ԿարևորՀասարակություն

ԵԽԽՎ-ում Ֆրանսիայի պատվիրակության ղեկավար Բերտրան Բուիքսին այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում (ԵԽԽՎ) Ֆրանսիայի պատվիրակության ղեկավար Բերտրան Բուիքսին դեկտեմբերի 12-ին այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիի ուղեկցությամբ:

Հյուրերին դիմավորեց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Էդիտա Գզոյանը: Նա հյուրերին ուղեկցեց դեպի Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ներկայացնելով հուշահամալիրի ստեղծման պատմությունը: ՀՑԹԻ տնօրենն անդրադարձ կատարեց նաև Ծիծեռնակաբերդի տարածքում անցյալ դարավերջին Ադրբեջանի Սումգայիթ, Կիրովաբադ (Գանձակ), Բաքու քաղաքներում ադրբեջանական կառավարության կազմակերպած կոտորածներին զոհ գնացած հայերի հիշատակին տեղադրված երեք խաչքարերի և Արցախյան գոյամարտի տարիներին Հուշապատի դիմացի հատվածում հուղարկավորված հինգ ազատամարտիկների պատմություններին՝ շեշտելով կապը տեղի ունեցածի և Հայոց ցեղասպանության միջև: Էդիտա Գզոյանն անդրադարձավ նաև Արցախի հիմնահարցի պատմաիրավական ասպեկտներին, ներկայացրեց Ադրբեջանի հակահայկական գործողություններն ու քարոզչությունը:

Պարոն Բերտրան Բուիքսին ծաղկեպսակ դրեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին, այնուհետև հյուրերը ծաղիկներ դրեցին անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգեցին Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը:

ԵԽԽՎ Ֆրանսիայի պատվիրակության ղեկավար Բերտրան Բուիքսին շրջեց նաև Հայոց ցեղասպանության թանգարանում, որտեղ ՀՑԹԻ ավագ էքսկուրսավար Հասմիկ Մարտիրոսյանի ուղեկցությամբ ծանոթացավ մշտական և ժամանակավոր ցուցադրություններին, որից հետո գրառում կատարեց Պատվավոր հյուրերի հուշամատյանում:

Շնորհակալություն հայտնելով այցի համար՝ ՀՑԹԻ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Էդիտա Գզոյանը պատվավոր հյուրին նվիրեց Հայոց ցեղասպանության մասին գրքեր:

Կարդացեք նաև

Back to top button