ԿարևորՀասարակություն

Գերիների վերադարձի կոնկրետ օր նշանակված չէ

Հայաստանի վարչապետի աշխատակազմի և Ադրբեջանի նախագահի վարչակազմի համատեղ հայտարարությունից 3 օր անց գերիների փոխանակում դեռ տեղի չի ունեցել։ Ըստ հայտարարության՝ Հայաստանը պետք է ազատ արձակի 2 ադրբեջանցու, Ադրբեջանը՝ 32 հայ զինծառայողների։ Նրանց անունները պաշտոնապես դեռ չեն հրապարակվել, սակայն ադրբեջանական աղբյուրների ցանկում հիմնականում պատերազմից մեկ ամիս անց գերեվարված շիրակցի պահեստազորայիններն են, պատերազմի վերջին օրը Շուշիից գերեվարված Վիգեն Էուլջեքյանը և համատեղ հայտարարությունից բառացիորեն ժամեր առաջ Բաքվում 18 տարվա ազատազրկման դատապարտված պահեստազորային Գագիկ Ոսկանյանը։

Ադրբեջանական լրատվամիջոցները նաև հատուկ շեշտել էին, որ ազատ արձակվողների մեջ չեն Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության ներկայացուցիչները։ Այսօր ՄԱԿ հայաստանյան գրասենյակի մոտ Հայաստանի և Արցախի մի շարք ՀԿ-ներ ակցիա են իրականացրել ու ՄԱԿ գլխավոր քարտուղարին նամակ փոխանցել։ Նամակում նրանք պահանջում են համապատասխան ջանքեր գործադրել Ադրբեջանում պատանդառված հայերին ազատ արձակելու ուղղությամբ։ Վիկտորյա Սարգսյանի ռեպորտաժը։

«Ադրբեջանի ղեկավարությունը, անտեսելով միջազգային մարդասիրական իրավունքի նորմերը, անօրեն ու անհիմն կալանավորեց ու գերեվարեց Արցախի նախկին և գործող մի խումբ քաղաքական և ռազմական գործիչների։ Հաշվի առնելով այս իրավիճակը և ի պաշտպանություն իրենց հայրենիքը վերադառնալու Արցախի ժողովրդի իրավունքի՝ մենք հորդորում և պահանջում ենք տեսանելի և արդյունավետ ջանքեր գործադրել Ադրբեջանում պատանդառված հայազգի բոլոր անձանց գերությունից ազատելու նպատակով»։

Սա ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի մոտ հավաքված 38 ՀԿ-ների պահանջներից մեկն է՝ ուղված կազմակերպության գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշին։ Նրանք պահանջում են նաև օբյեկտիվ գնահատական տալ Ադրբեջանի ցեղասպան գործողություններին, դիտարկել արցախցիների վերադարձի իրավունքն իրենց հայրենիք, ձևավորել բանակցային նոր հարթակ և հնարավորություն տալ Արցախի ժողովրդին տեր կանգնելու իր ինքնորոշման իրավունքի պաշտպանությանը։

Հայաստանի մարդու իրավունքների նախկին պաշտպան Լարիսա Ալավերդյանի խոսքով՝ գրասենյակի ներկայացուցիչները չընդունեցին ակցիայի մասնակիցներին ու միայն վերցրեցին Գուտերեշին ուղված նամակը։ Լարիսա Ալավերդյանը սա անհարգալից վերաբերմունք է համարում հենց կառույցի հանդեպ։

«Ասեցին՝ իբր կեսը ժողովում է, կեսը՝ զբաղված։ Պետք նշեմ, որ առաջին ներկայացուցչությունը, որը Ռոբերտ Ռոբինսոնն էր ղեկավարում, այդպիսի վերաբերմունք չէր ցուցաբերում։ Այն ժամանակներին՝ 92 թվականներին հարյուրավոր փախստականներ գալիս էին այստեղ և միշտ հարգալից վերաբերմունք էին ստանում։ Այսօրվա դեպքը ես չեմ համարում անհարգալից վերաբերմունք մեր հանդեպ։ Ես գտնում եմ, որ սա անհարգալից վերաբերմունք է հենց ՄԱԿ-ի հանդեպ»։

Հայաստանի հանրապետության վարչապետի աշխատակազմի և Ադրբեջանի նախագահի վարչակազմի համատեղ հայտարարությունից 3 օր անց գերիների փոխանակում դեռ տեղի չի ունեցել։ Ըստ հայտարարության՝ Հայաստանը պետք է ազատ արձակի 2 ադրբեջանցու, Ադրբեջանը՝ 32 հայ զինծառայողի։ Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը քաղաքական խոչընդոտների կամ պայմանավորվածությունների չեղարկման նշաններ չի տեսնում։ Քաղաքագետը ենթադրում է, որ ուշացումը պայմանավորված է տեխնիկական խնդիրներով։

«Նախ՝ վստահ եմ, որ նման հայտարարություն արվել է բոլոր դետալները ճշտելուց հետո։ Երկրորդը՝ արդեն չափազանց մեծ է միջազգային աղմուկը և դժվար է պատկերացնել, որ նման կոնսոլիդացված միջազգային արձագանքից հետո կողմերից մեկը կգնա պայմանավորվածությունների չեղարկման։ Սա էլ եմ քիչ հավանական համարում, որովհետև այդ կողմն անմիջապես հայտնվելու է միջազգային կառույցների քննադատության թիրախում»։

Սուրենյանցի խոսքով՝ հարաբերությունների կարգավորման մասին հայտարարություններով վերջին օրերին ակտիվ են եղել նաև Հայաստանի և Ադրբեջանի պաշտոնյանները։

«Երկու իշխանություններն էլ անցած օրերին տարբեր մակարդակներով խոսել են արդեն խաղաղության պայմանագրի շուտափույթ կնքման հնարավորությունների մասին։ Հայաստանում այդ մասին խոսել է ԱԽ քարտուղարը, Ադրբեջանում՝ Միլի Մեջլիսի նախագահը։ Այսինքն՝ ես չեմ տեսնում, որ կողմերից որևէ մեկի մոտ աշխատակազմերի համատեղ հայտարարությունը չեղարկելու մտադրություն կա»։

Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոնի նախագահ Սիրանույշ Սահակյանն էլ «Ռադիոլուրի» հետ զրույցում նշեց, որ գերիների վերադարձի կոնկրետ օր նշանակված չէ։ Որևէ խնդիր այս հարցում նույնպես չկա։ Իրավապաշտպանի կարծիքով՝ գործընթացը ավարտին կհասցվի առաջիկա օրերին։

Back to top button