ԿարևորՌեպորտաժներՏնտեսական

Նոր վարկ՝ բյուջեի դեֆիցիտի համար․ կառավարությունը չի մտահոգվում արտաքին պարտքի ավելացումից

Հայաստանի արտաքին պարտքը այս տարի հատել է 10 միլիարդ դոլարի շեմը։ Արդյո՞ք այս թվից պետք է անհանգստանալ, թե՝ ոչ։ Հարցին հակասական մոտեցումներ կան։ Այս տարի «դրսից» եկող ֆինանսավորումը մի քանի անգամ ավելացել է, և այդ գումարի մեծ մասը կազմում է Արցախից Հայաստան տեղահանվածներին ցուցաբերվող մարդասիրական աջակցությունը, որը պարբերաբար ավելանում է։ Սակայն սրան զուգահեռ կառավարությունը շարունակում է վարկեր վերցնել տարբեր նպատակների համար, այն դեպքում, երբ պնդում են, որ հավաքագրվող հարկերը բավարար են անհրաժեշտ ծախսերը հոգալու համար։ Առաջիկա 20 տարվա մարումով հերթական վարկը հաստատվել է ԱԺ արտահերթ նիստի ընթացքում։

Իշխանությունը մանիպուլացնում է, իսկ ընդդիմությունը՝ դեմոնիզացնում․ երկուսի մեղադրանքներն ու քննարկումը նույն թեմայի շուրջ են․ տարվա ավարտից օրեր առաջ գործադիրը միջազգային կառույցից վերցնում է հերթական բյուջետային վարկը։ Այդ գումարով բարարվելու է նույն՝ 2023–ի բյուջեի պակասորդի կամ ծախսերի ֆինանսավորումը։ Ընդդիմադիր պատգամավորները շտապում են հայտարարել։

ԱԺ «Հայաստան» խմբակցության անդամ Արթուր Խաչատրյան․ «Հերթական անգամ պարտք ենք շալակում, որը ընդամենը կառավարության ընթացիկ գործունեության ֆինանսավորում է, փաթեթավորվում է շատ գեղեցիկ բանտիկներով։ Եթե այս վարկի նպատակը դպրոց կամ մանկապարտեզ կառուցելն է, ի՞նչն է խանգարում գնալ և դպրոց կառուցելու համար վարկ վերցնել։ Այս դեպքում ուղղակի հետագծելիությունը կոնկրետ է․ վերցրել ենք այսքան գումար՝ այսքան դպրոց ենք կառուցել։ Բայց դա չի արվում, ինչո՞ւ․ որ այդ հետագծելիությունը ինչ–որ մի ձևով քողարկվի»։

ԱԺ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյան․ «50 միլիոնով ավելացնում ենք արտաքին պարտքը, որն ուղղվելու է բյուջեի դեֆիցիտի ֆինանսավորմանը։ Հետևաբար արդյունավետությունը պետք է գնահատվի ոչ թե դպրոցաշինության, ոչ թե կոնկրետ ծրագրի, այլ ընդանրապես՝ կառավարության քաղաքականության առումով։ Սա սկզբունքային նշանակության հարց է, որովհետև չպետք է մանիպուլացնել»։

Խորհրդարանը արտահերթ նիստով վավերացրեց Հայաստանի և ՕՊԵԿ-ի միջազգային զարգացման հիմնադրամի միջև վարկային համաձայնագիրը։ Հաստատված գումարի չափը 50 միլիոն եվրո է, մարման ժամկետը 20 տարի։ Ֆինանսների փոխնախարար Էդուարդ Հակոբյանը հստակեցնում է՝ այս տարվա պետական բյուջեի մասին օրենքով հաստատել էր 350 մլն դոլար բյուջետային աջակցության վարկերի ներգրավում: Սակայն 550 միլիարդի պլանավորված կապիտալ ծախսերը գերազանցել են պլանավորած 290 միլիարդ պակասուրդը։ Հետևաբար՝ միջոցներն ուղղվելու են կապիտալ ծախսերին, որոնց կազմում են դպրոցներ, մանկապարտեզներ, ճանապարհներ, այլ բնույթի ենթակառուցվածքներ։

ԱԺ Ֆինանսավարակային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գևորգ Պապոյանը փորձում է բացատրել, որ կառավարությունը իրականում վատ չի աշխատել և պետական բյուջեում ֆինանսի դեֆիցիտ չկա։  

