ԿարևորՀասարակությունՌեպորտաժներ

Բնակարանները վարձով տվողները չեն խուսափի հարկերից. ՊԵԿ ը տուգանքներ է կիրառելու

Դեկտեմբերի 1-ից վարձակալության տրված տան համար ֆիզիկական անձինք պետք է եկամտահարկ վճարեն: Օրենքի պահանջը չպահպանելու դեպքում սահմանվել է տուգանք կադաստրային արժեքի 5 տոկոսի չափով։ Մեկ տարվա ընթացքում  խախտումը կրկնվելու դեպքում տուգանքը կկրկնապատկվի։

Եթե մինչև հիմա վարձով բնակարան հանձնողները որպես կանոն պայմանագիր չէին կնքում և ստվերում էին գործում, այսուհետև ֆիզիկական անձանց կողմից վարձով տրվող բնակարանների շուկայի վերահսկողությունը ՊԵԿ-ը մի քանի ուղղություններով է իրականացնելու, այդ թվում՝ ՊԵԿ Հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության ներգրավմամբ, նաև երրորդ անձից ստացվող տեղեկությունները հիմք ընդունելով։

Հարկ վճարողների սպասարկման բաժիններում ակտիվությունը քառապատկվել է։ Վարձով բնակարան հանձնողները և հետաքրքրված են դեկտեմբերի 1-ից ուժի մեջ մտնող փոփոխություններով, և անհանգստացած։ Համ հարցեր ունեն սպասարկման կենտրոններին տալու, համ էլ հաշվետվություն։ Բանն այն է, որ դեկտեմբերի 1-ից վարձակալության տրված տան համար ֆիզիկական անձինք կվճարեն եկամտահարկ 10 տոկոսի չափով: Իսկ եթե պարզվի, որ վարձով տան տերը ոչ հաշվետվություն է ներկայացրել, ոչ էլ համապատասխան  հայտարարություն ունի, տուգանքից չի խուսափի, «Ռադիոլուրի» հետ զրույցում հայտնեց ՊԵԿ հարկ վճարողների սպասարկման վարչության սպասարկման 3-րդ բաժնի պետ Իննա Հախումյանը։

«Ընդամենը 5-6 աշխատանքային օրվա ընթացքում, երեկվա դրությամբ արդեն ունենք 1238 ընդունված հայտարարություն։ Հիմնական խնդիրը, հարցը, որ անհանգստացնում է  քաղաքացիներին՝ արդյոք երբ տվյալ վարձակալական գործարքն ունի պետական գրանցում, հայտարարություն պետք է լրացնել, թե ոչ։ Ներկայացնելու դեպքում ժամկետներն են հետաքրքրում, նաև դադարեցման դեպքում քայլերի ինչ հերթականություն է նախատեսված»։

Քաղաքացիները, որոնց անշարժ գույքի վարձակալության վերաբերյալ կնքած պայմանագիրը չի ստացել պետական գրանցում, արդեն իսկ ներկայացնում են եկամտի ստացման իրավունքի վերաբերյալ հայտարարույթունը։ Հայտարարություն տալու համար նաև պարտադիր է, որ տվյալ ֆիզիակական անձը հաշվառված լինի հարկային մարմնում, այսինքն՝ ունենա  հարկ վճարողի հաշվառման համար։ Եթե չկա պետական գրանցում, անհրաժեշտ է հարկային մարմին ներկայացնել  սահմանված ձևի հայտարարություն։

«Նախկինում այսպիսի ակտիվություն, այսպիսի շարժ  չի եղել։ Օրենքի փոփոխությունից հետո կտրուկ ֆիզիկական անձանց այցելության աճ է գրանցվել»։

