ԿարևորՀասարակությունՌեպորտաժներ

Մայրը շարունակում է պատերազմում զոհված որդու գործը

Արմավիրի մարզի Նորակերտ գյուղի տան փոքրիկ նկուղը Արտակ Բալբաբյանի համար դարձել էր արհեստանոց, որտեղ նա տարբեր զարդաքանդակներ ու զարդեր էր ստեղծում: Զարդարվեստի նկատմամբ հետաքրքրությունը մորից էր փոխանցվել որդուն։ Արտակը ինն ամսվա ծառայող էր, երբ սկսվեց 44-օրյա պատերազմը։ Արտակ Բալբաբյանը վիրավորվել էր կռվի ժամանակ,17 օր պայքարել էր մահվան դեմ: Ավաղ, նրա կյանքը փրկել չի հաջողվել։ Որդու կորստից հետո Հռիփսիմե Հասրաթյանը երկար ժամանակ չի կարողացել մնտել տղայի արհեստանոցը։ Բայց հիմա փոքր–ինչ հաղթահարել է կորստյան ցավը, ու հիմա ինքն է ստեղծագործում։ Ձեռագործ կաշվե զարդեր է պատրաստում որդու արվեստանոցում:

Աշխարհից կտրվելու, ինքն իր հետ առանձնանալու և զոհված որդու հուշերով ապրելու միակ վայրը տան փոքրիկ նկուղ-արհեստանոցն է, որին Արտակը «օֆիս» էր անվանում: Այստեղ փայտը, կաշին, թուղթն ու բնական քարերը Արտակ Բալբաբյանի ձեռքի տակ հղկվել, ձևավովել ու նոր տեսք են ստացել, դարձել հուշանվերներ: Արհեստանոցում ամեն ինչ նրան է հիշեցնում։ Արտակի մայրը՝ Հռիփսիմեն որդու իրերը խնամքով հավաքել, դասավորել է:

 «Սա տղայիս գործած կարպետն է, ճիշտն ասած, պայուսակ էր ուզում գործել, բայց կիսատ թողեց: Նկարչականում իրենք կարպետագործություն էին անցնում: Սա իր դիպլոմային աշխատանքն էր, ամբողջ գիշեր տանջվեց ու լուսադեմին հասցրեց ավարտել: Դիպլոմային աշխատանքը գերազանց հանձնեց: Ընդհանուր, ինքը հավաքել էր դարակներ, սա դարակի գլուխն էր, ուղղակի նախշեր էր»:

Արտակը երեք տարի սովորել է Երևանի զարդարվեստի պետական արհեստագործական ուսումնարանում: Ավարտել է ու 2020-ի հունվարին մեկնել բանակ: Ծննդյան 19-րդ տարեդարձը զորամասում է նշել, համավարակի պատճառով տուն գալ չի կարողացել: Ինն ամսվա ծառայող էր, երբ պատերազմը սկսվեց.

«Միանգամից Ներքին Հոռաթաղում է ծառայել, պատերազմի ժամանակ վիրավորվեց ու 17 օր պայքարեց, որ ապրի, բայց չստացվեց: Այրվածքները շատ-շատ էին, հոկտեմբերի 14-ին մահացավ: Իրենք հենց այդ տեխնիկայի մեջ են եղել, չորս հոգով: Իմ տղայի մոտ այրվածքները 70 տոկոս էր: Իրենք շատ էին կյանքը սիրում»:

Տղայի զոհվելուց հետո Հռիփսիմեն երկար ժամանակ չի կարողացել մտնել արհեստանոց, դժվարացել է նստել տղայի աթոռին ու ձեռքն առնել այն գործիքներն ու նյութերը, որոնցով որդին է աշխատել: Արտակը հիմնական դպրոցն ավարտելուց հետո է ընդունվել ուսումնարան: Մայրը պատմում է, որ սկզբում դժվարությամբ է գնացել, իսկ հետո սիրել է այն մասնագիտությունը, որին ինքն էր ուղղորդել:

«Ուսումնարանը շատ հայրենասեր սերունդ կրթեց, դրա համար էլ ամենաշատ զոհերը տվեց: Փոքր ուսումնարան է, բայց շատ զոհերով: Հիմա այնտեղ զոհված տղաների հուշասենյակ կա բացված, որը դարձել է թանգարան: Այնտեղ խունկ են ծխում, երեխաների ծնունդները նշում, միշտ թարմ ծաղիկներ կան, շատ ուշադիր են»:

Հռիփսիմեն ասում է, որ տղան սիրում էր փայտի հետ աշխատել։ Ժամացույցներ է պատրաստել, ափսեներ, փայտե տարբեր զարդաքանդակներ և հուշանվերներ: Ասում է՝ որոշել էր ընդլայնել արհեստանոցն ու զբաղվել նաև խեցեգործությամբ: Արտակը ցանկանում էր կրթությունը շարունակել Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի «Դիզայնի» ֆակուլտետում.

