկավար Ալեքսանդր Բաստրիկինը, «Վագներ» խմբի ղեկավարները, Սիրիայի ազգային գվարդիան և այլ անձինք։ 

Ռազմաքաղաքական հարցերով փորձագետ Արմինե Մարգարյանի համոզմամբ՝ Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ավելի խորքային խնդիր կան, որոնք ճիշտ ընկալելու դեպքում, հնարավոր կլիներ և հնարավոր կլինի խուսափել բարդություններից։ Առաջին հերթին, ըստ վերլուծաբանի, պետք է հաշվի առնել ոչ միայն ուկրաինական պատերազմի հետևանքները, այլև Ռուսաստանի համար տարածաշրջանում Հայաստանի և Ադրբեջանի նշանակության փոփոխությունը։

«Հայաստանը հանդես է գալիս վերանայման օրակարգերով։ Սա նշանակում է, որ հետևողականորեն Հայաստանի և ՌՈւսաստանի ռազմավարական շահերը բախվում են։ Կարծում եմ, որ «շան գլուխը» հենց այստեղ է թաղված։ Մինչ 44-օրյա պատերազմը լայն շրջանակներ հայ-ռուսական հարաբերություններին նայել են այն կողմից, որ այն, ինչ Ռուսաստանի համար լավ է, լավ է նաև մեր համար և այն, ինչ մենք ուզում ենք, ուզում է նաև Ռուսաստանը։ Հիմքում եղել է հետևյալ գաղափարը, որ մենք նույնն ենք, մեր շահերը նույնն են, մեր ռիսկերը նույնն են և մենք միասին պետք է գործենք։ 2020-ից հետո սա ամբողջովին զրոյացավ, առավելապես սեպտեմբերյան ագրեսիայից հետո այս ամեն ինչը ռեալ երևաց, որ չի աշխատում։ Չէ՞ որ եղել են այդ խնդիրները, եղել են մինչև 44-օրյա պատերազմը։ Մենք հիշում ենք, որ Ռուսաստանը սկսեց Ադրբեջանին ռազմական նշանակության արտադրանք վաճառել, դա Հայաստանում շատ լուրջ դժգոհության առիթ հանդիսացավ։ Այսինքն՝ միշտ եղել են տարաձայնությունները»։

Ամեն դեպքում Ռուսաստանից եկող ազդակները խոսում են աշխատանքի շարունակության մասին։ Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինի խոսքով՝ Ռուսաստանը երբեք չի փակել երկխոսության դռները և չի արգելափակել շփումների հնարավորությունները, առավել ևս այնպիսի դաշնակիցների հետ, ինչպիսին Հայաստանն է։ Գալուզինի խոսքով՝ շփումներն ամեն դեպքում կան․ «Վերջին անգամ նախարարները հանդիպել են Սկոպիեում՝ ԵԱՀԿ նախարարական գագաթնաժողովի շրջանակում»։

ՌԴ ԱԳ փոխնախարարը համոզված է, որ պետք է պահպանել ակտիվ երկխոսությունը, որպեսզի միասին ազնվորեն քննարկեն և գտնեն առկա հարցերի լուծման ուղիները:

Բարձրաստիճան շփումների հնարավորություն կլինի դեռ նաև տարեվերջին։ Դեկտեմբերի 26–ին Սանկտ Պետերբուրգում անցկացվելու է ԱՊՀ երկրների ղեկավարների ավանդական ոչ պաշտոնական հանդիպում և ԵԱՏՄ գագաթնաժողով։ Ռուսաստանի քաղաքականությունը քննադատող Ալեն Սիմոնյանը համոզված է, որ արդեն այս հավաքին Հայաստանի վարչապետի մասնակցությունը անհրաժեշտ է։  

«Մենք ԵԱՏՄ նախագահող երկիր ենք դառնում և անձամբ ես կարծում եմ, որ նախագահությունը ստանձնելու համար ԵԱՏՄ-ում Հայաստանը պետք է մասնակցի։ Դա տնտեսական առումով հիմա, այս պահի դրությամբ մեր տնտեսական միջավայրն է նաև ապահովում»։

Այս պահի դրությամբ դեռ հայտնի չէ և որոշում չկա, թե արդյո՞ք Հայաստանը՝ վարչապետի մակարդակով մասնակցելու է դեկտեմբերի 26-ի հավաքին։ Ռուսական կողմը պնդում է, որ Հայաստանի կառավարությունից դրական ազդակներ է ստացել։

Կարդացեք նաև

Back to top button