Անշարժ գույքի վարձակալությունից ստացվող եկամուտները հարկելը հայաստանյան օրենսդրությամբ վաղուց է նախատեսված։ Բայց օրենքի այս դրույթը մինչ այժմ գործել է միայն վարձակալության պայմանագրերի կնքման դեպքում, քանի որ ֆիզիկական անձանց բանավոր գործարքների դեպքում անօրինական ձեռնարկատիրության այս տեսակը գրեթե անհնար էր հայտնաբերել։  Ընդունված փոփոխություններով փորձ է արվում անօրինական եկամուտները բերել հարկման դաշտ։ Իսկ դրա համար դեկտեմբերի 1-ից սկսած անշարժ գույքի վարձակալությունից ստացվող եկամուտները դիտարկվելու են որպես ապօրինի ձեռնարկատիրություն, թաքցնելու դեպքում քաղաքացին տուգանվելու է։

Իսկ տուգանքի չափերը փոքր չեն` անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքի 5 % չափով, բայց ոչ ավելի, քան 500 հազար դրամը։ Իսկ 1 տարվա ընթացքում խախտումը կրկնելու դեպքում տուգանքը կկրկնապատկվի, բայց չի գերազանցի 1 մլն դրամը։ Կլինեն արդյոք ռիսկի դիմողներ և օրենքը շրջանցողներ, անշարժ գույքի գործակալության տնօրեն Անդրանիկ Հարությունովը  ոչ բացառում է, ոչ էլ կանխատեսում։ Բայց, որ իր գործակալություն դիմողները գոնե վերջին տասնօրյակում բացառապես օրենքի տառով են առաջնորդվում, արդեն իսկ խոսուն է.

«Ով հիմա վարձով տուն է հանձնում, ընթացակարգով են հետաքրքրվում, որ անեն, հանգիստ ապրեն։ Ոչ միայն տուգանքից խուսափելու համար, այլև ուզում են հասկանալ՝ ինչ օգուտ է ունենալու։ Նույն վարձատուները խնդիրներ են ունենում միջդատական ատյաններում, երբ իրենց վարձակալները  իրենց գույքին վնաս են պատճառում։ Իսկ երբ մտնում են օրինական դաշտ, հարկ են վճարում, պայմանագիր կնքում, վաղը նաև կարողանալու են իրենց իրավունքները պաշտպանել»։

Օրինական պայմանագիրը ոչ միայն երաշխիքներ է խոստանում, այլև պարտավորեցնող է։

«Լիքը դեպքեր են լինում, որ մարդուն գալիս, բնակարանից հանում են, ասում են տունը թանկացել է, ազատիր տունը։ Նման դեպքերը կբացառվեն»։

Արդյո՞ք նոր կարգավորումները չեն հանգեցնի վարձով տրվող բնակարանների գնաճի նոր ալիքի։ Գործակալության տնօրենը դժվարանում է կանխատեսումներ անել։ Սա շուկա է, իսկ գները շուկան է կարգավորում։  Վարձով տրվող բնակարանների պակաս այժմ չկա, և վարձակալը հնարավորություն ունի ընտրելու իրեն հարմար տարբերակը։ Վարձով տուն հանձնող քաղաքացին կտուժի թե՛ գինն արհեստական բարձրացնելով, թե՛ ստվերում գործելու դեպքում։ Ռիսկերն այստեղ շատ են, իսկ ՊԵԿ-ում վճռական են տրամադրված։  Եթե ստուգվեց ու պարզվեց, որ վարձով տան տերը խուսափում է հարկերից, տուգանքից հաստատ չի խուսափի։ Իսկ ինֆորմացիայի արտահոսք ցանկացած տեղից կարող է լինել, հավաստիացնում է Իննա Հախումյանը։

«Օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում, երրորդ անձից ստացված տեղեկատվության արդյունքում կարող է այդ տեղեկատվությունը հասանելի դառնալ հարկային մարմնին»։

Տնտեսությունում ստվեր, կաշառք ու այլ չարաշահումներ փնտրելն ու գտնելը կառույցի օպերատիվ հետախուզական բաժնի վրա է դրված։ Թե ինչ մեխանիզմներ են գործի դրվելու, արդյունավետությունից ելնելով նախընտրում են չմանրամասնել։ Զգուշացնում են՝ օրենքը շրջանցելը ավելի թանկ կնստի։

Կարդացեք նաև

Back to top button