ԿարևորՌեպորտաժներՎերլուծական

Ինչո՞ւ է Ալիևը գնում արտահերթ ընտրությունների

Ադրբեջանի նախագահը որոշել է 2024 թվականի փետրվարին արտահերթ ընտրություններ անցկացնել: Հերթական ընտրություններն Ադրբեջանում սպասվում էին 2025 թվականին: Ինչո՞ւ է Ալիևը մեկ տարով ընտրություններն առաջ բերում, ի՞նչ խնդիր է փորձում լուծել, ներքի՞ն, թե՞ արտաքին պատճառներն են որոշման հիմքում։  Փորձագետներն առայժմ հարցերին միանշանակ պատասխաններ չունեն:

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը արդեն երկրորդ անգամ արտահերթ ընտրությունների է գնում։ Առաջին անգամ նա այդ քայլին էր դիմել 2018 թ.-ին։ Փորձագետները համակարծիք են այն հարցում, որ արտահերթ ընտրությունների Ալիևը գնում է առնվազն որոշակի սցենարային նմանություններով՝ այս անգամ էլ մեկ տարով «առաջ»  բերելով նախագահի ընտրությունը։ Թե կոնկրետ ի՞նչ մղումներ են Ալիևի այդ որոշման հիմքում,  փորձագետները դժվարանում են միանշանակ գնահատական տալ։

Քաղաքագետ Էդգար Վարդանյան. «Դժվար է որևէ մեկնաբանություն տալ, որովհետև որոշումն անսպասելի էր շատերի համար։ Պետք է դեռ վերլուծել, հասկանալ, դրանից հետո ինչ հայտարարություններ կլինեն և ինչ գործընթացներ կսկսվեն։ Բայց կարող ենք ենթադրել, որ սա կապված էր վերջին իրադարձությունների, վերջին զարգացումների հետ։ Այսինքն, եթե չլինեին այն գործընթացները, որոնք տեղի են ունենում վերջին շրջանում՝ կապված բանակցային գործընթացի հետ, կապված, ընդհանուր առմամբ, աշխարհաքաղաքական իրավիճակի հետ, վերադասավորումների հետ, հավանաբար նաև պահանջ չէր լինի մեկ տարի շուտ իրականացնել այդ ընտրությունները»։   

Փորձագետները և արտաքին, և ներքին պատճառներ են նշում։ Չեն բացառում, որ արտահերթ նախագահական ընտրությունների պատճառներն անմիջական առնչություն ունեն Հայաստանի հետ, թեև հակառակի հնարավորությունը նույնպես տեսնում են։  

ԱԺ արտաքին հարաբերությունների հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանն Ալիևի որոշումն անսպասելի է որակում։

«Ես հույս ունեմ, որ այդ գործընթացը չի լինի հերթական պատրվակը ադրբեջանական կողմի համար՝ բանակցություններին չմասնակցելու։ Թե ինչ ներքաղաքական պատճառներ ունի այս՝ չեմ կարող պատասխանել, ինձ համար էլ էր դա անսպասելի լուր»։

Ալիևը փորձում է ներքաղաքական հարցե՞ր լուծել, թե՞ Խաղաղության պայմանագրի ստորագրումը ձգձգելու նպատակ է հետապնդում. Խանդանյանի ձևակերպմամբ՝ երկու պատճառաբանություններն էլ կարող են լեգիտիմ լինել, բայց պետք է փոքր–ինչ սպասել՝ հասկանալու համար, թե որն է իրական  պատճառը։  

Փորձագետներն էլ կարծում են, որ արտահերթ ընտրության գնալու Ալիևի հնարավոր մղումները տարբեր դիտանկյուններից եւ սցենարային տարբեր մոդելներով ուսումնասիրելն ու հասկանալը կարևոր է Հայաստանի համար։

Ռազմաքաղաքական հարցերով փորձագետ Արմինե Մարգարյան. «Ադրբեջանի կողմից այս քայլը, կարծում եմ, մատնանշում է, որ նրանք քաջ գիտակցում են, որ այլևս այն թեզերը, որոնցով նրանք հանդես են եկել միջազգային հանրության մոտ և հաջողել են, դրանք այլևս չեն գործում։ Այսինքն, նրանք հասկանում են, որ նոր փաթեթավորման կարիք ունեն և սա նաև կարող են համեմել ներքաղաքական որոշակի գործընթացների հետ»։

Լիբանանում հրատարակվող «Ազդակ» օրաթերթի գլխավոր խմբագիր, քաղաքագետ Շահեն Գանդահարյանը պատահական չի համարում, որ Ալիևի որոշումը հաջորդում է ԱՄՆ փոխպետքարտուղարի տեղակալ Օ Բրայանի հետ հանդիպմանը։

«Երկու ուղղություն այստեղ, կարծում եմ, առկա է։ Նախ՝ հավաքական Արևմուտքի ճնշումները ներգրավվածության ակտիվացումը տարածաշրջանում՝ Հարավային Կովկասում։ Նաև՝ Բաքվի վրա գործադրվող ճշումները, ինչն այս պահի դրույթմաբ այսօրվա վարչակարգի շահերից չի բխում։ Եվ երկրորդը շատ ամփոփ բանաձևելով՝ Ադրբեջանի ներհասարակական ընդհանուր իրավիճակը, մթնոլորտը, խճանկարը և չի բացառվում, որ նաև այնտեղ խմորումներն ավելի մեծանան՝ ալիքի բարձրացման առումով»։

Այս երկու գլխավոր հանգամանքներն են, ըստ Գանդահարյանի, Ալիևի համար կարևորվել արտահարթ նախագահական ընտրությունների որոշում կայացնելու համար։ Նա նկատում է, որ նշանակված ժամկետը բավականին կարճ է, իսկ դա վկայում է ինչ-որ շտապողականության մասին։

«Այդ շտապողականությունն ինչպե՞ս կարող ենք ընկալել՝  և՛ արտաքին ճնշումները, և՛ ներհասարակական ոչ հանգիստ մթնոլորտը, ինչը նշանակում է, որ հակաալիևյան տրամադրությունների ալիքը կարող է բարձրանալ կտրուկ»։ 

Քաղաքագետ Էդգար Վարդանյանը նույնպես կարծում է, որ Ալիևն արտահերթ ընտրությունների է գնում՝ արտաքին և ներքին պատճառներով։ Նրա խոսքով՝ Բաքուն ցավագին է տանում Արևմուտքի ճնշումները։

«Ալիևի վարչախումբը փորձում է նաև ներքին, այսպես ասենք, խնդիրներ լուծել՝ այն առումով, որ ցույց է տալիս, թե տեսեք՝ ինքը անկախ է, չի ենթարկվում որևէ մեկի ճնշումներին ու որևէ մեկի խաղը չի խաղում»։

Ըստ Վարդանյանի՝ քայլը  կարելի է դիտարկել նաև որպես Ռուսաստանին հաճոյանալու փորձ։


Back to top button