ԿարևորՄշակույթՌեպորտաժներ

«Կանք, պիտի լինենք, որ վերադառնանք»․ արցախյան երաժշտախմբերը՝ օպերային բեմում

Ալ․Սպենդիարյանի  անվան ազգային ակադեմիական թատրոնի բեմում արցախյան բոլոր երաժշտախմբերն են։ Տեղահանումից հետո առաջին անգամ են բեմ բարձրանում ՝ ասելով «Մենք կանք»։ Կազմակերպիչները սա ոչ թե համերգ են համարում, այլ հայտարարություն ՝ արցախյան մշակույթի լինելու ու շարունակվելու մասին։

Արդեն երեք տարի Արցախի «Մռակած» պետական կամերային երգչախմբի գեղարվեստական ղեկավար և խմբավար, ԱՀ արվեստի վաստակավոր գործիչ Մարինե Մեսրոպյանը բեմ չի բարձրացել։

44 –օրյա պատերազմում զոհվել է նրա որդին՝ բժիշկ Նարեկը։  Հիմա Մարինե Մեսրոպյանը Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի կուլիսներում վերջին շտկումներն է անում։

«Որդուս մահվանից հետո բեմ չէի կարողանում բարձրանալ։ Այսօր միայն նրա  համար, որ երգչախումբը՝ ընտանիքը, չփլվի, ես դուրս եմ գալիս բեմ։  Այս պահին դեռ Արցախը չկա, գուցե մենք մնանք, Արցախը  ներկայացնենք թե արտասահմանում, թե Հայաստանում, գուցե գան լավ ժամանակներ․․․ Զարմացել էի, առաջին փորձին եկա ու ամբողջ կոլեկտիվը ներկա էր, մեկը Չարենցավանից, մյուսը Աբովյանից ու տարբեր քաղաքներից հավաքվել էին մեկ մարդու պես»։

Տեղահանումից հետո արցախցի բոլոր երաժշտախմբերը առաջին անգամ  օպերային թատրոնի բեմում են։ Կուլիսների ամեն անկյունից արցախյան քաղցրահուչ բարբառն է լսվում։ Ինչպես երաժիշտներն են խոստովանում,  կարծես մի պահ վերադարձել են Ստեփանակերտի Մշակույթի պալատ, որտեղ տարեվերջյան հաշվետու համերգներին էին պատրաստվում։ Հունան Թադևոսյանը վարում էր գրեթե բոլոր համերգները։

«Դժվար է բեմելը, ելույթ ունենալը, հատկապես  հաղորդավարական տեքստերն այնպիսն են, որ մենք կանք, այստեղ ենք՝ Մայր Հայաստանում, բայց հոգով, սրտով այնտեղ ենք»։

2015 թ․–ին ստեղծվեց Արցախի ազգային նվագարանների պետական նվագախումբը։ Գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Լևոն Սադարյանը դժվարանում է ասել, թե ինչ ճակատագիր կունենա նվագախումբը՝ կշարունակի՞ գործել, թե՞ ոչ։ Այս հարցի պատասխանը կախված է հովանավորներից ու աջակիցներից։ Սարդարյանն ասում է՝ իրեն բազմիցս հարցրել են, թե ինչու նվագախումբը  չի ինտեգրվում Հայաստանում գործող նվագախմբերին։ Պատասխանը, ըստ զրուցակցիս, մեկն է ՝այդ դեպքում բեմերից չի հնչի «Արցախի ազգային նվագարանների պետական նվագախումբ» անունը։

«Ինձ հարցրեցին՝ ինչո՞ւ եք ուզում Արցախ անունը պահել։ Ասեցի, որպեսզի ներկայացնենք ոչ միայն դրսում, այլ նաև ներսում, որ մենք կանք, ու սա Արցախի մշակույթն է»։

Արցախի մշակութային ինստիտուտների պահպանումը ստրատեգիական նշանակություն ունի՝ ասում է «Մենք կանք» համերգի գլխավոր ռեժիսոր Ռուբեն Հովսեփյանը։

«Սա համերգ չէ, այլ հայտարարություն, որ մենք կանք։ Արցախյան մշակույթի պահպանման գործընթացի մեկնարկը տրված է։ Այսուհետ տարվելու են շատ աշխատանքներ, որպեսզի այս խմբերը պահպանվեն։ Արցախի մշակույթը պահում են հենց այս թատրերախմբերն ու երաժշտախմբերը։ Էլ ոնց պահենք Արցախի մշակույթը , եթե չլինեն այս կոլեկտիվները»։

Արցախյան մշակույթի պահպանման կենտրոնը ստեղծվել է  հենց այս խնդիրը լուծելու և Արցախի մշակութային  կառույցների գործունեության շարունակությունն ապահովելու համար։

Back to top button