
Լուսինե Վասիլյան
«Ռադիոլուր»
Առաջիկայում ներկայացնելու ենք իրատեսական ծրագիր, գրելու ենք քիչ, անելու ենք շատ, այսօր խորհրդարանում ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասել է վարչապետ Հովիկ Աբրահամյանը, ով որպես կառավարության ղեկավար առաջին անգամ էր պատասխանում պատգամավորների հարցերին։
Ես դեմ եմ շատ գրել, քիչ անելուն, ասել է Աբրահամյանն ու ավելացրել, որ եթե կառավարարությունը հակառակն անի ՝ քիչ գրի, բայց շատ գործ անի, կարժանանա հասարակության գովեստին։ Կառավարության ծրագիրը, հիշեցնենք, ԱԺ հավանությանն է ներկայացվելու կառավարության ձևավորումից հետո քսանօրյա ժամկետում։
Իսկ ծրագրի մասին Հովիկ Աբրահամյանը խոսել է՝ պատասխանելով ՀԱԿ պատգամավոր Արամ Մանուկյանի այն հարցին, թե արդյո՞ք նոր կառավարությունը պատրաստ է իր ուսերին վերցնել Տիգրան Սարգսյանի կառավարության բացասական ժառանգությունը, մասնավորապես՝ «օֆշորային սկանդալային պատմությունը», կուտակային բարեփոխումները, գազի գնի դիմաց 300 մլն դոլար պարտքի կուտակումն ու Որոտանի ՀԷԿ-ի վաճառքը, որոնք, պատգամավորի դիտարկմամբ, մարտահրավեր են նոր կառավարության համար:
«Համաձայն չեմ, որ Տիգրան Սարգսյանի հետ կապված սկանդալներ են եղել: Այո, նա ունեցել է թերություններ: Մենք մեր գործունեության մեջ լինելու ենք անկեղծ, բաց ու թափանցիկ, չենք խուսափելու ասել, որ սխալվել ենք, հաշվի ենք առնելու ձեր կարծիքը, բայց դա պետք է լինի երկկողմ, ոչ թե կառավարության առաջ ուլտիմատում դնելու ձևով»,- ասել է Հովիկ Աբրահամյանը։