«Էն որ ասում են՝ մի ժամանակ ապրում էինք ապրելու համար, հիմա ապրում ենք սպասելով, թե երբ կտեսնվենք: Ինձ համար սկզբում շատ դժվար էր տղայիս ասած «օֆիսն» իջնելը, որովհետև պատերազմից հետո մենք չէինք մաքրել այստեղ, փոշի էր: Փոշին մաքրելուց այն ինչին կպնում էի, շատ դժվար էր ինձ համար: Դեռ ուժ չեմ գտել, բայց նորից սկսեցի աշխատել, որովհետև կարիքն էր ստիպում, ես երկու երեխա ունեմ, պահանջներ կան նրանց նկատմամբ»:

Աղջիկը ուսանող է, կրտսեր որդին՝ դպրոցական։ Մայրը միայնակ է հոգում նրանց կարիքները: Հռիփսիմեի ստեղծագործական միտքն անընդհատ պրպտումների մեջ է. սկզբում տիկնիկներ է պատրաստել, բնական քարերից զարդեր, դրամապանակներ, թևնոցներ, մազակալներ: Աշխատանքները վաճառել է Վերնիսաժում.

«Շատ բան եմ ուզում ստեղծագործել, մի ժամանակ տիկնիկներ էի պատրաստում, բայց հիմա նույնիսկ նմուշները չունեմ, քանի որ նվիրել եմ, կամ վաճառել: Հիմա այդ աշխատանքով էլ չեմ զբաղվում, դրանք «Պապյե Մաշե » շատ սիրուն տիկնիկներ էին: Հիմա գնալով ընտրում ես այն գործերը, որոնք վաճառվում են: Առաջ թևնոցներս բնական քարերով չէին, երկաթից դետալներ էին, բայց հետո, երբ սկսեցի ականջօղեր պատրաստել, որոշեցի նույնանման քարերով համադրեմ ու սարքեմ կոմպլեկտ: Ամենադժվարն այն է, որ մտածում ես, թե ինչ մոդել պատրաստես, որ մեկը մյուսին նման չլինի»:

Ձեռագործ աշխատանքի յուրահատկությունը հենց իր եզակիության մեջ է: Հիմա Հռիփսիմեն օրվա մեծ մասն անցկացնում է արհեստանոցում: Նորաոճ կաշվե դրամապանակներ է պատրաստում, մոդելն ինքն է ընտրում. տարբեր չափի ու ձևի:

 «Մինչև հասա այս մոդելին ես այնքան կաշիներ փչացրեցի, չեք պատկերացնի, մինչև կարողացա արդեն մաքուր աշխատել, ստեղծել: Մոդելը ձևում ես, այս շղթան, որ դրել եմ՝ մանրադրամի համար է, անցքերը դակիչով եմ բացում, որն ավելի դյուրինացնում է գործդ, հետո կարում ես: Ես հիմնականում ձեռքով եմ կարում: Այս մի կողմը նախատեսված է քարտերի համար, աստառ եմ դնում, հետո հատիկ-հատիկ գրպանիկներ եմ սարքում»:

Դրամապանակի կամ թևնոցի կաշվե թափոններից նոր զարդեր է պատրաստում՝ համադրելով թևնոցը, կախազարդն ու ականջօղը: Կախազարդերը պատրաստում է նաև չորացարծ կոկոսի կեղևից ու փայտից: Դա ստեղծագործ մարդու մտքի մտքի արգասիքն է: Հռիփսիմեն հիմա փորձում է տղայի երազանքն իրականացնել. սովորելու է կավագործություն: Ասում է՝ որ տարիքում էլ լինի, երբեք ուշ չի սովորելը: Կավն էներգիա է հաղորդում ու հանգստացնում նյարդերը:

Կարդացեք նաև

Back to top button