«Հարկերը ամբողջովին բավարարում են թոշակ, աշխատավարձ և մյուս բոլոր ընթացիկ ծախսերը հոգալու համար, գումարած մի քանի հարյուր միլիարդ էլ կապիտալ ծախսերի համար։ Բայց մենք ասում ենք՝ քանակի ավելացման համար է այս գումարը։ Այսինքն՝ եթե մենք այս գումարը չվերցնենք, ոչ թե 50 դպրոց կհիմնանորոգվի կամ կկառուցվի, այլ՝ 40 դպրոց։ Այդ վարկ կոչվածը դեմոնիզացնել չի կարելի։ Վարկը վատ բան է այն ժամանակ, երբ այդ վարկը գողանում են։ Մնացած դեպքերում վարկը հնարավորություն է կյանքը լավացնելու»։

Ֆինանսավարկային հանձնաժողովի անդամ Նարեկ Գրիգորյանը պնդում է՝ վարկերի ծավալը Հայաստանի համար վերահսկելի է․ «Համենայնդեպս սա ներառված է եղել տարվա սկզբից։ Մենք վերցրել ենք շատ քիչ վարկեր։ Մեկ էլ՝ միջազգային բանկի 100 միլիոնն է և սա։ Իմ կարծիքով այստեղ բան էլ չկա»։

Պետական պարտքը ավելացնելու մեղադրանքներին իշխանության ներկայացուցիչները՝ պատգամավոր Գևորգ Պապոյանը և փոխնախարար Էդուարդ Հակոբյանը պարզաբանում են՝ ամենակարևորը արտաքին պարտք–ՀՆԱ հարաբերակցությունն է։

«Պարտքի ամենալավ ցուցանիշը ՀՆԱ–ի մեջ տոկոսն է։ Եթե այդ տոկոսը մի քանի տարի առաջ 63% էր, հիմա իջել է 49%–ի։ Հետևաբար դա ցույց է տալիս, որ մենք ճիշտ ճանապարհով ենք գնում»։

«Ավելի դրական ցուցիչի մասին նշեմ․ ոչ թե 49, այլ այս տարի նույնիսկ սպասում ենք, որ 47% կլինի պարտք–ՀՆԱ ցուցանիշը, որը ապահով տիրույթ է համարվում։ Ավելին ասեմ, միջազգային վարկանիշային գործակալությունները այդ ցուցիչը հաշվի առնելով մեր վարկանիշը բարելավել են»։

Հենց այս ցուցանիշների բարելավումները ու ժողովրդավարության գնահատականները հիմք են, որ հատկապես արևմուտքից դրամական հոսքերը և տարբեր աջակցությունների ծավալները պարբերաբար ավելանան։ Օրինակ, նախօրեին Եվրոպական Միության արտաքին քաղաքականության ծառայության պաշտոնական ներկայացուցիչ Պիտեր Ստանոն պարզաբանել է, թե ինչ է ենթադրում Խաղաղության եվրոպական հիմնադրամի միջոցով Հայաստանին հնարվոր աջակցությունը, որի շուրջ քննարկումների մասին ասել էր ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը։

Նշված աջակցությունը, ըստ Ստանոյի՝ քննարկվում է հաշվի առնելով հայ գործընկերների կարիքներն ու խնդրանքը։ Ըստ եվրոպացի պաշտոնյայի՝ խնդիրների շրջանակը շատ լայն է, և անդամ պետությունները պետք է որոշում կայացնեն, թե ի վերջո ԵՄ-ն ինչ պետք է անի՝ արտացոլելով այն, ինչ Հայաստանը սահմանում է որպես ամենահրատապ կարիքներ։

Դա կարող է լինել դաշտային հիվանդանոց, պաշտպանական սարքավորումներ, բայց կարող է նաև մեծացնել կիբեռհարձակումների, ապատեղեկատվության դեմ պայքարելու կարողությունները։ Իսկ ավելի վաղ, թե՛ Եվրոպան, թե՛ Միացյալ Նահանգները զգալի գումար են հատկացրել Արցախից Հայաստան բռնի տեղահանվածների խնդիրները հոգալու համար։

Կարդացեք նաև

Back to top button