ԿարևորՌեպորտաժներՎերլուծական

Ադրբեջանի արտահերթ նախագահական ընտրությունները՝ լեգիտիմություն ապահովելու միջոց

Ադրբեջանի արտահերթ նախագահական ընտրություններին մասնակցելու համար բացի նախագահ Իլհամ Ալիևից, ևս չորս թեկնածու է առաջադրվել։ Նրանցից երեքը ակտիվ մասնակցել են նաև մյուս ընտրություններին, որպես Ալիևի մրցակիցներ։  Արդեն հայտարարվել է, որ ընտրատեղամասեր կբացվեն նաև Ստեփանակերտում, Ասկերանում, Իվանյանում ու Մարտակերտում։ Փորձագետները հիշեցնում են, որ արտահերթ ընտրություններ կազմակերպվեցին նաև նախորդ հերթական ընտրություններից առաջ՝ 2018 թվականին, ինչին հաջորդեց 44-օրյա պատերազմը։

Փորձագետները կակսած չունեն, որ Արցախում էթնիկ զտումներից հետո 2024 թվականի փետրվարին 7-ին նշանակված Արդրբեջանի արտահերթ նախագահական ընտրություններում Ալիևը առաջին անգամ կընտրվի առանց ընտրակեղծիքների ու միջազգային հանրությանը կներկայանա որպես լեգիտիմ նախագահ։

Քաղաքագետ Բենիամին Պողոսյանը սրանում համոզված է․

«2024 թվականի ընտրություններում բոլորն են վստահ, որ Ալիևը կընտրվի առնվազն 70 + տոկոսով և առանց ընտրակեղծիքների, քանի որ ադրբեջանցիների բացարձակ մեծամասնության համար Ալիևը ազգային հերոս է։ Թե ինչու են մյուսները առաջադրվում, կարծում եմ հենց Ալիևի ցանկությունն է, այսինքն, մի կողմից ցույց տալ, որ արդեն լեգիտիմ է, մյուս կողմից այդ լեգիտիմությունը հիմնավորել ոչ միայն ընտրություններում կեղծիքների բացակայությամբ, այլև մեծ թվով թեկնածուներով և միջազգային հանրությանը և առաջին հերթին Արևմուտքին ասել՝ տեսեք․․․»։

Քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանը Ադրբեջանում արտահերթ նախագահական ընտրություններ անցկացնելը հիմնականում որոշակի գործողություններ իրականացնելու Ալիևի մտադրությամբ է հիմնավորում։ Նա հիշեցնում է, որ նախորդ ընտրությունները ևս արտահերթ էին․

«Նախորդ ընտրությունները վեց ամիս շուտ նշանակելը կապված էր 2018 թվականի աշնանը Արցախի դեմ ռազմական գործողություններ սկսելու մտադրության հետ, բայց Հայաստանում տեղի ունեցած փոփոխությունները հետաձգեցին այդ գործողությունները երկու տարով և այս անգամ արտահերթ անցկացնելու հիմնական միտումն այն է, որ այս «հաղթանակի» ֆոնի վրա Ալիևը ունի շատ բարձր լեգիտիմություն և կարող է շատ ավելի հեշտ ընտրվել, և բացի այդ կա նաև արտաքին լեգիտիմության հարց, այսինքն՝ արտաքին աշխարհում Ադրբեջանը ներկայացնելու հարց և, եթե նախորդ անգամ ընտրվել է առանց Արցախում ապրող բնակչության ձայների, այս անգամ փաստացի աշխարհին կներկայանա այդ 86600 քկմ տարածքի ղեկավար որպես, և սա շատ ավելի մանր հարցերում դաշտ է բացելու Ալիևի համար»։

Քաղաքագետ Բենիամին Պողոսյանը երեք տարբերակ է դիտարկում վաղաժամ ընտրությունների համար։ Նախ այն, որ Ալիևը որոշակի գործողությունների է նախապատրաստվում, թե ինչ՝ ոչ ոք չգիտի։ Ըստ նրա, դա կարող է լինել կամ «Խաղաղության պայմանագրի» կնքումը, կամ ռազմական գործողություններ։ Բացի դա կա աշխարհաքաղաքական փոփոխությունների հավանականություն, ինչն էլ ստիպում է վաղաժամ ընտրությունների միջոցով ձերբազատվել անկանխատեսելիության ռիսկերից և ապահովել ընտրություններում հաղթանակ, ասում է քաղաքագետը։ Կա ևս մի բացատրություն 2025 թվականի ապրիլի փոխարեն 2024 թվականի փետրվարին վաղաժամ ընտրություններ անցկացնելու համար։ Դա պայմանավորված է, ըստ Պողոսյանի, Արցախում ռուս խաղաղապահների ներկայությամբ․

«Ներկայումս 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարությունը գիտենք, որ դե յուրե գործում է և, ըստ այդմ, ռուսական խաղաղապահները մնում են Ղարաբաղում մինչև 2025 թ նոյեմբերը, եթե կողմերից որևէ մեկը չի պահանջում նրանց դուրս բերումը։ Տվյալ դեպքում 6 ամիս շուտը նշանակում է 2025 թ մայիս և, եթե ընտրությունները լինեին 2025թ ապրիլին, ու մինչև այդ խաղաղապահները ներկա լինեին Ղարաբաղում, ապա հասկանալի է, որ դա կլիներ ընտրությունների գլխավոր քննարկվող թեմաներից մեկը, հատկապես արցախահայերի բռնի արտաքսումից հետո, և ըստ երևույթին չի ցանկանում դա դարձնել նախընտրական թեմա, քանի որ մենք չգիտենք, թե ինչ պայմանավորվածություններ կան ռուսների հետ։ Գուցե կա պայմանավորվածություն , որ նրանք պետք է մնան, կամ գուցե մանդատի փոփոխության պայմանավորվածություն կա»։

Չի բացառվում նաև, որ Ալիևը Ռուսաստանում նախատեսված 2024 թվականի նախագահական ընտրությունների հանգամանքից է օգտվում արտահերթ ընտրություններ նշանակելով, հաշվի առնելով Պուտինի զբաղվածությունը, ինչը հնարավորություն չի տա ՌԴ նախագահին միջամտելու հետխորհրդային երկրների ներքին հարցերին։

Կարդացեք նաև

Back to top button