ԿարևորՌեպորտաժներՔաղաքական

Հայաստանում ստեղծված իրավիճակը պահանջում է ուժեղ աջակցություն․ ԵՄ ներկայացուցիչ

ԵՄ արտգործնախարարների խորհրդի նիստին մասնակցելու նպատակով  Բրյուսելում է ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը, այստեղ  է նաև Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը, սակայն երկկողմ հանդիպում նախատեսված չէ։ Արևելյան գործընկերության արտգործնախարարների համաժողովին կարծիքներ են փոխանակվել եվրոպական այս ձևաչափի ներկայի և ապագայի վերաբերյալ, իսկ դրան նախորդել են երկկողմ հանդիպումներն ու շփումները։  

ԵՄ «Արևելյան գործընկերության» արտաքին գործերի նախարարների համաժողովը նպատակ ունի քննարկել 14 տարի առաջ մեկնարկած  ծրագրի ձեռքբերումները և հասկանալ  դրա շարունակությունը։ Մինչև բուն քննարկումը Բրյուսելում երկկողմ հանդիպումներ են ու բանակցություններ։

ԵՄ արտաքին գործերի և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը Արևելյան գործընկերության ԱԳ նախարարների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է՝ գործընկերության երկրների տարածքում իրավիճակը բարդ է, խոսքը Բելառուսի, Ուկրաինայի և  Հարավային Կովկասի մասին է։ Իսկ իրավիճակը Հայաստանում, ըստ Բորելի, ԵՄ–ի ուժեղ աջակցությունն է պահանջում։

«Հայաստանում իրավիճակը պահանջում է մեր ուժեղ աջակցությունը։ Մենք պետք է տեսնենք, թե ինչպես կարող ենք այն ավելացնել։ Պետք է հասկանանք, թե ինչպես օրակարգում պահենք Արևելյան գործընկերությունը, որովհետև խոսքը մեր արևելյան սահմանի մասին է»։

Բորելը շեշտել է, որ կարևոր է հասկանալ, թե  ինչ մարտահրավերներ ու հնարավորություններ ունի Հայաստանը, ինչ ձգտումներ կան ԵՄ–ի հետ հարաբերությունները խորացնելու ուղղությամբ, նաև այն, թե ինչ է մինչև այս պահն արվել Հայաստանի և ԵՄ-ի միջև և ինչ պետք է արվի ապագայում։  

Հայաստանի արտգործնախարար Միրզոյանն էլ լրագրողների հետ ճեպազրույցում գոհունակություն է հայտնել կառույցին Հայաստանին աջակցելու համար։

«Սա շատ լավ հնարավորություն է ներկայացնելու մեր պատկերացումները ԵՄ-ի հետ մեր հարաբերությունները խորացնելու, Հայաստանի և ԵՄ-ի միջև իրականացված աշխատանքների, ինչպես նաև անելիքների վերաբերյալ։ Իհարկե, սա լավ հնարավորություն է նաև արտահայտելու մեր երախտագիտությունը Եվրոպական միության աջակցության համար մեր ժողովրդավարական բարեփոխումներին, ինչպես նաև հասցեագրելու Լեռնային Ղարաբաղից տեղահանված փախստականների հրատապ կարիքները, այն աջակցության համար, որը Եվրոպական միությունը ցուցաբերել է Հարավային Կովկասում խաղաղության գործընթացին և Ադրբեջանի հետ մեր հարաբերությունների կարգավորմանը, ինչպես նաև, ինչպես ասացի, քննարկել հետագա ծրագրերը»:

ԵՄ արտաքին գործերի նախարարների խորհրդի ձևաչափով հանդիպման ժամանակ էլ Միրզոյանը ՀՀ-ԵՄ գործընկերության խորացման համատեքստում հատկապես շեշտել է մուտքի արտոնագրերի ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկի վերաբերյալ վերջնական որոշման կարևորությունը։

Նախարարն ընդգծել է նաև Սևծովյան էլեկտրաէներգիայի մալուխին ՀՀ–ի միանալու ներուժն ու կարևորությունը, ներկայացրել է տարածաշրջանում խաղաղության հաստատմանն ուղղված ՀՀ ջանքերը, Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացն ու խաղաղության պայմանագրի նախագծի շուրջ հիմնական մոտեցումները՝ հայտնի սկզբունքներին համապատասխան։

Արարատ Միրզոյանն անդրադարձել է ՀՀ կառավարության կողմից մշակված «Խաղաղության խաչմերուկ» ծրագրին՝ ընդգծելով դրա կարևորությունը ոչ միայն Հարավային Կովկասի, այլև ավելի լայն տարածաշրջանի, Արևելքն Արևմուտքին կապող ենթակառուցվածների կայուն ցանցի ընդլայնման համատեքստում։

Բրյուսելում Արարատ Միրզոյանը ԵՄ անդամ մի շարք երկրների արտաքին գործերի նախարարներ հետ է հանդիպել, որից հետո վերջինները գրառումներ են արել X-ի իրենց միկրոբլոգում։

ԵՄ  Հարևանության և ընդլայնման հարցերով բարձր հանձնակատար Օլիվեր Վարհելին X-ի իր միկրոբլոգում գրել է, որ Հայաստանի արտգործնախարարի հետ քննարկել են հարաբերությունների հետագա խորացման հետ կապված հարցեր։  «Արտահայտել ենք մեր վճռական աջակցությունը խաղաղության գործընթացին։ Մենք պատրաստ ենք զարգացնել մեր համագործակցությունն անվտանգության, պաշտպանության, էներգետիկայի, կապի և առևտրի ոլորտներում»։

Հունաստանի ԱԳ նախարար Յորղոս Գերապետրիտիսն էլ Արարատ Մրզոյանի հետ հանդիպումից  հետո տեղեկացրել է, որ մտադիր է այցելել Հայաստան։

«Հունական պետության ջանքերի շնորհիվ Հայաստանն այսօր հրավիրված է Արտաքին գործերի խորհուրդ՝ ներկայացնելու ավելի լայն տարածաշրջանում կայուն խաղաղությանը միտված դիրքորոշումները։ Ես անձամբ երկար զրուցել եմ Հայաստանի արտաքին գործերի նախարարի հետ և մտադիր եմ մոտ ապագայում այցելել Հայաստան, ինչպես նաև այսօր հնարավորություն կունենամ տեսնելու երկու երկրների՝ և՛ Հայաստանի, և՛ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներին»,- հայտարարել է Հունաստանի ԱԳ նախարարը։

Արևելյան գործընկերության նախարարների համաժողովի օրակարգում է նաև Ուկրաինային անվտանգության երաշխիքների տրամադրման թեման։  Բորելն ընդգծել է ռազմական աջակցությունը ոչ միայն ԵՄ մակարդակով, այլև երկկողմ ձևաչափով պահպանելու կարևորությունը։

Դեկտեմբերի 14-15-ին կայանալիք գագաթնաժողովում ԵՄ ղեկավարները կորոշեն նաև Ուկրաինայի, Մոլդովայի և Վրաստանի՝ միությանն ինտեգրման հեռանկարները։

Բրյուսելյան համաժողովին մասնակցում են Արևելյան գործընկերության ծրագրին անդամակցող վեց պետություններից հինգի արտգործնախարարները՝  Ուկրաինայի, Մոլդովայի, Վրաստանի, Հայաստանի և Ադրբեջանի։ 2009 թվականին  ծրագրում ընդգրկված Բելառուսը  չի մասնակցում նիստերին։

Back to top button