
Միացյալ Նահանգները ողջունում է Թուրքիայի դերը Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործում՝ հայտարարել է ԱՄՆ Պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը ճեպազրույցի ժամանակ՝ հավելելով, թե Վաշինգտոնը համաձայն է Անկարայի հետ այն հարցում, որ խաղաղությունը հնարավոր է: Հայ փորձագետներն այս լավատեսությունը չեն կիսում, հիշեցնելով ֆուտբոլային տապալված դիվանագիտությունը՝ պնդում են՝ Անկարան ոչ թե միջնորդ է, այլ կողմ։
Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործում Միացյալ Նահանգները ողջունում է Թուրքիայի արդյունավետ դերը՝ ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱՄՆ Պետքարտուղարության խոսնակը։ Մեթյու Միլլերը հավանություն է տվել Թուրքիայի արտգործնախարարի՝ նախօրեին Բաքվում արած հայտարարությանը, թե տարածաշրջանում խաղաղություն հնարավոր է։ Միացյալ Նահանգները սատարում է երկու կողմերի ուղիղ բանակցությունները՝ խաղաղության հասնելու համար՝ հավելել է Միլլերը:
Նախօրեին իր ադրբեջանցի գործընկերոջ հետ ասուլիսի ժամանակ Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը Երևանի ու Բաքվի հաշտեցման միջնորդ դառնալու հայտ էր ներկայացրել՝ շեշտելով, որ Թուրքիան հայ-ադրբեջանական կարգավորումն է համարում հայ-թուրքական հաշտեցման նախապայման։
Թուրքական կողմի հայտարարությունը նորություն չէ, Թուրքիան այդ մասին խոսում է տասնյակ տարիներ՝ նկատում է «Կովկասի» ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը` հիշեցնելով, որ հենց այդ պատճառով էլ ավելի քան 10 տարի առաջ խաթարվեց ֆուտբոլային դիվանագիտությունը։
«Նրանք ասում են՝ արեք այնպես, ինչպես կասի Ալիևը և ամեն ինչ լավ կլինի։ Թե ինչը լավ կլինի, նրանք չեն պարզաբանում, բայց հիմա և ընդհանրապես Թուրքիայի դիրքորոշումն իրականում հենց Ադրբեջանի դիրքորոշումն է»։
Քաղաքական տեսանկյունից, ըստ Իսկանդարյանի, իրավիճակը, երբ մեր արևելքում Բաքուն էր ունեինք, իսկ արևմուտքում՝ Անկարան, փոխվել է։ Հիմա ունենք երկու Բաքու՝ թե՛ արևելքից, թե՛ արևմուտքից, քանի որ մեկ միասնական քաղաքականություն է վարվում։ Ինչ վերաբերում է Թուրքիայի միջնորդական հավակնությանը, ինչը նաև Ադրբեջանը ցանկությունն է, ապա խոսքն, ըստ քաղաքագետի, արևելյան առևտրի մասին է՝ ասել ավելին ինչ-որ բան ստանալու համար։
Ինչ-որ առումով, իհարկե, դա նրանց հաջողվում է՝ նկատում է քաղաքագետը՝ հիշեցնելով, որ Ադրբեջանը սկզբում կողմ էր միջնորդության արևմտյան հարթակին, ապա՝ կողմ էր, բայց առանց Ֆրանսիայի, հետո՝ այդ հարթակը պետք է ցանկալի էր, որ լիներ ռուսական, վերջում՝ երկկողմ, հիմա էլ՝ թուրքական։
«Խնդիրը հարթակները չեն։ Խնդիրն այն չէ, թե որտեղ, ով և ինչ պայմաններով կօգնի համաձայնության գալ, կամ անցնել այդ բանակցությունների, պայմանավորվածության ճանապարհը։ Խնդիրն այն է, որ չկա փոխմերձեցում»։
Որոշ փորձագետներ, սակայն, կարծում են, որ հարթակի ընտրությունը էական նշանակություն ունի։ Նրանք մտահոգություն են հայտնում Թուրքիայի հավանական միջնորդության մասով՝ հաշվի առնելով վերջինի շեշտված կողմնակալությունը։ Փորձագետները մտավախություններ ունեն նաև Ադրբեջանի հետ ուղիղ բանակցությունների առնչությամբ՝ նշելով, որ դրանք նշանակում են կասկածի տակ դնել արևմտյան այն ճնշումները, որոնք ներկայում բանեցվում են Ադրբեջանի դեմ։ Քաղաքագետ Հարություն Մկրտչյանը չի կիսում այս մոտեցումը։
«Իրականում ուղիղ բանակցությունները շատ ավելի լավ են, քան Հայաստանի Հանրապետության կոկորդից բռնած, մոսկովյան հարթակ քարշ տալը։ Ինչու՞ չգնալ ուղիղ բանակցությունների, կներեք»։
Մյուս կողմից, քաղաքագետ Հարություն Մկրտչյանի խոսքով, ակնհայտորեն Ադրբեջանն ամեն ինչ անում է՝ բանակցություններից խուսափելու և Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր չստորագրելու համար։ Թերևս թուրքական միջնորդության մասին կրկին բարձրաձայնելն էլ այդ շարքից է։




